ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ԼՂՀ պաշտպանության բանակը մի քանի հաղորդագրություն տարածեց սահմանին տիրող իրավիճակի մասին: Ինչպես հայտնի է` Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են զորավարժություններ, որոնց ընթացքում հակառակորդը սադրիչ գործողությունների է դիմել` արկակոծության ենթարկելով անգամ որոշ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Այսպես՝ ԼՂՀ ՊԲ-ի հաղորդմամբ` երեկ՝ ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծել է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվել Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Այս գործողությունները շարունակվել են մինչեւ 15:30-ը: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ: Բացի ականանետային հարվածներից՝ շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Ապա իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել:
Արդյոք սա հենց այն ակտիվությունն է, որի մասին դեռեւս նոյեմբերի 6-ին կանխատեսում էր «Պահեստազորի սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ավետիսյանը` կոչ անելով կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Գործողություններ չեն, այլ խախտումներ են, պարզապես կրակում են: Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ շատ ավելի քիչ են քանակական առումով խախտումները, քան եղել են երկու-երեք տարի առաջ: Թշնամին մեծ կորուստներ է կրել ապրիլյան պատերազմի ժամանակ, չի կարողացել իր ոչնչացման հանցավոր ծրագիրն իրականացնել, եւ շատ դժվար է լինելու նրան ապաքինվել»:
Հ.Գ. Երեկ` երեկոյան կողմ, ՀՀ ԱԳՆ դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին եւ ողջ միջազգային հանրությանը՝ կոչ անելով խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը եւ գործուն միջոցներ ձեռնարկել՝ լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար։

 

 
Նոյեմբերի 10-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում կնշանակվի «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանը: Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը կայացրեց որոշումը: Կարեն Կարապետյանի հրամանով Իշխան Կարապետյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի «հեռու» քրոջ փեսան է: Ի պատասխան մեր հարցին` ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշեց. «Վարչապետը քույր չունի: Իսկ ազգանունների համընկնումը չի նշանակում, որ նրանք բարեկամներ են»: Հավելենք, որ Իշխան Կարապետյանը մինչեւ 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում քննարկվում են մասնավորապես համաներում հայտարարելու անհրաժեշտության եւ ժամկետների հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նույնաբովանդակ հանդիպում է տեղի ունեցել նաեւ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Վ. Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ բոլոր հարցերը վերջնականապես չեն քննարկվել. խոսակցությանը դեռ կվերադառնան: Հարցին` ի վերջո, համաներում տեղի ունենալո՞ւ է, ՀԽ նախագահը պատասխանեց. «Դա ոչ մեկ չի իմանում: Երբ մոտ լինենք դրան, ես Ձեզ կասեմ»:

 

 
«Հրազդան կենտրոնական մարզադաշտի» ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2015-ի հունիսին սնանկ ճանաչվելուց հետո մարզադաշտը գրավադրվել է «Առեքսիմբանկում»: Սնանկության գործերով կառավարիչ Հայկ Կոշեցյանը մեզ հայտնեց, որ պարտատերերի ցանկը դեռեւս չի հաստատվել, այդուհանդերձ, ընկերությունը առաջիկայում մտադիր է առողջացման ծրագիր ներկայացնել. «Ընկերությունը պահանջում է, որ իրեն սնանկ չճանաչեն՝ խոստանալով, որ կմարի պարտքերը: Իսկ դրա համար պետք է աշխատի, որպեսզի գումար հայթայթի»: Ինչպես հայտնի է` «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ի սնանկացումից հետո դրա սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) եւ նրա կուսակիցների հարաբերությունները լարվել են: Ըստ որոշ տեղեկությունների` Աղաբաբյանը մասնավոր զրույցներում նշում է, որ կուսակցությունն իրեն ձեռք չմեկնեց:

 

 

 
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔՈՎ
Հատկապես վերջին տարիներին նաեւ եվրոպական առաջատար երկրների համար հետզհետե ակնհայտ դարձավ, որ մարդու իրավունքների, ռասսայական եւ կրոնական պատկանելության նկատմամբ հարգանքի եվրոպական ընկալումները սպառնում են վերածվել նույն Եվրոպայի ուծացման եւ վերջնարդյունքում՝ ոչնչացման պատճառի: Առաջինը այդ վտանգը ընկալեց Շվեյցարիան, որը հրաժարվեց թույլ տալ երկրում հսկայական մզկիթի կառուցումը: Դա առաջացրեց մուսուլմանների համընդհանուր զայրույթը, որը, սակայն, հետ չպահեց պաշտոնական Բեռնին: Ցավոք, հաջորդող ժամանակահատվածում ԵՄ երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, նույնքան կտրուկ չեղան իրենց դիրքորոշումներում, ինչը նույն Ֆրանսիայի կամ Ավստրիայի վրա բավականին թանկ նստեց: Եվ հիմա, հատկապես միգրացիոն ճգնաժամի ֆոնին, եվրոպական երկրները կարծես թե անվերապահ հասկանում են, որ հանդուրժողականության իրենց մոտեցումները պետք է վերանայել, կամ էլ համարժեք վերաբերմունք պարտադրել հակառակ կողմին:
Այս առումով վերջերս բավականին ուշագրավ դեպք է արձանագրվել Իտալիայում, որտեղ ալբանական ծագմամբ 40-ամյա կինը դատապարտվել է 30 հազար եվրոյի չափով տուգանքի` հասարակական վայրում նիկաբը հանել հրաժարվելու համար: Քաղաքային խորհրդի բաց նիստի ժամանակ 2000 թվականից այնտեղ բնակվող եւ վերջերս Իտալիայի քաղաքացիություն ստացած կինը չի ցանկացել հանել ավանդական մուսուլմանական գլխաշորը, որը բաց է թողնում միայն աչքերը, չնայած քաղաքապետի պահանջին: Կինը դուրս է բերվել սրահից եւ մեղադրվել հասարակական կարգի խախտման համար:
Այս միջադեպը ուշագրավ է նրանով, որ հասարակական վայրում գլուխը եւ դեմքը ծածկելու արգելանք սահմանող օրենքը Իտալիայում ընդունվել է ավելի քան 40 տարի առաջ հանցավորության դեմ պայքարի նպատակով, սակայն այն մինչ օրս համընդհանուր կիրառում չի ունեցել: Հռոմի կամ Միլանի փողոցներում եւ այլ հանրային վայրերում հաճախ կարելի է հանդիպել մուսուլմանական գլխաշորերով կամ նիկաբներով կանանց, եւ այս առումով հետաքրքիր է, թե Պորդենոն քաղաքի դատավորի նշված որոշումը ինչպիսի ազդեցություն կունենա. արդյո՞ք այն կլինի բացառություն, որը լոկ հաստատում է կանոնը, թե՞ դա կլինի նախադեպ երկրում գերհանդուրժողական մոտեցումների վերանայման առումով:
Իհարկե, կլինեն բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք կպնդեն, որ եվրոպական արժեքները հենց դրանով են արժեքավոր, որ առաջադեմ եւ քրիստոնեական լինելով՝ ուղղակիորեն չեն պարտադրում սիմետրիկ ընկալումներ եւ նորմալ են ընդունում այն, որ, օրինակ, Իրանում իտալուհին կամ ֆրանսուհին պարտավոր է գլխաշոր կրել, հակառակ դեպքում կպատժվի: Սակայն ժամանակներն ու մարտահրավերները աղետալի արագությամբ փոխվում են, եւ, օրինակ, ԱՄՆ-ում կարծես թե դա հասկացել են՝ նախագահ ընտրելով Թրամփի նման գործչին:




Լրահոս