«Առաքելություն» կուսակցությունը 10 քայլ է առաջարկում` տնտեսությունը փրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսության վիճակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: «Առաքելություն» կուսակցությունը փաստում է, որ նոր կառավարության քայլերը կարճաժամկետ հատվածում չեն կարողանում կարգավորել տնտեսության խնդիրները, դեռ մի բան էլ առկա են որոշ ցուցանիշների կտրուկ վատթարացում: Մասնավորապես, 2016թ. հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 7,8 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ 18,7 տոկոսով: Հատկանշական է, որ այս տարի նման ցուցանիշ չէր արձանագրվել:

Կառավարության ծրագիրը, 2017թ. պետական բյուջեի նախագծում ամրագրված ցուցանիշները ամրապնդում են ակնհայտ բացասական սպասումները: Նման քայլերով ավելի խորանալու է տնտեսության օրնօրի վատթարացող վիճակը, ինչը որոշ ժամանակ անց կարող է բերել լուրջ կորուստների:

«Առաքելություն» կուսակցությունը, առաջարկում է մինչև տարեվերջ իրականացնել հետևյալ քայլերը, որոնք հնարավորություն կտան էապես կարգավորել տնտեսության առկա խնդիրները, ավելացնել բյուջեի մուտքերը, նպաստել ներդրումների աճին, ձևավորել վստահության մթնոլորտ`

Ապօրինի հարստացման քրեականացվող հոդվածին տալ «հետադարձ ուժ» հետևյալ սկզբունքով` նախկին ժամանահատվածներում օրինական եկամուտները գերազանցող գույքի ավելացման և (կամ) պարտավորությունների նվազման վրա տարեկան վճարի կիրառում` չհիմնավորված չափի 15 տոկոսի չափով,
Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ հանդիսանալու արգելում,
ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) արգելում,
Արտաբյուջետային հաշիվների, բյուջեներին կից «հիմնադրամների» գործունեության արգելում` ՀՀ քաղաքացիների և տնտեսվորող սուբյեկտների բոլոր տեսակների վճարների մուտքագրում բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջե,
Փոքր բիզնեսի համար հարկային համաներման կիրառում` նախկինում չվճարված հարկային պարտավորությունների մասով,
Հարկային վարչարարության տուգանքների բարձրացում, որը էականորեն պետք է գերազանցի հարկերից խուսափելու արդյունքում չմուծված հարկերի չափը,
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից կապիտալի արտահոսքի պրոգրեսիվ հարկի ներդրում,
Ֆիզիկական անձանց սպառողական, հիպոթեքային և գյուղատնտեսական վարկերի որոշ մասի համաներում` ժամկետանց վարկեր ունեցող վարկառուների համար` կառավարության կողմից ձեռք բերելով բանկերի ժամկետանց ակտիվները,
Ֆիզիկական անձանց սպառողական, հիպոթեքային և գյուղատնտեսական վարկային պարտավորությունների որոշ մասի ներման դեպքում բանկերին հարկային պարտավորություններից ազատում,
Ռուսաստանի հետ առևտրային գործունեության ծավալով ընկերություններին վարկավորելու նպատակով ռուսական ռուբլով ֆոնդի տրամադրում առևտրային բանկերին:
Կուսակցությունը պատրաստ է նշված քայլերի վերաբերյալ ներկայացնել մանրամասն առաջարկներ, այդ թվում օրենսդրական լուծումներ:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
22.11.2016թ.




Լրահոս