Արայիկ Հարությունյանն ընդունել է Հրաչյա Ռոստոմյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 25–ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Վարչապետը ողջունել է նորանշանակ նախարարի այցն Արցախ և, շնորհավորելով նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ իր գործունեության մեջ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սպորտի նկատմամբ վերաբերմունքն Արցախում յուրահատուկ բնույթ է կրում, քանի որ, բացի առողջ ապրելակերպի խթանումից, Արցախի համար այն նաև կարևոր միջոց է աշխարհին ներկայանալու: Ա. Հարությունյանը նշել է, որ թեև հանրապետությունը զգալի ձեռքբերումներ ունի սպորտի բնագավառում, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան, և նոր մարզիկների հայտնաբերման առումով Արցախում չբացահայտված ներուժը մեծ է:

«Լինելով փոքր հանրապետություն՝ տարբեր մարզաձևերից ունենք աշխարհի ու եվրոպայի չեմպիոններ և առաջնակարգ մրցանակային տեղեր գրաված բազմաթիվ մարզիկներ: Նրանց գերազանց ելույթները ոչ միայն բարձր են պահում հայկական սպորտի պատիվը, այլև միջազգային հանրության շրջանում ավելի ճանաչելի են դարձնում Արցախը»,- ասել է վարչապետը և հավելել, որ Արցախում հատկապես օլիմպիական մարզաձևերի մարզիչների լուրջ խնդիր կա, և նախարարի ուշադրությունն է հրավիրել՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև երիտասարդության խնդիրներին և առաջարկել Հ. Ռոստոմյանին այդ բնագավառում ևս ակտիվորեն համագործակցել:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ոլորտում ունեցած իր երկարատև աշխատանքային փորձը հնարավորություն է ընձեռել լավ ծանոթ լինել Արցախի սպորտի և երիտասարդության բնագավառների հիմնախնդիրներին: Նա հավաստիացրել է, որ քննարկված հարցերի շուրջ առաջիկայում գործնական քայլեր կլինեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս