Երաժիշտ Վահան Արծրունին դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ Գրիգոր անունով մեկը նրան հարցեր է տվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու, ապրելու միջոցների, ընտանիքի մասին: Հավելենք, որ նրա ֆեյսբուքյան էջը նույնպես արգելափակվել էր:
Armlur.am-ն այս և այլ մտահոգությունների շուրջ զրուցեց երգահան Վահան Արծրունու հետ:
«Ես չեմ հասկանում` ինչ գործընթացի մեջ եմ, ինչ դերակատարություն ունեմ: Ես չեմ հասկանում իմ կարգավիճակը, երբ ինձ հրավիրում են առանց ծանուցագրի Ազգային անվտանգության կոմիտե և առանց արձանագրության, որևէ թուղթ ստորագրելու այնտեղից դուրս եմ գալիս: Չեմ հասկանում նաև քաղաքական ուղղվածություն ունեցող հարցերի բնույթը՝ ինչ է իր մեջ իրականում քողարկում: Սա քաղաքական ճնշման տեսա՞կ է, ի՞նչ է քողարկված սպառնալիքի տեսակ և այդ ութ հարցերի մտահոգությունը ստիպեց ինձ երեկ երեկոյան դիմում գրել Օմբուդսմենին, որպեսզի ես իրավաբանական պարզաբանում ստանամ, թե ինչ գործընթացի մեջ եմ հայտնվել»:
Վահան Արծրունուց ArmLur.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք նա որևէ կապ ունի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ և այդ օրերին Խորենացի փողոցում եղե՞լ է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցադրմանը նա նշեց. « Ազգային հերոս Սէֆիլյանի ծննդյան համերգին եմ եղել, որն արտոնված համերգ է եղել թատերական հրապարակում: Ամբողջ համերգի տեսագրությունը զետեղված է ինտերնետում: Այսինքն՝ փակ ու գաղտնի բաներ չկան այնտեղ: Դա եղել է համերգ»:
Ըստ մեր զրուցակցի խոսքով՝ հուլիսյան թեժ իրադարձություների ժամանակ նա Խորենացի փողոցում չի եղել:
Ի զարմանս երգահանի՝ ԱԱԾ-ում հնչած հարցերից մեկն ուղղված է եղել նրա եկամուտներին. «Ես ինչպե՞ս եմ ապրում այս երկրում, եթե երաժիշտ եմ: Վերջին հարցը վերաբերվում է իմ ընտանիքին: Ովքե՞ր են ապրում իմ ընտանիքում, որտե՞ղ եմ ես բնակվում, դա ևս մի անհանգստացնող հարց է, որովհետև ես նման հարցադրման մեջ տեսնում եմ քողարկված սպառնալիք: Վերջում զրույցը ավարտվեց, նրանով, որ դու երկու փոքրիկ երեխա ունես, հաջողություն, մինչ նոր հանդիպում: Դա սկսում է ինձ, որպես քաղաքացու խիստ մտահոգել»:
Վահան Արծրունին եզրափակելով իր խոսքը հավելեց, որ ինչպես օրենքն է պահանջում` սպասելու է Մարդու իրավունքերի պաշտպանի պատասխանին:
Լիդա Եղիազարյան