Հարբեցող մորը զրկել են մայրական իրավունքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը օրեր առաջ Վանաձորի մանկատուն է տեղափոխել Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւայի երեք մանկահասակ երեխաներին: Ինքը՝ Պիսարեւան, դատարանի որոշմամբ երկու անգամ զրկված է եղել ծնողական իրավունքից՝ հարբեցող լինելու, երեխաների խնամքով չզբաղվելու ու փոքրիկներին հարկադրաբար մուրացկանության դրդելու հիմքով:

Դեռ նախորդ տարվա կեսերին ոստիկանությունը պարբերաբար հայտնաբերում էր Պիսարեւայի երեխաներին Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում մուրացկանությամբ զբաղվելիս: Իրականացված աշխատանքներից հետո պարզվում էր, որ երեխաներին նման քայլի հարկադրաբար դրդում է մայրը՝ Տ. Պիսարեւան: 2015թ. կայացված առաջին դատական վճռով Տ. Պիսարեւան մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Պիսարեւայի նկատմամբ սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, փորձեց հնարավոր լուծումներ տալ երեխաների խնամքի եւ դաստիարակության խնդրին: Հանձնաժողովը մի քանի անգամ կազմակերպելով տնայցեր՝ բացահայտեց, որ երեխաները ապրում են ծայրահեղ հակասանիտարական, հակահիգիենիկ պայմաններում, տան բարոյահոգեբանական մթնոլորտը անբարենպաստ է: Իսկ ինքը՝ մայրը, հաճախակի լինում էր ոչ սթափ վիճակում, ինչը հիմք հանդիսացավ համայնքին երկրորդ անգամ դիմելու դատարան այս անգամ արդեն Պիսարեւային վերջնականապես մայրկան իրավունքներից զրկելու պահանջով: Ասել է թե՝ Պիսարեւան սահմանված մեկ տարի փորձաշրջանը չօգտագործեց հօգուտ իրեն: Երկրորդ դատական հայցը եւս բավարարվեց, եւ Պիսարեւան վերջնականապես զրկվեց մայրական իրավունքներից:

Դատարանի վճռի մեջ որոշիչ դեր են խաղացել դեռ նախորդ տարիներին ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ստացված գրությունները, համաձայն որոնց՝ մանկահասակ երեխաները պարբերաբար հայտնաբերվել են մուրացկանություն անելիս, իսկ մայրը՝ հարբած վիճակում: Հաստատվել էր նաեւ այն հանգամանքը, որ երեխաներին հարկադրաբար մուրացկանության է դրդել մայրը:
Ինքը՝ Պիսարեւան, չնայած պատշաճ ծանուցված էր եղել դատական նիստերի վայրի եւ ժամի մասին, սակայն այդպես էլ չէր ներկայացել:

Նշենք, որ այս դատական վճիռը կայացվել էր դեռեւս ամիսներ առաջ: Եվ չնայած այս հանգամանքին՝ ամիսներ շարունակ երեխաները գտնվել են ծնողական իրավունքներից զրկված Պիսարեւայի մոտ: Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը ոստիկանության հետ համատեղ պարբերաբար փորձել է երեխաներին վերցնել մորից ու տեղափոխել մանկատուն, սակայն ինքը՝ Պիսարեւան, սպառնացել է, որ կվնասի ոչ միայն իրեն, այլ նաեւ երեխաներին: Եվ ահա մեկ շաբաթ առաջ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամները կատարելով տնայց՝ Պիսարեւային հայտնաբերել են անխնամ ու առողջական խնդիրներով: Երեխաները տեղափոխվել են մանկատուն, իսկ Պիսարեւան՝ Վանաձորի բժշկական կենտրոն:

Արդյոք երեք մանկահասակ երեխաների համար մանկատանն ավելի լավ կլինի, դժվար է միանշանակ ասել: Ամեն դեպքում, նրանք այլեւս չեն օգտագործվի որպես եկամտի աղբյուր սեփական մոր կողմից ու ստիպված չեն լինի օրուգիշեր թափառել փողոցներում՝ փող մուրալու եւ հարբեցող մայրիկի համար խմիչքի միջոց հայթայթելու համար:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս