Ինչու են ուշացնում Ա. Խոջոյանի դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական փորձաքննությունների եզրակացությունները կարեւոր են՝ կատարված դեպքի մասին օբյեկտիվ, ստույգ տեղեկատվություն ստանալու, քրեական արարքը ճիշտ որակելու համար: Սակայն բազմաթիվ քրեական գործերով նշանակված դատական փորձաքննությունների եզրակացություններն ամիսներով ուշանում են՝ ձգձգելով քննությունների ընթացքը: 2016թ. հունիսի 24-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, Վերին Կարմիրաղբյուրում վերաբնակված 17-ամյա Աստղիկ Հանիսյանին, ով Բերդի ԲԿ-ում մահացել էր: Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեջլումյանը հայտնեց, որ դեռեւս չեն ստացվել նշանակված դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունները:

Մինչդեռ նկատենք՝ Ա. Խոջոյանի վերաբերյալ դատական փորձաքննությունները նշանակվել են այս տարվա հուլիսին՝ ավելի քան կես տարի առաջ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատական փորձաքննությունների եզրակացությունների՝ ամիսներով ուշանալը սովորական երեւույթ է: Պատճառը դատական փորձաքննությունների կենտրոնում գործերի կուտակումն է: Վաղուց է խոսվում Վանաձոր քաղաքում նման 2-րդ կենտրոն ստեղծելու անհրաժեշտության մասին: Դատական փորձաքննությունների այդ կենտրոնը կսպասարկեր ՀՀ-ի հյուսիսային շրջանները: Առայժմ, սակայն, այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս