Դատավոր Աիդա Դավթյանը կարգապահական պատասխանատվության կենթարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը միջնորդության է ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը: Թե ինչու, արդարադատության խորհուրդը չի գաղտնազերծում:
Նշենք, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում. 2) նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով 3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով. 4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ հանրապետության նախագահին դիմելով:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ դատավոր Աիդա Դավթյանը հայտնվում է արդարադատության խորհրդի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ 2012 թվականին խորհուրդը որոշել էր, որ արդարադատություն իրականացնելիս դատավոր Դավթյանը, դուրս գալով օրենքով սահմանված լիազորությունների սահմաններից, թույլ է տվել նյութական եւ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ, ինչի արդյունքում Աիդա Դավթյանին հայտարարել էին նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավոր Աիդա Դավթյանը չցանկացավ խոսել նախարարի միջնորդության մասին՝ նշելով, որ նիստը կայանա, վերջանա, նոր ինքը իր տեսակետը կհայտնի:




Լրահոս