Սերժ Սարգսյանը վերջապես անդրադարձել է այս օրերի ներքաղաքական իրադարձություններին. երեկ նա ելույթ է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում:
Այս օրերի ամենաքննարկվող թեման, բնականաբար, ՀՀԿ-ից կուսակցության առանցքային դեմքերից մեկի` ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն է: Սերժ Սարգսյանն այս թեմային անդրադարձել է բավական ծավալուն՝ սակայն ելույթի ընթացքում առանց հիշատակելու Աբրահամյանի անունը, փոխարենը` նա թափանցիկ ակնարկներ է արել նախկին կուսակից ընկերոջ հասցեին: «Երկրի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցչական մարմնի անդամ լինելը, իմ պատկերացմամբ, ոչ թե ինչ-որ արտոնություն է, այլ ակնկալիքով հանդես գալ է, այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն է»,- ակնարկել է նա: Ս.Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե այս օրերին ՀՀԿ-ից արտահոսք չկա, եւ այդ մասին խոսակցությունները որակել ծիծաղելի, զավեշտական: «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար:
Գիտեք՝ մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու,- արդեն ՀՀԿ-ից հեռացած ու հեռանալ պատրաստվողներին է ակնարկել նա` հավելելով,- նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբեւէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցության օգտին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարեւորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով:
Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում եւ իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ: Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է»:
Այս օրերի մյուս ուշագրավ իրադարձությունն ԱԺ ընտրություններից առաջ դաշինքների ձեւավորումն է, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Եթե դաշինքների ձեւավորումը նա ողջունել է, ապա Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ բացասական է արտահայտվել. «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երեւույթ եմ համարում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը վերանայի այդ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու մասին իր հրամանագիրը: Ինչպես հայտնի է` այդ օրը լրանում է քառօրյա պատերազմի առաջին տարելիցը, եւ օրերս ընդդիմադիր տարբեր կուսակցություններ` ՀԱԿ-ը, «Համախմբումը», ԲՀԿ-ն, անդրադարձել են այդ հանգամանքին` պահանջելով վերանայել այդ օրը խորհրդարանական ընտրություններ նշանակելու որոշումը: «Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ:
Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, եւ դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք: Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձեւակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ,- ասել է նա` հավելելով,- իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին եւ հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը:
Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, եւ ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»,- ասել է Սարգսյանը:
Ի դեպ, ՀՀԿ նիստն ըստ էության այդքանով ավարտվել է. հակառակ սպասումներին՝ ՀՀԿ նիստում այդպես էլ որոշում չի կայացվել` ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը, նախընտրական շտաբը, եւ, ընդհանրապես, ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրելու ռեյտինգային ընտրակարգով:
Հանրապետականները վստահեցնում են` կուսակցության ներսում այդ թեմայով քննարկումները դեռ շարունակվում են, եւ առաջադրումների համար օրենքով նախատեսված ժամկետում` փետրվարի 6-ից 16-ը, իրենք կներկայացնեն կուսակցության համամասնական եւ տարածքային ռեյտինգային ցուցակները: Երեկ անդրադարձ է եղել մի քանի ներկուսակցական կազմակերպչական հարցերի:
Նախորդ տարվա նոյեմբերին կայացած ՀՀԿ համագումարը թեեւ ընտրել էր կուսակցության նախագահ, ԳՄ անդամներ, սակայն փոխնախագահների հարցը մնացել էր բաց: Եւ ահա համագումարից երկու ամիս անց ՀՀԿ-ն նաեւ փոխնախագահներ ունի: Շարմազանովը տեղեկացրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ փոխնախագահներ են ընտրվել նաեւ Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը եւ Արմեն Աշոտյանը: Ի դեպ, ՀՀԿ-ում ձեւավորվել է նոր մարմին` ավագների խորհուրդ, որի ղեկավարն էլ դարձել է Գալուստ Սահակյանը, որպեսզի մաեստրոն անգործ չմնա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ