ՀՀԿ-ով՝ ՀՅԴ ծիրին մեջ. ԱԺ անկուսակցական պատգամավորը կառաջադրվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: «Հանրապետականով ես ռեյտինգայինով առաջադրվելու եմ»: Ուշագրավն այն է, որ Ա. Գրիգորյանը լինելով անկուսակցական՝ մշտապես համարվել է պրոդաշնակցական պատգամավոր: Խորհրդարանական նախորդ ընտրություններում ՀՅԴ-ն սատարում էր Ա. Գրիգորյանին, եւ բացի այդ՝ նրա եղբայրը` Արամայիս Գրիգորյանը, ժամանակին հենց ՀՅԴ քվոտայով զբաղեցրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

Թեեւ նախատեսված էր, որ այս ընտրություններում եւս Գրիգորյանը կառաջադրվի ՀՅԴ ռեյտինգային ցուցակով, բայց օրեր առաջ Բաղրամյան 26-ում փոխել են որոշումը՝ Ա. Գրիգորյանին ընդգրկելով ՀՀԿ ցուցակ: Սա էլ, թերեւս, այն պատճառով, որ ՀՀԿ-ի գործերն Արարատի մարզում, մեղմ ասած, վատ են, ու հիմա նրանք փորձում են «ձայն բերող» թեկնածուներին ՀՀԿ-ում պահել` մեկ քվե անգամ չզիջելով կոալիցիոն գործընկերներ դաշնակներին: Դե, իսկ թեկնածուների քաղաքական սկզբունքների մասին անգամ անիմաստ է խոսել. նրանց համար կարեւորը մանդատն է՝ անգամ արժանապատվության գնով:




Լրահոս