ՀՅԴ-ի` խորհրդարանում հայտնվելու դեպքում մանդատի տեր կդառնա նաեւ Ռուստամյանը. խմբակցության ղեկավարի հետագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ՝ «Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը: Այսօր կանդրադառնանք ԱԺ  ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի  օրենսդրական աշխատանքին: Նկատենք, որ խմբակցությանի ղեկավարը ԱԺ-ում իր կուսակցությունների փաստացի ղեկավարն է, եւ կոնկրետ այս դեպքում կարծես կասկած չկա, որ կհայտնվի նոր ԱԺ-ում:

ՀՅԴ խմբակցությունը ղեկավարում է Արմեն Ռուստամյանը, որը ՀՀ ԱԺ պատգամավոր է 1999 թվականից: Ռուստամյանը ՀՀՇ-ի երդվյալ հակառակորդներից է, որի կամոք մոտ երեք տարի անց է կացրել բանտում` 1998թ. Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով ազատվելով «իրադրության փոփոխության» պատճառաբանությամբ: Նա ՀՅԴ-ի հայաստանյան քաղաքականության մշակողներից է երկար տարիներ եւ նույնիսկ 2008թ. հավակնում էր դառնալ ՀՅԴ-ի թեկնածուն նախագահական ընտրություններում: 2005թ. Արմեն Ռուստամյանը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների շտաբի ղեկավարն էր` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ:

2009-ից ընդդիմադիր ճամբարում հայտնվելուց հետո ինչպիսի փութաջանությամբ Ռուստամյանը քննադատում էր իշխանությունների քաղաքականությունը, նույնպիսի ոգեւորությամբ էլ այսօր սատարում է նրանց: Ռուստամյանն ու իր կուսակցությունը մշտապես հանդես են եկել ընտրությունների գործընթացի կազմակերպման քննադատությամբ, սակայն նաեւ շտապել են պաշտպանել դրանց արդյունքներն ու կոալիցիա կազմել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հետաքրքիր է, որ կոալիցիոն գործընկերության շրջանակներում Արմեն Ռուստամյանը Վահրամ Բաղդասարյանի հետ համահեղինակել է ԱԺ կանոնակարգ-օրենքի վերոնշյալ փոփոխությունները: 5-րդ գումարման ԱԺ-ում նա կողմ է քվեարկել 342 անգամ, դեմ` 66: Ռուստամյանը թերեւս ամենաշատը ձեռնպահ քվեարկած պատգամավորներից է` 236 անգամ: Դրա հետ մեկտեղ նա բացակայել է 278 նիստերից` քվեարկությունից հրաժարվելով 42 անգամ: ՀՅԴ խմբակցության ղեկավարը 10 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, ելույթ ունենալու համար 24 անգամ մոտեցել ԱԺ ամբիոնին: Բնական է, որ ՀՅԴ-ի` խորհրդարանում հայտնվելու դեպքում մանդատի տեր կդառնա նաեւ Ռուստամյանը` շարունակելով անմնացորդ կերպով ծառայել ժողովրդին:

Ն. Հովսեփյան




Լրահոս