Հարց քաղաքացիներից` ո՞ւր են գնում ավտոբուսների վրա փակցված գովազդներից գոյացած գումարները, և ինչի՞ վրա են ծախսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջին շրջանում շատ եմ նկատում ավտոբուսների վրա փակցված գովազդներ: Հետաքրքիր է իմանալ՝ ո՞ւր են գնում այդ գովազդներից գոյացած գումարները, եւ ինչի՞ վրա են ծախսվում դրանք:

Մանուկ Հովսեփյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքում ցանկացած գովազդային կրիչների, այդ թվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գովազդներից գանձվում է տեղական տուրքի վճար (հաշվարկով զբաղեցրած մակերեսից մեկ քառակուսի մետրի համար սահմանված դրույքաչափի) եւ համալրում համայնքային բյուջե:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվում են այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով եւ տեղադրման տեղով չպետք է նման լինեն հատուկ եւ օպերատիվ տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ սխեմաներին, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոններով տրանսպորտային միջոցների վրա տեղադրվելու համար նախատեսված ճանապարհային նշաններին: Գովազդի համար կարող են օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք ունեն լուսանդրադարձնող էֆեկտներ, բացառությամբ ճանապարհային երթեւեկության կանոններով արգելված գույների եւ լուսանդրադարձնող նյութերի, եւ տեղադրվում են տրանսպորտային միջոցի առջեւի մասում՝ կարմիր, իսկ հետեւի մասում՝ սպիտակ գույնի: Նշենք, որ այս պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:




Լրահոս