Ովքեր են «1000 դրամների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված «անվիճարկելի հեղինակություն» ունեցողները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացավ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում շատ անսպասելիորեն հիմնադրամի նախագահ ընտրվեց ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Հստակեցնենք՝ խոսքը աղմկահարույց 1000 դրամների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մասին է, որի հետ կապված անցած տարեվերջին 1000 դրամների վիճահարույց նախագիծը ներկայացրած Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովում հավաստիացնում էր, թե այն բաղկացած է լինելու հանրության մոտ անվիճարկելի հեղինակություն վայելող գործիչներից:

Նախագծի ընդդիմախոսների պնդումներին, թե հանգանակված գումարները կարող են արժանանալ այն նույն ճակատագրին, ինչ որ մինչ այդ մեկ այլ՝ «Մարտիկ» հիմնադրամի դեպքում եղավ, իշխող ՀՀԿ անդամները հակադարձում էին, թե այս անգամ մենք հիմնադրամում տեսնելու ենք համազգային ճանաչում ունեցող եւ իրենց կենսագրությամբ արդեն վստահություն ներշնչող գործիչների: Ի հավելումն սրա՝ Վիգեն Սարգսյանն իր կենսագրությամբ ու անվամբ երաշխավորեց, որ հիմնադրամի գործունեությունը լինելու է թափանցիկ եւ հասցեական:

Եվ ահա օրենսդրական փոփոխությունից շուրջ երեք ամիս անց՝ երեկ, հանրությանը ներկայացան այդ «անվիճարկելի հեղինակություն» ունեցողները, եւ պարզվեց, որ նրանց շարքում ամենահայտնի դեմքը Մարգարիտա Խաչատրյանն է՝ նույն ինքը՝ Մառոզը, ով, հիշեցնենք, ժամանակին ներխուժել էր լրատվամիջոցներից մեկի խմբագրություն եւ փորձել լրագրողներին ծեծել:

Հանրության որոշակի շերտերին քիչ թե շատ ծանոթ հոգաբարձուների խորհրդի հաջորդ անդամը գեներալ Մանվելի օգնականն է՝ հայտնի ընտրակեղծարար Մեսրոպ Մանուկյանը, հուսով ենք՝ արդեն պարզ դարձավ, թե նա հանրության հատկապես որ շերտերի մոտ եւ ինչ հեղինակություն ունի:

 

Ինչ վերաբերում է այս կարեւորագույն նախագծի նկատմամբ հանրության վստահությունը ապահովելուն կոչված խորհրդի մյուս անդամներին, ապա ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, գուցե եւ շատ պարկեշտ պաշտոնյա է, ինչպես եւ հիմնադրամում ներառված ԿԲ անդամները, սակայն նրանց անունները հանրությանը ոչինչ չեն ասում: Եվ հարց է առաջանում՝ ինչու Վիգեն Սարգսյանն իր փայփայած նախագծի կյանքի կոչման հարցում այդքան քիչ է կարեւորում հանրային վստահության գործոնը, թե արդեն օրենքն ընդունվել է, աշխատողներից 1000 դրամները պարտադիր ուժով գանձվում են, եւ այլեւս ձեւականությունների հետեւից ընկնելու «հավես» չկա: Առավել եւս, որ Վիգեն Սարգսյանը այդ մասին մտածելու ժամանակ ու մոտիվացիա էլ չունի. մարդը ՀՀԿ ցուցակի առաջին տեղում է եւ դիտարկվում է որպես վարչապետացու:

Թեեւ չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանն իսկապես փորձել է համոզել, հրավիրել անվիճարկելի հեղինակություն ունեցող գործիչների, սակայն, ի վերջո, մնացել է Մառոզի հույսին:




Լրահոս