«Հաց բերող» Արթուր Սարգսյանը թերապիայի բաժնում է գտնվում. ինչպիսի վիճակում է այժմ նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է պատգամավորների` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու երաշխավորությունը:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», այս պահին  գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

ArmLur.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ նա այս պահին գտնվում է թերապիայի բաժնում:

«Օգնություն է ստանում և համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկվում, որպեսզի հասկանան, թե ինչ տևողությամբ և ինչ բուժում պետք է նշանակել»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ Արթուրը 23 օրվա հացադուլից հետո ամբողջությամբ հյուծվել է. «Այս պահին միակ բանը, որ կարող ենք ասել` նա հուսալի և պատշաճ բժշկական հսկողության տակ է»:

Հիշեցնենք` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին են դիմել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

 




Լրահոս