ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշում եք «Ոսկե հորթը» ֆիլմի դրվագը, երբ Շուրա Բալագանովը Օստապ Բենդերի մոտ դժգոհում էր Պանիկովսկուց. «Մենք՝ լեյտենանտ Շմիդտի 69 զավակներս, ողջ երկիրը բաժանել էինք տեղամասերի, վիճակահանությամբ: Նրան բաժին էր ընկել Մորդովական ԱՍՍՀ-ն, արդարաբար: Իսկ նա արդեն վաղուց սողում էր իմ տեղամասում»: Հիմա ճիշտ այդպիսի վիճակ է իշխող Հանրապետականի ներսում: Ու այդ պայմանավորվածությունների խախտման հետեւանքով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջեւ արդեն առաջին բախումներն են սկսվել: Ինչպես հայտնի է՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին: Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիս քաղաքում: Բայց Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը։ Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին: Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին: Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության: Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի՞, թե կնահանջի՝ ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։
Նշենք նաեւ, որ ՀՀԿ-ականների միջեւ լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում եւս, թեեւ գործը դեռ բռունցքներին չի հասել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Իսկ նպատակը ընտրատարածքներն իրար մեջ բաժանելն ու կրկին սահմաններ գծելն է լինելու, որպեսզի նման բախումներ չլինեն, բանը չհասնի կրակոցներին։ Ս. Սարգսյանը ծրագրել է նաեւ հանդիպել Մուրադյանի ու Գրիգորյանի հետ` փորձելով կանխել նաեւ նրանց մեջ հետագա պատերազմը: Տեսնենք՝ ինչով կավարտվի «գլադիատորական» մարտերի հերթական փուլը։

 

 

 
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմային: «Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի ինչ-որ այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով սխալ է, որովհետեւ ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի, եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռեվանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաեւ այլ հարթություններում»,- ասել է նա` հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին, թե մտադիր է ռուսաստանյան կողմի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկել ստաուստ-քվոն փոխելու եւ, ընդհանրապես, Ադրբեջանի ամբողջականության հարցը: Բաբայանը խոսել է նաեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով. «Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, եւ չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ: Սա հավանական է»,- ասել է նա:

 

 

 
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատրաստվում է ԱԺ առաջիկա ընտրություններում Կոտայքի մարզում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից սատարել հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանին: Հիշեցնենք` Սանամյանը մինչեւ վերջերս աշխատում էր ՊԵԿ-ում` որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, եւ համակարգից դուրս գալու նախօրեին Սերժ Սարգսյանը նրան շնորհեց մաքսային ծառայության գեներալի կոչում: Իսկ Արամ Դանիելյանը Սանամյանին է սատարում, քանի որ նա «անուրանալի ներդրում» ունի իր՝ Հրազդանի քաղաքապետ դառնալու հարցում. հենց Սանամյանին էր վերապահված Դանիելյանի օգտին ընտրակեղծիքներ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու գործը: «Ժողովուրդ»-ի հարցին` Սամվել Սանամյանի՞ համար եք աշխատելու, թե՞ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի, Արամ Դանիելյանն ասել է. «Սամվել Սանամյանին եմ ես աջակցելու: Արամ Հարությունյանին էլ ես շատ հարգում եմ, բայց ես էս տարածքի շտաբի պետն եմ: Ինքը ինձ աջակցել է… իրենք երկուսն էլ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կան… մենք աշխատելու ենք ՀՀԿ-ի համար»:

 

 

 
Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, բայց դրա դեմն առնելն անհնար չէ: Գասպարյանի խոսքերով՝ պետք է քաղաքացիներն էլ հայտարարություն տան ընտրակաշառքի մասին: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՆԳ նախկին նախարար, «Ելք» դաշինքի անդամ Սուրեն Աբրահամյանին հարցրեց, թե արդյո՞ք իրատեսական է, որ ընտրակաշառք վերցնողը գնա ոստիկանություն ու հայտարարություն տա արածի մասին: «Քիչ թե շատ ընտրություններին մասնակցած ցանկացած անձ, հատկապես համայնքային շտաբներում, շատ լավ գիտի, բոլորը գիտեն, թե շենքում ով է փող բաժանում, այն որտեղից է գալիս: Այդ ամենը իշխանական լծակների արդյունքում է կիրառվում։ Այսինքն՝ եթե իշխանությունները չուզենան, միանգամից այդ բաժանման խնդիրը չի լինի: Եթե, Աստված մի արասցե, քաղաքական մի ընդդիմություն ուզենա փող բաժանել, ընդամենը դա կտեւի 15 րոպե, բոլորը կբացահայտվեն: Այնպես որ, այդ երեւույթի դեմ ոչ թե պետք է սպասեն, որ ինչ-որ հայտարարություն լինի, այլ ընդամենը իշխանությունների կողմից բարի կամք է պետք՝ այդ արատավոր երեւույթը արմատախիլ անելու համար»,- ասել է նախկին ոստիկանապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

 

 

 
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂԸ
Բեռլինում ԵՏՄ-ի նկատմամբ գերմանական բիզնեսի վերաբերյալ հարցման շնորհանդեսին մասնակցող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին՝ նշելով, որ այն կարող է շուտով ստորագրվել: Ժամանակին Հայաստանի եվրոպական ինտեգրացման ընդգծված ջատագով, ԵՏՄ-ին անդամակցությունը աննպատակահարմար եւ անարդյունավետ համարող Տիգրան Սարգսյանը, ճակատագրի հեգնանքով, այսօր հանդես է գալիս նույն այդ ԵՏՄ-ի շահերի պաշտպանի դիրքերից: Եվ դրանով պայմանավորված էլ անում է հայտարարություններ, որոնք տարակուսանք են առաջացնում:
Նախ՝ վերստին ընդգծելով, որ Հայաստանը պետք է աշխատի ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ եվրոպական միության հետ, եւ որ այդ երկու ուղղությունները չպետք է հակադրել, Տիգրան Սարգսյանն ասել է. «ԵՄ-ը եւ Հայաստանը ստիպված էին վերստին սկսել ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակը Բրյուսելի կողմից արգելափակվել էր: Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումը ավելի կոշտացավ, այդ պատճառով մենք գործընթացը կրկին մեկնարկեցինք»:
Փաստորեն, ամբողջ երեքուկես տարի Եվրոպական միության հետ բանակցած, տարբեր ատյաններից Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացման անընդունելիության մասին հայտարարած Տիգրան Սարգսյանը քիչ է, թե իր վերադասի հետ մեկ գիշերում փոխեց որոշումը եւ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո ձեռնամուխ եղավ ԵՏՄ-ի բացած հեռանկարների գովքն անելուն, հիմա էլ դեռ մի բան էլ մեղադրում է եվրոպացիներին, որ «կոշտացրել են իրենց դիրքորոշումը եւ արգելափակել» նախորդ համաձայնագրի շուրջ աշխատանքը:
Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ, փաստորեն, եվրոպացիները պետք է ձեւացնեին, որ ամեն ինչ կարգին է, որ ՀՀ իշխանություններն իրենց չեն խաբել, եւ շարունակեին ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքը: Այս հայտարարությունը, բացի եվրոպական կողմի հանդեպ ոչ կոռեկտ լինելուց, նաեւ քաղաքական առումով է անտրամաբանական, քանի որ ակնհայտ է, որ եթե անգամ Եվրամիությունը ձեւացներ, թե ոչինչ չի եղել եւ շարունակեր Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները /ինչը տեխնիկապես անհնար էր/, Ռուսաստանն ամեն դեպքում մի ձեւ կգտներ՝ այդ գործընթացը տորպեդահարելու եւ Հայաստանին եվրոպական ծիրից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ խնդիրն ամենեւին տնտեսական չէր, այլ աշխարհաքաղաքական: Եվ ով-ով, սակայն «Իզվեստիա» թերթում Հայաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ սահմանի բացակայությունը որպես անհաղթահարելի խոչընդոտ ներկայացրած Տիգրան Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչպես Ռուսաստանը կարողացավ մեկ գիշերում այդ խոչընդոտը շրջանցել՝ հասնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը:




Լրահոս