Շրջաններում կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և կառավարության այլ պատասխանատուների մասնակցությամբ:
Վարչապետը հետաքրքրվել է գարնանացան աշխատանքների ընթացքով, մասնավորապես, դաշտերում տիրող իրավիճակի, սերմերի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների համար ներկայացված հայտերի, ինչպես նաև՝ տրակտորների և սարքավորումների բավարար քանակի մասին:
Շրջվարչակազմերի ղեկավարներն առանձին-առանձին զեկուցել են շրջաններում իրականացվող հերկի ու ցանքսի աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ առանձնապես խանգարող հանգամանքներ չկան: Նրանք ներկայացրել են ինչպես գարնանացան մշակաբույսերի, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաների ցանման, դաշտերում հատկապես մկնանման կրծողների դեմ պայքարին ուղղված միջոցառումները:

Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և հորդորել է հետևողական լինել, որպեսզի ժամանակին ու կազմակեպված ձևով շարունակվեն բոլոր միջոցառումները: Ա. Հարությունյանը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին պլանավորել նաև 2017թ.-ի աշնանացան աշխատանքները և տեղերում կանոնակարգել մշակաբույսերի ցանքսի բազմազանությունը և անհրաժեշտ համամասնությունը:
Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջաններում շուտով կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ, որոնք կունենան իրավական կարգավիճակ և կգործեն շրջանային վարչակազմերի ենթակայության տակ: «Տարիներ ի վեր միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ու պահպանման հարցը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, քանի որ համակարգման ու արագ արձագանքման խնդիր կար: Այսօր արդեն որոշում ենք կայացրել յուրաքանչյուր շրջանի համար ստեղծել հնարավորություններ՝ միջհամայնքային ճանապարհների կանոնավոր սպասարկման ու դրանց բարեկարգ վիճակի ապահովման համար»,- ասել է վարչապետը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչակազմերի գործառույթներին առնչվող այլ հարցեր:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս