ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ գիտաշխատողներն իրավունք ունե՞ն գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցություն ստանալ, եթե այո, ապա ո՞ր դեպքում: Եվ խնդրում եմ ասեք՝ ե՞րբ պետք է դիմել՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Սուսաննա Մելքոնյան (59 տարեկան, դասախոս)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գիտաշխատողներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում՝ գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:
Նշենք, որ կազմակերպության ղեկավարը, գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան գործուղման մեկնելու օրվանից երեսուն օր առաջ, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ հիմնավորելով տվյալ գիտական միջոցառմանը գործուղվողի մասնակցելու անհրաժեշտությունը՝ կից ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի եւ կազմակերպության միջեւ կնքվում է գիտաշխատողներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման հանձնարարության պայմանագիր, համաձայն որի՝ կոմիտեն իրականացնում է կատարված ծախսերի փոխհատուցում:
Կազմակերպության ղեկավարը, գործուղման ավարտից հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտե է ներկայացնում գործուղված գիտաշխատողի հաշվետվությունը: