Չնայած նախընտրական գործընթացներին, իսկ գուցե եւ հենց նախընտրական գործընթացների պատճառով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը բավականին անսպասելիորեն մոտեցավ իր ավարտին:
Եվ եթե Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 27-ին Բրյուսելում արած հայտարարությունը՝ բանակցությունների ավարտի մասին, բավարար չդիտվեց որոշ փորձագետների կողմից, որոնք մատնանշում էին այն փաստը, որ փաստաթղթի ստորագրումը թողնվեց ընտրություններից հետո՝ այդպիսով փոխադարձ կախվածությունների իրավիճակ ստեղծելով, ապա երեկ արդեն Երեւանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը ամրագրեց այս հարցում կողմերի հետեւողականությունը:
Իհարկե, ուշագրավ է, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, սակայն այդպես էլ չի մասնավորեցրել, թե կոնկրետ երբ: Մինչդեռ նկատենք, որ մինչ այս նշվում էր մայիս ամիսը՝ որպես համաձայնագրի թարգմանության եւ ԵՄ անդամ երկրներում համապատասխան ընթացակարգերով անցկացման համար անհրաժեշտ ժամանակահատված: Արդյոք Նալբանդյանի կողմից ստորագրման ժամկետների շուրջ այս զգուշավորությունը պայմանավորված է ինչ-ինչ մտահոգություններով՝ կապված փաստաթղթի ստորագրման հեռանկարրի հետ, դժվար է ասել:
Միեւնույն ժամանակ պետք չէ բացառել նաեւ հակառակ՝ ԵՄ կողմից նման մտահոգությունների առկայությունը, ինչը, փաստորեն, դրսեւորվեց Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դեւինի եւ առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսի այցով Հայաստան՝ ընտրական քարոզարշավի ամենաթեժ փուլում նախաստորագրելու համաձայնագիրը:
Արդյոք սա ապահովագրվելու եւ լրացուցիչ երաշխիք ունենալուն միտված գործողություն էր, թե ընթացակարգով նախատեսված քայլ, դժվար է ասել: Սակայն փաստ է, որ այս այցի եւ փաստաթղթի նախաստորագրման մասին մինչ այս կարծես թե հայկական կողմից չէր խոսվել:
Ամեն դեպքում, աչքի առջեւ ունենալով 2013թ. սեպտեմբերի 3-ի տխուր նախադեպը, կարող ենք ասել, որ որեւէ նմանօրինակ երաշխիք չի կարող բացառել վերջին պահին համաձայնագրի ստորագրման վիժեցումը, եթե լինի նման քաղաքական շանտաժ Մոսկվայի կողմից: Իսկ այն, թե որքանով ՀՀ իշխանությունը ի զորու կլինի հակազդելու այդ շանտաժին, մեծապես կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից եւ դրանց հաջորդող հետընտրական իրավիճակից: