Համաշխարհային պատերազմի նախաշեմին. Մերձավոր Արևելքում իրավիճակն աննախադեպ լարվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական իրավիճակն աննախադեպ լարվել է, եւ, ըստ էության, հայտնվել ենք համաշխարհային երրորդ պատերազմի նախաշեմին: Սիրիական ճգնաժամի այս վեց տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին. ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայի ավիաբազաներից մեկը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե թիրախավորվել է այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանությունը օգտագործել է Իդլիբ նահանգին քիմիական զենքով հարվածելու համար:

ԱՄՆ այս գործողությունները հարուցել են ՌԴ-ի քննադատությունը, քանի որ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն պաշտպանում է Ասադի իշխանությանը: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ քայլը որակել է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ եւ միջազգային օրենքի նորմերի խախտում: Չնայած, նկատենք, որ ըստ ԱՄՆ պենտագոնի խոսնակի՝ իրենք Սիրիայի նկատմամբ ծրագրված հարվածների մասին նախօրոք տեղեկացրել էին ռուսական ուժերին:

Հատկանշական է փաստը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համարվում էր ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ, որին մեղադրում էին ռուսական հատուկ ծառայությունների օժանդակությամբ ընտրվելու մեջ: Այնինչ՝ հիմա Թրամփը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին իր քայլերով փչացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ սրելով լարվածությունը:

Տեղի ունեցածը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաեւ ԼՂ խնդրի վրա. ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Ռուսաստանը զբաղված էր Արցախյան հիմնահարցի լուծմամբ՝ իր ձեռքը վերցնելով նախաձեռնությունը, եւ հիմա ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն առժամանակ շեղում է ՌԴ-ի ուշադրությունն Արցախյան հիմնախնդրից՝ ստիպելով կենտրոնանալ թեժ կետերի վրա:

Իհարկե, սա կրելու է ժամանակավոր բնույթ, եւ անկախ ամեն ինչից՝ ԼՂ խնդրի լուծումը շարունակելու է մնալ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների առաջնահերթությունների շրջանակներում, որպեսզի եւս մեկ թեժ կետ չբացվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս