Ֆերմերները պայքարում են Հայաստան մուտք գործած թուրքական ծագումով լոլիկի դեմ. մի մասի արկղերի վրա եղել է «Karabax» մակնշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի լոլիկի մշակությամբ զբաղվող ֆերմերները պայքարում են Հայաստան մուտք գործած թուրքական ծագումով լոլիկի դեմ: Նշենք, որ ՀՀ ներկրված լոլիկի մի մասի արկղերի վրա եղել է ռուսական տառերով «Karabax» մակնշումը:

Ըստ ՊԵԿ-ի՝ մինչեւ 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում լոլիկ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում լոլիկի եւ այլ գյուղմթերքի մշակությամբ զբաղվող ֆերմերները շուկայում թուրքական պիտակով լոլիկ նկատելիս անմիջապես այդ մասին ահազանգել են ՊԵԿ-ին:

Արդյունքում այժմ ՊԵԿ-ը խիստ վերահսկողություն է իրականացնում գյուղմթերքի ներկրման ցանկացած անօրինական փորձի նկատմամբ: Ի դեպ, սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետեւաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն:

Նախ՝ մամուլում հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի՝ թուրքական ծագում ունեցող լոլիկը, որի արկղերի վրա մակնշված է եղել «Karabax» անվանումը, հայտնվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում: Ապա՝ Ermenihaber.am լրատվական կայքը կապ է հաստատել Թուրքիայի Անթալիա քաղաքում գրանցված «Sahtu Tarim ՆrՖnleri» (Շահթու գյուղմթերքներ) ընկերության տնօրինության հետ:

Պարզվել է, որ տիկին Սեւդա ներկայացած կինը իր ամուսնու հետ նշված ընկերության սեփականատերն է: Բացի այս՝ պարզվել է նաեւ, որ նրա ամուսինը թուրք է, իսկ ինքը՝ ադրբեջանցի: Սեւդան Ermenihaber.am-ին հայտնեց, որ իր ընտանիքին պատկանող կազմակերպությունը թուրքական գյուղմթերք է արտահանում Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա եւ այլ երկրներ:

«Karabax» մակնշումով լոլիկի հետ կապված «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկություն իմանալ Հովտաշատի գյուղապետարանից: Սակայն պարզվեց, որ այնտեղ ոչ ոք տեղյակ չէր նշված մակնշումով, իրենց գյուղում հայտնված, թուրքական ծագում ունեցող լոլիկից:

իսկ ահա Հայաստանի ջերմատնային ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք այս ընթացքում թուրքական ծագումով լոլիկի ներկրման դեմ համապատասխան միջոցներ են ձեռնարկում: «ՊԵԿ-ի ասելով՝ լոլիկ ներկրողները անհատ մարդիկ են, որոնց օրենքով թույլատրվում է 50 կգ լոլիկ ներկրել Հայաստան: Բայց, դե, իհարկե, դրանք Գյուլնազ տատիի պատմություններն են: Իբր թե սահմանամերձ գյուղերի բնակիչներն են լոլիկը բերում, որպեսզի կարողանան դրանով ընտանիք պահեն:

Իսկ մենք տեղեկություններ ունենք, որ այդ մարդիկ մի քանի անգամ են սահմանն անցնում եւ յուրաքանչյուր անգամ 50 կգ լոլիկ հետները բերում»,- պարզաբանեց Գեւորգյանը: Մեր զրուցակցի պնդմամբ՝ ներկրված 50 կգ լոլիկն էլ միեւնույն է՝ տեղական արտադրողների համար խոչընդոտներ է ստեղծում:

«ՊԵԿ-ի կողմից ուժեղացված հսկողությունից հետո մենք ներքին շուկայում ուսումնասիրություններ ենք անցկացրել եւ պարզել, որ թուրքական ծագումով լոլիկ առայժմ չկա: Իսկ այլ տեսակի բանջարաղեն, բնականաբար, ներկրվում է թուրքական տոպրակներով, բրոկոլի՝ նույնպես: Ինչպես ասում են՝ ազգովի աջակցում ենք, որպեսզի թուրքական ծագումով գյուղմթերքը վաճառվի: Իսկ մեր տեղական արտադրանքը՝ ոչ»,- մեծ ափսոսանքով նկատեց ջերմոցատեր Գեւորգյանը:

Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ բոլորովին վերջերս հայկական շուկա Վրաստանից մուտք է գործել վրացական կանաչի՝ սամիթ, կոտեմ, ինչի արդյունքում տուժել եւ վնասներ են կրել մանր գյուղացիական տնտեսությունները:

Վերջիններս չեն կարողացել խելամիտ գնով վաճառել աճեցրած կանաչին, որպեսզի կարողանան փոքր-ինչ գումար կուտակել եւ այդպես մարել կուտակած վարկային պարտավորությունները: Բայց մյուս կողմից նկատենք, որ ներկրված լոլիկի եւ այլ բանջարեղենի դեպքում ներքին շուկայում դրա իրացման գինը կնվազի, ինչի արդյունքում սպառողը հնարավորություն կունենա ցածր գնով ձեռք բերել ե՛ւ տեղական, ե՛ւ ներկրված լոլիկ: Այժմ տեղական արտադրողները առիթից օգտվելով, որ այլ երկրից լոլիկ չի ներկրվում, գինը կտրուկ բարձրացրել են: Նկատենք, որ տեղական լոլիկի 1 կգ-ն այժմ վաճառվում է 1100-1200 դրամով, նախկին՝ 850-900 դրամի փոխարեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս