ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։
«Ազատություն» ռադիոկայանի՝ ապրիլի 2-ի եթերում լուսաբանելով ԱԺ ընտրությունների ընթացքը, ահազանգվել էր՝ Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումների մասին։
Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Ճամբարակի քննչական բաժանում նախապատրաստվել են նյութեր։ Ըստ տեսաձայնագրության՝ մի անձ, գտնվելով քվեախցիկի դիմաց, հետևել է ընտրողի քվեարկությանը։
Նկատի ունենալով, որ ռադիոկայանի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատանիշներ՝ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտե