ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտում անկում է արձանագրվել: Իսկ ահա ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ 95.7 տոկոսով աճել են:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բեռնափոխադրումների ծավալները աճել են 95.7 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է օդային բեռնափոխադրումների ծավալների աճով, որը կազմել է 47.1 տոկոս: Ի դեպ, բեռների արտահանումը եւ ներկրումը օդային ճանապարհով նույնպես աճել է, համապատասխանաբար՝ 58.3 եւ 20 տոկոսներով: ԱՎԾ տվյալներով՝ երկաթուղային ճանապարհով ներհանրապետական բեռնափոխադրումները նույնպես աճել են՝ 25.2 տոկոսով: Փոխարենը 1.6 տոկոսով նվազել են երկաթուղային բեռնափոխադրումները, որից բեռների արտահանումը նվազել է 53.3 տոկոսով, իսկ ներմուծումը, հակառակը, աճել է 16.7 տոկոսով:
Եթե բեռնափոխադրումների ծավալն արտացոլում է ընդհանուր տնտեսության պատկերը, ապա ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապատության ժողովրդագրական վիճակը:
Այսպես՝ Հայաստանում ընդհանուր ուղեւորափոխադրումները այս տարվա հունվար-փետրվարին նվազել են 6.4 տոկոսով: Ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը անցած տարվա համեմատ կտրուկ աճել է՝ 21.7 տոկոսով:
Փոխարենը երկաթուղով ուղեւորափոխադրումներն են նվազել՝ 6.9 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 6.8 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 12.7 տոկոսով: Նկատենք, որ տաքսիների ուղեւորափոխադրումների ծավալները վերջին մի քանի տարիներին շարունակ նվազում են: Իսկ ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը թերեւս մեկն է՝ ուղեւորների նվազումը: Այլ կերպ ասած՝ արտագաղթը չի կարող իրեն զգացնել չտալ: Պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի Հայաստանից մոտ 40-50 հազար մարդ է արտագաղթում: Բնական է, որ նրանց բացակայությունը պետք է ազդի ուղեւորափոխադրումների ծավալների վրա:
Մշտական բնակչության թվաքանակի նվազման արդյունքում անցած տարվա համեմատ 5.4 տոկոսով նվազել է նաեւ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալը: Էլեկտրատրանսպորտ ասելով՝ տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Մետրոյից բացի՝ մի քանի հատ տրոլեյբուս է մնացել Երեւանում, որոնց մեկ-մեկ կարելի է մայրաքաղաքի փողոցներում հանդիպել: Մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների նվազումը նույնպես կարելի է պայմանավորել բնակչության թվաքանակի նվազմամբ: Մինչդեռ անցած տարվա ընթացքում երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը ավելի շատ էին օգտվում մետրոյից: Չէ որ այն եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը:
Հատուկ ուշադրության են արժանի մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալները: Այս դեպքում աճը կազմել է 28.9 տոկոս: Նշենք, որ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ խոսքը միայն ներկրման մասին է եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի՝ գազի: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա առաջին երկու ամիսներին անցած տարվա համեմատ զգալիորեն ավելացել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՔԱՐՈՒՔԱՆԴ ՃԱՄՓԵՔԻՆ
Լոռու մարզկենտրոն Վանաձորի ճանապարհները առավել քան անանցանելի են դարձել: Հայաստանի Հանրապետության 3-րդ քաղաքում չկա մի փողոց, որով հնարավոր լինի նորմալ երթեւեկել. քարուքանդ վիճակին գումարվում են նաեւ հոծ գծերի բացակայությունը եւ ճանապարհային նշանների մաշվածությունը:
Պատկերը նույնն է նաեւ Վանաձորի ներքին, սակայն միջպետական նշանակություն ունեցող ճանապարհների վրա: Տաքսու վարորդ Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ ամեն ամիս ինքը մեքենան նորոգման է տանում ու 100 դոլարից ավել գումար ծախսում միայն պահեստամասերի վրա:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ ճանապարհների փոսային լցման աշխատանքների մրցույթներն արդեն հայտարարված են, ժամկետը լրանում է ապրիլի 10-ին, որից հետո արդեն փաթեթները կբացվեն, ու աշխատանքները կմեկնարկեն: Ասլանյանի խոսքով՝ կառավարությունը Լոռու մարզպետի միջնորդությամբ պատկառելի գումար է հատկացրել Վանաձորին մի քանի փողոցների նորոգման համար: Գումարներ հատկացվել են նաեւ տանիքների նորոգման ու այլ աշխատանքների համար. «Բացի այս ամենը՝ ներկայումս իմ կողմից բանակցություններ են իրականացվում, աշխատում ենք վարկային ծրագրի վրա, որը եթե ստացվի, քաղաքի բոլոր փողոցները կասֆալտապատենք»,-ասում է քաղաքապետը:
Ասլանյանը եւս հաստատում է՝ համայնքի բյուջեից հատկացված 100 մլն դրամ գումարով քաղաքի բոլոր ճանապարհները բարեկարգել անհնարին կլինի, բյուջեում փոփոխություն անել էլ չեն կարող՝ ավագանու նիստ չի գումարվում. «100 մլն դրամով գոնե մի փողոց չենք կարող հիմնանորոգել, էդ գումարը մի մասի փոսալցմանը հազիվ կհերիքի»:
Նկատենք, որ Վանաձորի ճանապարհները, որոնց երկարությունն անցնում է 200կմ-ը, ավելի քան 20 տարի առաջ են հիմնանորոգվել: Վանաձորում վերջին տարիներին կապիտալ նորոգվել է միայն Թումանյան, Զորավար Անդրանիկի, Տիգրան Մեծի եւ Բաղրամյան փողոցների մի մասը, որոնք, սակայն, այսօր կրկին ենթակա են նորոգման:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 

4.3 ՄԱԳՆԻՏՈՒԴՈՎ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Ապրիլի 5-ին ՝ժամը 03:16-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.0710 եւ արեւելյան երկայնության 48.480 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արեւմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ եւ Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

 

 
ՑՈՐԵՆԻ ԴԱՇՏԵՐԸ ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ փաստի առաջ են կանգնել. աշնանացան ցորենի դաշտերը ցրտահարվել են գրեթե ամբողջությամբ: Գյուղացիների փոխանցմամբ՝ ցրտահարությունը եղել է դեռեւս դեկտեմբեր ամսին, երբ առատ ձյան տեղումներ եղան ու սաստիկ ցրտեր. «Հեկտարներով ցորեն ցանեցինք, հիմա սաղ բերքը ցրտահարվել է, ստիպված նորից ցանքս ենք անում»,-մեզ հետ զրույցում հայտնեցին գյուղացիները:
Ցրտահարությունից առավել շատ տուժել են Կողես, Մղարթ, Կարմիր Աղեգի գյուղերի ցանքատարածությունները: Կողեսի գյուղապետ Արայիկ Ներսիսյանի խոսքով՝ իրենց համայնքի դաշտերում բերքի 100 տոկոս ոչնչացվածություն գրանցվել է ցանքատարածությունների շուրջ 30 տոկոսում, իսկ մյուս մասը ոչնչացվել է 40-50 տոկոսով: Գյուղապետի տեղեկացմամբ` ստեղծված իրավիճակի մասին իրենք համապատասխան արձանագրություն են կազմել եւ ուղարկել Լոռու մարզպետարան, որտեղից սակայն հայտնել են, որ փոխհատուցում չի նախատեսվի:
Կարմիր Աղեկի գյուղի բնակիչները մտահոգված հայտնեցին, որ իրենք նորից վարկ են վերցրել, որպեսզի կարողանան գարնանացանն իրականացնել, դրանից զատ` ստիպված են լինելու փակել նաեւ նախորդ սերմացուի վարկն ու պարտքերը:
Նմանօրինակ վիճակ է նաեւ մարզի Վարդաբլուր եւ Յաղդան համայնքներում, այստեղ եւս բերքի մեծ մասը վերջնականապես ոչնչացված է, իսկ փոխհատուցման հույս որեւէ գյուղացի չունի. «Ինչ փոխհատուցման մասին կարա խոսք գնա, էդ երբ են փոխհատուցել, որ հիմա էլ փոխհատուցեն»,-մեզ հետ զրույցում դժգոհեց Յաղդան գյուղի բնակիչ Գրիշա պապը, ում ցանքատարածությունները եւս ցրտահարվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կողես գյուղի բնակիչ պարոն Համբարձումը նշեց, որ իրենք աշնանը սերմացու են գնել, տեխնիկա վարձակալել ու շուրջ 80 հեկտար ցորեն ցանել. «Աշնանը մի աշխարհ փող թափեցինք, դաշտերը ցանքս արինք, որ էսօր նորից դնենք, էսքան բանը նորից անենք: Կռծողները մի կողմից են ավիրում մեր ցանքսերը, անորակ սերմացուն՝ մի կողմից, թանկարժեք տեխնիկան՝ մի կողմից, իսկ արդյունքը չստացված բերքն է»,-հոգոց հանելով՝ նշեց նա:

Է. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է
Երեւանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը: «Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Երեւան քաղաքի ոստիկանությունը հարկ է համարել ուժեղացնել մեր մետրոպոլիտենի հսկողությունը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը ապահովելու նպատակով: Չկա ոչ մի արտառոց բան, հսկողությունը միշտ էլ եղել է, պարզապես ավելի խստացված է»,-նշեց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ ոստիկանները քաղաքավարի ձեւով ստուգում են կասկածելի մարդկանց պայուսակները, ուսումնասիրվում են տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:




Լրահոս