ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՍԱՍ գրուպի ձայնագրությունների և Յուրի Խաչատուրովի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակվեց Յուրի Խաչատուրովը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս մեկ տարի առաջ ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, ինչը, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգվում էր:

Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ:

-Պարո′ն Թորոսյան, երեկ հայտնի դարձավ, որ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս նշանակումը ի՞նչ կտա Հայաստանին:

– Հայաստանի ռոտացիոն հերթն էր, մենք պետք է ստանձնեինք այդ պաշտոնը: Ինչո՞ւ զիջել տեղը, երբ ՀԱՊԿ-ի սահմանադրությամբ այդպես է: Կարծում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավահավասար կողմ Հայաստանն իր գործառույթն ունի, իր նպատակները, ծրագրերը: Հայաստանի անվտանգության խնդիրները, որի հետ էլ կապված մենք անդամակցում ենք ՀԱՊԿ-ին և, բնականաբար, մեր ներկայացուցչի ղեկավարելը և′ պատվախնդրություն է, և′ անհրաժեշտություն, և′ նաև որոշակիորեն ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ծրագրերի առաջմղում և իրագործում:

-Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ձեռնտու չի՞ լինի Ռուսաստանին. ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը, թերեւս, ամենամեծ կախվածություն ունեցողն է Ռուսաստանից:

-Այստեղ մենք խնդիրը պետք է դիտարկենք բազմակողմ հարթության մեջ: Նախ յուրաքանչյուր երկիր, որը մտնում է որևէ միջազգային կառույցի, կազմակերպության մեջ հետապնդում է ուրույն շահեր, և եթե մտնում է որևէ կառույցի մեջ, ուրեմն` կախվածություն ունի դրանից: Այս կազմակերպությունից կախվածություն ունեն և′ Ռուսաստանը, և′ Հայաստանը, և′ Բելառուսը և′ բոլոր անդամ երկրները, հետևաբար խոսել կախվածության մասին ճիշտ չէ, պետք է խոսել ընդհանուր շահերի մասին և առանձին վերցրված շահի մասին:

Մենք իրավունքն ունենք որոշակի ժամանակ ղեկավարելու ՀԱՊԿ-ն և օգտվում ենք այդ իրավունքից: Իսկ թե ում է ձեռնտու, ես չեմ կարող ասել, որովհետև նախևառաջ դա ձեռնտու է մեզ, և հետո ՀԱՊԿ բոլոր անդամներին: Բոլոր անդամները, միավորվելով այդ կառույցի մեջ, նաև առանձին շահերից վերցրած ընդհանրական շահեր են հետապնդում: Պետք է գնահատենք, որ նշանակումը ՀԱՊԿ-ին և Հայաստանին է պետք:

-Պարոն Թորոսյան, երեկ համացանցը ոչ միայն ողողված էր Յուրի Խաչատուրովի նշանակման մասին լուրերով, այլև ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» գրուպում տեղի  ունեցած նախընտրական ժողովի ձայնագրություններով: Դուք ի՞նչ կարող եք ասել սրա մասին: Արդյոք սա կրկին չի՞ ապացուցում, որ ՀՀԿ-ն կեղծիքի է դիմել ձայներ հավաքելու համար:

-Ճիշտն ասած ես լրատվամիջոցներից եմ տեղեկացել, բուն ձայնագրություններին ծանոթ չեմ: Դրա համար կան պատկան մարմիններ, որ զբաղվում են: Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել…

Արփինե Թովմասյան




Լրահոս