«Այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն». սա Սերժ Սարգսյանի որակումն է մոտ մեկ շաբաթ առաջ Դավիթաշեն վարչական շրջանում զանգվածային ծառահատման դեպքով:
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հայտնի զբոսայգիներից մեկում զանգվածային ծառահատումներ են: Այսօր օրվա ընթացքում դրանք շարունակվել են:
Բնակիչների մոտ սա քննադատությունների և խոր վրդովմունքի առիթ է դարձել: Նրանց խոսքով` շատ ծառեր հիմնովին հեռացվել են, իսկ մի քանիսն էլ երբևէ վերականգնվելու հնարավորություն դժվար թե ունենան:
Նշենք, որ այս այգին Ստեփանավանի ամենաայցելվող այգին է, որը սիրվել է նաև զբոսաշրջիկների կողմից: Նրա հարևանությամբ է գտնվում Սոս Սարգսյանի արձանը: Քաղաքային իշխանությունները չեն պարզաբանել, թե որն է ծառահատման պատճառը, ինչ նպատակով է այն իրականացվում: Չհաստատված տեղեկություններ կան, որ այդ տարածքում ինչ-որ շինություն պետք է կառուցվի:
Բնակիչները վստահ են, որ սա քաղաքապետարանի թողտվությամբ է կատարվել, քանի որ այլ կերպ հնարավոր չէր լինի ծառահատումն իրականացնել:
Մնում է սպասել` այս անգամ ինչպես կնութագրեն կատարվածը պետական կառույցներն ու բարձրաստիճան այրերը, և ինչ քայլեր կձեռնարկեն իրավապահ մարմինները:
Թեպետ, Ստեփանավան արդեն «մերկացել է»: