Մինչ քաղաքական ուժերը փորձում են դուրս գալ հետընտրական շոկից, ԱՎԾ-ն հրապարակել է 2016թ. Հայաստանում օտարերկրյա ներդրումների մասին վիճակագրական ոչ այնքան հուսադրող տվյալները:
Միանգամից ասենք` պատկերն առավել քան հիասթափեցնող է. ներդրումների ծավալները շարունակվում են նվազել: Ըստ ԱՎԾ-ի՝ ուղղակի ներդրումների ծավալները 2016թ. ընթացքում կազմել են 62 մլրդ 679.3 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի Հայաստանում իրականացվել է 69 մլրդ 426.8 մլն դրամի ուղղակի ներդրում: Ասել է, թե մեկ տարվա ընթացքում ներդրումները նվազել են 6 մլրդ 747.6 մլն դրամով:
Բայց սա դեռ ամենը չէ. իրավիճակի լրջությունը երեւում է մեկ այլ իրողության ֆոնին. երկրները, որոնք տեւական ժամանակ համարվել են Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, այսօր դուրս են հանում իրենց կապիտալը: Օրինակ` Ռուսաստանը նախորդ տարվա ընթացքում ոչ միայն պակասեցրել է ներդրումները, այլեւ Հայաստանից ռուսական կապիտալի արտահոսքը մեկ տարվա ընթացքում կազմել է 26.2 մլրդ դրամ` մոտ 55 մլն դոլար: Հայաստանից իր կապիտալը դուրս են բերել նաեւ Լիբանանը` 15.7 մլրդ դրամ, Իտալիան` 1.8 մլրդ դրամ, Հոլանդիան` 1.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա ընթացքում ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ, այն էլ բավական կտրուկ: Արգենտինայից արված ներդրումները 2015թ. 12.5 մլրդ դրամի փոխարեն 2016թ. կազմել են 3.5 մլրդ, Շվեյցարիայի ներդրումները` 41 մլրդի փոխարեն 92.9 մլն դրամ, ԱՄՆ ներդրումները 8.2 մլրդից դարձել են 2.1 մլրդ դրամ:
Նախորդ տարվա ընթացքում որոշ երկրներ, այնուամենայնիվ, ավելացրել են իրենց ներդրումները: Միայն թե դրանք գերազանցապես օֆշորային երկրներն են, եւ հիմնական գումարը հոսել է հիմնականում հանքահումքային արդյունաբերության ոլորտ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Կիպրոսից ներդրումներն ավելացել են 39.8 մլրդ դրամով` կազմելով 44.3 մլրդ, Ջերսիից` 10.1 մլրդ դրամի ներդրում է եղել, Մեծ Բրիտանիայից ներդրումներն ավելացել են 67.5 մլրդ դրամով: Եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանի հանքահումքային ոլորտը գտնվում է բարձրաստիճան իշխանավորների եւ նրանց մերձավորների ձեռքում, ապա օֆշորային գոտուց եկած ներդրումները դժվար է որակել օտարերկրյա. պարզապես Սերժ Սարգսյանի մերձավորներն ապօրինի գումարները փորձել են օֆշորային երկրներից ներդրումների անվան տակ օրինականացնել ու գերշահույթներ ստանալ: Այնպես որ, Հայաստանի տնտեսության վիճակն իրոք մտահոգիչ է:
Նկատենք, որ օտարերկրյա ներդրումների ավելացմանը չնպաստեց անգամ նախորդ տարի Հայաստանում կառավարության փոփոխությունն ու վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը: Հիշեցնենք` Կարապետյանը վարչապետ նշանակվեց նախորդ տարվա սեպտեմբերին, եւ իշխանությունները պնդում էին` այդքանից հետո Հայաստան «ներդրումային գետեր կհոսեն»: Սակայն վիճակագրությամբ պարզ է դառնում, որ նրա պաշտոնավարման ամիսներին Հայաստանում եղել է 18.2 մլրդ դրամի ներդրում եւ վերջ:
Այս իրավիճակը, ինքներդ եք հասկանում, խիստ մտահոգիչ է. Հայաստանում տնտեսությանը զարգանալու համար առաջին հերթին պետք է «թարմ արյուն», ասել է, թե պետք են ներդրումներ: Մինչդեռ ներդրումները գնալով միայն նվազում են: Բայց սա էլ ունի իր պատճառները. նախ` քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնահարցը, ու Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմի մեջ, օտարերկրյա ներդրողները կզգուշանան իրենց գումարները բերել Հայաստան: Բացի այդ՝ ներդրումները չեն կարող ավելանալ մի երկրում, որտեղ արդարադատություն չկա, եւ օրենքները չեն գործում, որտեղ տնտեսությունը շարժվում է ոչ թե տնտեսական օրենքներով, այլ իշխանությունների պահի թելադրանքով, եւ, վերջապես, որտեղ տնտեսական ոլորտի օրենսդրությունը փոփոխվում է հաճախակի: Բավական է միայն հիշեցնել, որ 5-րդ գումարման խորհրդարանն իր գործունեության հինգ տարիների ընթացքում հարկային, մաքսային, տուրքերի եւ պետական վճարների մասին օրենսդրությունը փոփոխության է ենթարկել մոտ 200 անգամ:
Հ.Գ. Մինչ այդ մեկ ուշագրավ փաստ. Հայաստանից գումարների արտահոսքը գնալով միայն ավելանում է: Ըստ ԿԲ-ի՝ եթե 2015թ. ՀՀ-ից գումարի արտահոսքը եղել է 760 մլն 992 հազար ԱՄՆ դոլար, ապա 2016թ. այն ավելացել է` դառնալով 816 մլն 982 հազար դոլար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՎԱՐԴԱՆՅԱ՞ՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ
Դեռեւս փետրվարին «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը գլխավորելու է իրենց ցուցակը: Եւ քանի որ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, մինչեւ ապրիլի 9-ը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները, «Ժողովուրդ»-ը Արման Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուժի մեջ է պայմանավորվածությունը: «Այս պահին դեռ աշխատանքային քննարկումներ են գնում, այստեղ խնդիրը ոչ միայն առաջին համարի խնդիրն է, այլ ընդհանուր ռազմավարությունը: Թիմը ինչ ձեւով, ինչ ձեւաչափով եւ ընդհանուր ցուցակի մասով քննարկումներ է տանում, եւ երեւի մոտ օրերս կհրապարակենք, ավելի մանրամասն կասենք ու ավելի բաց եւ ավելի կոնկրետ մամուլի հետ կսկսենք աշխատել»,- ասաց Վարդանյանը, իսկ մեր այն դիտարկմանը՝ արդյոք Զոհրաբյանի հայտարարությունից հետո ինչ-որ բան է փոխվել, որ Վարդանյանը հստակ չկարողացավ ասել. «Տիկին Զոհրաբյանի հայտարարությունից հետո որեւէ բան չի փոխվել, բայց որպեսզի մենք վերահաստատենք այն, ինչ որ արդեն հայտարարվել է պաշտոնապես, այս պահին գնում են կոնկրետ աշխատանքներ»,- եզրափակեց Վարդանյանը:
20 ՀԱԶԱՐԱՆՈՑ ՏՈՒԳԱՆՔԸ
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը այս տարվա փետրվարին «Բաց թողնում՝ ներքին սպառման» մաքսային ընթացակարգով հայտարարագրել է ֆլեքսոգրաֆիկ տպագրական մեքենա եւ թղթի գլանափաթեթ կտրող մեքենա: Դրանց ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգվել է մինչեւ փետրվարի 10-ը, սակայն ընկերությունը սահմանված ժամկետում չի վճարել ԱԱՀ-ն: Արդյունքում վարչական իրավախախտում կատարելու համար ընկերության տնօրեն Մուրադ Մուրադյանը ենթակվել է վարչական պատասխանատվության՝ 20 հազար դրամի չափով:
ՖՈԿՈՒՍՆԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով կրկին պատգամավոր դարձած Ռուզաննա Մուրադյանը հայտարարագրած ո՛չ բնակարան ունի, ո՛չ դրամական միջոց: Անցած տարվա ընթացքում նա անգամ փոխառություն, վարկ է վերցրել: Նախկին ուսուցչուհի պատգամավորուհին որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 565 հազար դրամ: Բայց չնայած սրան՝ նրա ամուսինը՝ Աշոտ Անտոնյանը, անցած տարի 28 մլն 920 հազար դրամով գնել է բնակարան: Եւ սա այն դեպքում, երբ պատգամավորի ամուսնու եկամուտը կազմում է միայն ամսական ստացած նրա 68 հազար դրամ կենսաթոշակը: Բայց, դե, ՀՀԿ-ականների գործերն անքննելի են. նրանք ցածր թոշակով էլ կարող են բնակարան գնել:
ԹԻԿՈՒՆՔԻՆ, ԹԵ ՍՏՎԵՐՈՒՄ
«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե «Ելք» դաշինքը կապ ունի Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, հայտարարել է. ««Ելք» դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող եւ դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության եւ քնքշանքի ակնհայտ պակաս ունի եւ նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի: Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որեւէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում: Բայց թերեւս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթե՛ք, Մարտիրոս, աղոթե՛ք հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը: Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու` ինչո՞ւ է, օրինակ, Անդրիաս Ղուկասյանը մինչեւ հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ: Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենեւին կանգնած չէ, կամ իրենք Սարի թաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը եւ փեսային: Հ.Գ. Սիրելի՛ օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, առանց որեւէ երկմտանքի կարող եք դիմել Միշիկ&Սաշիկ առանց որեւէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին»:
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նամակով դիմել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին. «Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց, ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որեւէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետեւողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաեւ Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։ Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլեւ վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից»,- ասված է նամակում:
ԿՀԵՌԱՆԱ
Aysor.am-ի տեղեկությունններով՝ նոր կառավարության կազմում չի ընդգրկվի առողջապահության ներկայիս նախարար Լեւոն Ալթունյանը։ Ըստ աղբյուրի՝ առողջապահության նախարար կնշանակվի Արա Բաբլոյանը։