ԵՐԵՎԱՆԻ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ՀՀԿ-Ի ՈՒ «ԵԼՔ»-Ի ՄԻՋԵՎ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ ապրիլի 9-ին, կլրանա Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների համար ԿԸՀ սահմանած վերջնաժամկետը, սակայն դեռեւս պարզ չէ՝ քաղաքական ուժերից որոնք կմասնակցեն այս ընտրություններին: Պատճառը խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներն են, որոնք իսկապես շատերի համար անակնկալ էին. շոկային վիճակից դեռ շատ ուժեր դուրս չեն եկել:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների մասնակից 9 քաղաքական ուժերից միայն 4-ը հաջողություն գրանցեց ու հաղթահարեց ԱԺ-ի համար անցողիկ շեմը: Ու հիմա, հավանաբար, հենց նրանք էլ կլինեն Երեւանի ավագանու ընտրությունների գլխավոր, միգուցե նաեւ միակ մասնակիցները. խոսքը ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի, «Ելք» դաշինքի ու ՀՅԴ-ի մասին է: Ընտրություններին մասնակցելու մասին առայժմ հստակ հայտարարել է ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորելու են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Ելք» դաշինքը, որի ցուցակի առաջին համարը լինելու է Նիկոլ Փաշինյանը:
«Ծառուկյան» դաշինքում այս հարցով ակտիվ քննարկումներ են. ընդ որում, քննարկվում է հիմնականում մասնակցության ձեւաչափը. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, բայց չեն որոշել՝ կրկին հանդես գալ «Ծառուկյան» դաշինք անվա՞մբ, թե՞ ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ով՝ ցուցակում ներգրավելով նաեւ ոչ ԲՀԿ-ականների: Ավելին՝ այստեղ նաեւ խնդիր կա ցուցակի առաջին համարի հետ կապված:
Հիշեցնենք, որ 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորում էր Վարդան Օսկանյանը, որն այն ժամանակ այս կուսակցության մեջ էր, իսկ հիմա ղեկավարում է «Համախմբում» կուսակցությունը: ԱԺ այս ընտրություններից առաջ «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, թե Երեւանի ավագանու նախկին անդամ, «Միասնություն» շարժման խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն է գլխավորելու իրենց ցուցակը, ուստի չի ընդգրկվի ԱԺ համամասնական ցուցակում, սակայն կախված նոր քաղաքական իրավիճակից՝ այս որոշումը միանգամայն ենթակա է փոփոխման, ու ինչպես օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էր ասել անձամբ Վարդանյանը, իրենց մոտ դեռ քննարկումներ են գնում:
Ինչ վերաբերում է իշխող ՀՅԴ-ին, ապա այս կուսակցությունը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը: Մեր տեղեկություններով՝ նրանք հակված են մասնակցելու այս ընտրություններին, սակայն կա մեկ այլ խնդիր՝ Երեւանի ավագանու եւ 2009թ. ընտրություններում, երբ ՀՅԴ-ն իշխանություն էր, եւ 2013թ. ընտրություններում, երբ ՀՅԴ-ն ընդդիմություն էր, այդպես էլ չէր կարողացել հաղթահարել նվազագույն 5 տոկոսի շեմը եւ տեղ ունենալ ավագանիում: Այնպես որ, հիմա նրանք դեռ մտածում են՝ ԱԺ ընտրություններից հետո մասնակցե՞ն, ո՞ւմ դեմքով մասնակցեն ընտրություններին: Դիմում են ամենատարբեր հարգանք վայելող անհատների` խնդրելով գլխավորել իրենց ցուցակը:
Իսկ քաղաքական այն ուժերը, որոնք չհաղթահարեցին ԱԺ անցնելու նվազագույն շեմը, ամենայն հավանականությամբ, քաղաքական «պաուզա» կվերցնեն ու պարզապես չեն մասնակցի այս ընտրություններին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արդեն հայտարարել է այս ընտրություններին չմասնակցելու մասին. երեկ նրանց որոշումը հրապարակել է կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն մեր տեղեկություններով՝ ԱԺ ընտրություններում 1,65 տոկոս ձայն ստանալն այս կուսակցության համար անակնկալ է եղել, ու դրանից հետո նրանք եւս հակված են չմասնակցել ընտրություններին: «Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունները, որոնք հանդես էին գալիս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, դեռ քննարկում են, սակայն այնտեղ էլ միգուցե որոշեն չմասնակցել այս ընտրություններին:
Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններին հակված է մասնակցելու Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» անունը կրող կուսակցությունը, սակայն ընդամենը մեկ ամսական այս կուսակցությունը, որը դեռ չի հասցրել պաշտոնապես գրանցվել, հազիվ թե կարողանա ինքնուրույն մասնակցել:
Այնպես որ, Երեւանի ավագանու ընտրություններում, որն անցկացվելու է համամասնական ընտրակարգով եւ որը կարելի է համարել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ «Ելք» դաշինքի, այսինքն՝ Տարոն Մարգարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Իշխանությունն այս ընտրություններին ներկայանում է Տարոն Մարգարյանի դեմքով, ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանի: Հիմնական մրցակիցները հենց նրանք են լինելու: Ու պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանին «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու ցուցակի առաջին համարում դնելը միանգամայն արդարացված է. Նիկոլ Փաշինյանը «Ելք»-ի թեկնածուների մեջ ստացել է ամենաշատ քվեն՝ 11 հազար 523 ձայն` ընդ որում, մեծապես Երեւանի կենտրոնից: Եվ Տարոն Մարգարյանը, իսկապես, մտահոգվելու խնդիր ունի:
Այսպիսով, կարելի է ասել խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի մեկնարկը տրված է: Մայիսի 14-ին երեւանցին այս անգամ էլ պետք է քաղաքապետ ու ավագանի ընտրի:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԴԻՄԵԼ ԵՆ ՍԴ
Երեկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հայտարարություն տարածեց այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար դիմել է ԿԸՀ եւ Սահմանադրական դատարան. «2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային եւ համակարգված օրինախախտումների կիրառությամբ»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ, որտեղ կետ առ կետ ներկայացված են նաեւ այն օրինախախտումները, որի պատճառով դաշինքը որոշել է դիմել ՍԴ եւ ԿԸՀ: Դաշինքի դիմումների մասով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից.«Դա իրենց իրավունքն է, իրենք օգտվել են իրենց իրավունքից: Սահմանադրական դատարանը իր լիազորությունների շրջանակում կքննի եւ կկայացնի որոշում: Իրենք կարող են հարցեր ներկայացնել, իսկ հարցերի իսկությունը կորոշի ՍԴ-ն»,- ասաց Մինասյանը:

 

 

ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱ՞Հ
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը սկսել է իր համակիրներին պաշտոններ բաժանելու փուլը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նոր ձեւավորված խորհրդարանում չի լինելու, եւ հետեւաբար բաց է մնում հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Թեեւ խոսվում էր, որ հնարավոր է՝ այդ հանձնաժողովի նախագահ նշանակվի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն «ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ է ջանում նշանակվել հանձնաժողովի նախագահ: Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Թովմասյանից, չստացվեց: Փորձեցինք Հ. Սահակյանից պարզել, թե ով է լինելու իրենց փոխարինողը, եւ հնարավո՞ր է, որ Թովմասյանը լինի.«Ո՛չ, որեւէ նման տեղեկություն չունեմ»:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի գործի դատաքննությունը նոր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործի դատաքննությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրիի նստավայրից տեղափոխվել է Գորիսի նստավայր: Հիշեցնենք, որ Ս.Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել 2015 թվականի մայիսի 20-ին, եւ այս գործով կալանավորված են Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը:

 

 
ՈՉ ՄԻԱՅՆ, ԲԱՅՑ ԵՎ…
Պատասխանելով ArmLur.am-ի հարցին՝ արդյոք ՀՅԴ-ի հայտարարությունը՝ թե ԱԺ ընտրություններում ընտրողների ակտիվությունը կարող է նաեւ ֆինանսական եւ վարչական լծակների օգտագործման արատավոր հետեւանք լինել, ուղղվա՞ծ էր իշխող ՀՀԿ-ին, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասել է. «Ոչ միայն, ես կարծում եմ, որ եղել է ընտրակաշառք, օդում սավառնում էր ուղղակի այդ ամեն ինչը, բայց որ մասնակցությունը շատ բարձր է, դա կարող էր պայմանավորված լինել վարկանիշային թեկնածուների շատ մեծ քանակով, բայց նաեւ այստեղ դերակատար էր ֆինանսական գործոնը»:

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՄԱՀԱՑԵԼ Է
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Արթիկ» ՔԿՀ-ում նախօրեին երեկոյան մահացել է 29-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Դեռեւս չհաստատված տեղեկություններով` դատապարտյալն իրեն վատ է զգացել, սակայն վարչությունից ասել են, թե հիվանդանոց տեղափոխելու համար 4 հարյուր հազար դրամ է անհրաժեշտ: Չկարողանալով մուծել պահանջված գումարը` նա մնացել է այդ վիճակում, եւ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Ըստ որոշ տեղեկությունների` Արսեն Գրիգորյանը այդ օրը մեծ չափաբաժնով դեղորայք է ընդունել, ինչի արդյունքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հաստատել են ArmLur.am-ի տեղեկությունը` հավելելով, որ նախնական վարկածով դատապարտյալը հանկարծամահ է եղել: Նշենք, որ Արսեն Գրիգորյանը դատապարտված էր ավազակային հարձակման համար: Իսկ նրա հայրն էլ դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ որդուն ՔԿՀ թմրանյութ հասցնելու համար: Նա վերջերս էր ազատ արձակվել:

 

 

 

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է
Զարուհի Փոստանջյանի հիմնադրած «Երկիր ծիրանի» կուսակցությունը քննարկում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը։ «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչն ասել է՝ մինչեւ ապրիլի 9-ը որոշում կկայացնեն։ Փոստանջյանը նաեւ հավելել է, թե դեմ չէ, որ հենց ինքը լինի Երեւանի քաղաքապետի թեկնածուն։ Նա նաեւ ասել է, որ միայնակ կգնան այդ ընտրություններին. որեւէ ուժի հետ չեն միանա։

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ
«Երկիր ծիրանի» կուսակցությունը չի կարող մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Armtimes.com-ի տեղեկացմամբ՝ կուսակցության գրանցման փաստաթղթերը ռեգիստրի գործակալություն ներկայացվել են 2017 թվականի մարտի 16-ին: Գործակալության՝ կուսակցությունների գրանցման բաժնի ղեկավար Հարություն Խուդգարյանն ասել է, որ կուսակցությունների գրանցման համար օրենքը 30-օրյա ժամկետ է սահմանում: Նրա խոսքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունն այս պահին գրանցված չէ:

 

 

ԱՆՁՐԵՎԱՅԻՆ
Հայաստանի տարածքում ապրիլի 7-8-ը՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, ապրիլի 9-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-ի ցերեկը եւ 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երեւանում ապրիլի 7-8-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է անձրեւ, ապրիլի 9-ին սպասվում է անձրեւ, ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս