Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները եւս տեսանկարահանելու եւ ուղիղ հեռարձակելու համար քննարկումները դեռ ընթանում են:

Դրական եզրահանգումից հետո ո՞վ է կատարելու ֆինանսավորումը, եւ ինչպե՞ս են փորձելու շտկել ուղիղ հեռարձակումն ապահովող սարքավորումների այն թերությունները, որոնք եղան խորհրդարանական ընտրությունների ժամանակ. այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:
-Պարո՛ն Մուկուչյան, ԿԸՀ-ն հայտարարել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեսանկարահանելու եւ ընտրողների ցուցակների հրապարակման գործընթացի վերաբերյալ դեռեւս քննարկումներ են ընթանում: Ավարտվեցի՞ն այդ քննարկումները, ի՞նչ եզրահանգման եկաք:
-Ցուցակների հրապարակման հավանականությունը շատ մեծ է, կարծում եմ՝ տեղի կունենա, իսկ սարքերի հեռարձակման շուրջ քննարկումները դեռ ընթանում են:
-Իսկ ո՞րն է խնդիրը, ի՞նչն է խոչընդոտում հեռարձակումը ապահովելուն:
-Դե, տեսանկարահանելն իրականացվում է ոչ թե ԿԸՀ-ի կողմից, այլ համապատասխան մրցույթում շահած ընկերության, հիմա իրենց հետ քննարկվում են այդ պայմանները:
-Ո՞վ է ֆինանսավորումն իրականացնելու, թե՞ հնարավոր է՝ այդ գործառույթներն էլ ներառել խորհրդարանական ընտրությունների համար տրամադրված գումարի մեջ:
-Ես ենթադրում եմ, որ պետք է առանձին քննարկվի այդ խնդիրը, որովհետեւ նման հարց առկա չէ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ եւս պետք է լինի տեսանկարահանում, այս դեպքում լրացուցիչ գործառույթ է իրականացվում:
-Իսկ ո՞վ է ֆինանսավորելու՝ ՀՀ կառավարությո՞ւնը, թե՞ ԵՄ-ն:
-Դե, հիմա այս պահին քննարկում են, եթե վերջնական լինի, կիրազեկենք:
-Այսինքն՝ քննարկումներ են ընթանում նաեւ ԵՄ-ի՞ հետ:
-Ես, անկեղծ, տեղյակ չեմ՝ ԵՄ-ի հետ քննարկվում է, թե ոչ:
-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ ընտրատեղամասերում տեսանկարահող սարքերը մի քանի ժամով խափանվեցին: Ընդդիմադիր ուժերից եւ դիտորդներից եղան ահազանգեր, որ հենց այդ խափանումների փուլում էլ արձանագրվեցին առավելագույն թվով խախտումներ: Ի՞նչ եք անելու՝ այդ թերությունները բացառելու համար:
-Նախ սկսենք նրանից, որ բոլոր քաղաքական ուժերը, որ մասնակցում էին ընտրություններին, իրենք ունեին առանձին մուտք այդ համակարգ եւ իրենց համար որեւէ խնդիր չկար՝ հետեւելու ամբողջ ընթացքին: Որեւէ խափանում, որեւէ ձգձգում, որեւէ ծանրաբեռնում՝ նրանց կողմից գործընթացը հետեւելու, տեղի չի ունեցել, որովհետեւ դա առանձին հնարավորություն է եղել, որը տրամադրված է եղել բոլոր կուսակցություններին: Իսկ ինչ վերաբերում է հանրային դիտումներին, դա պարզաբանվեց, որ եղել է գերծանրաբեռնվածության արդյունք: Դա ԿԸՀ գործառույթ չի հանդիսանում, հետեւաբար ես չեմ կարող ասել՝ այդտեղ լրացուցիչ փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ:
-Մատնահետք վերցնող սարքերը արդեն հստակ է, որ լինելու են, բայց դրանց խափանման դեպքեր եւս եղան ԱԺ ընտրությունների ժամանակ: Այս դեպքում ի՞նչ է արվելու՝ արդեն արձանագրված թերությունները վերացնելու համար:
-Ես կարծում եմ, որ դրանք որեւէ էական նշանակություն չունեին, դեպքերը եզակի էին, եւ դրանով ընտրական գործընթացի առումով որեւէ խնդիր չի առաջացել: Ցանկացած թերություն որ նկատվում է, հետագայում փորձ է արվում դրանք վերացնել:
-Իսկ ի՞նչ կասեք ընտրողների ցուցակների ուռճացվածության հետ կապված: Երեւանի ավագնու ընտրությունների մասնակիցների ցուցակը արդյո՞ք զերծ է լինելու անճշտություններից եւ նմանատիպ մեղադրանքների տեղիք չի՞ տալու:
-Սրանից ավելի լայն հրապարակայնություն պատկերացնել ուղղակիորեն անհնար է, ցուցակները նախապես ներբեռնման հնարավորությամբ հրապարակվում են, դա եղել է ե՛ւ ԱԺ ընտրությունների ժամանակ, ե՛ւ լինելու է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նաեւ այս անգամ ընտրություններից հետո հրապարկվեցին ընտրողների ստորագրված ցուցակները, եւ կարծում եմ՝ որեւէ բարդություն չկար, որպեսզի յուրաքանչյուր անձ ստուգեր թե՛ իր, թե՛ ցանկացած այլ անձի վերաբերյալ տեղեկությունները եւ տվյալները:
-Եւ վերջում՝ ԿԸՀ-ն կարծես թե մտադրություն չունի որեւէ քայլ կատարել ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ»-ում տեղի ունեցած հայտնի նախընտրական ժողովի ձայնագրության վերաբերյալ…
-ԿԸՀ-ի գործառույթները որպես այդպիսին ավարտվում են, երբ ամփոփվում են ընտրության արդյունքները, դրանից հետո գիտենք, որ կա դիմում ՍԴ-ում, եւ արդեն դիրքորոշումը կընթերցվի ՍԴ-ում:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՍԿՍԵԼ Է «ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼՈՒ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Մարզն իրենց տիրապետության տակ վերցնել փորձող եւ իշխանությունների հովանավորչությունը վայելող Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, սկսել են հետընտրական հաշվեհարդար տեսնել իրենց համար չաշխատած պաշտոնյաների հետ:

Ինչպես հայտնի է՝ ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Արարատի մարզում ձայների մեծամասնությամբ առաջատարը ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն էր՝ իր օգտին գրանցելով 45.339 ձայն: Մինչեւ ընտրությունները, արդեն իսկ ակտիվորեն շրջանառվում էր վարչական գործիքակազմի այն տեսականին, որոնց միջոցով Գրիգորյան եղբայրները փորձում էին մարզում առավելագույն ձայներ հավաքել՝ թե՛ իշխանության վերին օղակներին, թե՛ իրենց հակառակորդներին ապացուցելու համար, որ իրենք էլ Աբրահամյաններից պակաս հեղինակություն չունեն մարզում եւ «կխփեն», որքան ուզեն: Մասնավորապես դեռեւս ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժեր եւ լրատվամիջոցներ բարձրաձայնում էին, որ մարզպետ Գրիգորյանը բավականին շուտ-շուտ իր աշխատասենյակ է կանչում մարզի համայնքների բոլոր այն ղեկավարներին, որոնք առանց թաքցնելու սատարում էին Արգամ Աբրահամյանին եւ սպառնալից հորդորում ընտրել եղբորը՝ Արայիկ Գրիգորյանին: Եւ այդպիսի միջոցներով մարզպետ Գրիգորյանը, ի վերջո, կարողացավ եղբորը մեծ նվեր մատուցել. արդյունքում Արայիկ Գրիգորյանը վաստակեց ավելի քան 40 հազար ձայն, որը ոչ միայն մարզում էր ամենաշատը, այլեւ ողջ հանրապետությունում:
Բայց արի ու տես, որ դա չի բավարարել Գրիգորյան եղբայրներին եւ ընտրություններից որոշ ժամանակ անց վերջիններս սկսել են վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր ընտրությունների ժամանակ սատարել են Արգամ Աբրահամյանին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ մարզպետը սկսել է մարզի դպրոցի տնօրենների հետ «հաշիվները մաքրել»: Մասնավորապես Աբրահամյանների ծննդավայր Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը օրերս ազատվել է պաշտոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառն այն է, որ նա ընտրությունների ժամանակ աշխատել է Աբրահամյանների համար: Ազատելով դպրոցի տնօրենին՝ Գրիգորյանները, ըստ երեւույթին, ցանկանում են վախեցնել մյուս ենթականների աչքը եւ ցույց տալ, որ ինչպես ուզեն, այնպես էլ կանեն: «Ժողովուրդ» օրաթերթը լուրի իսկությունը ճշտելու համար փորձեց դիմել Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանին: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ տնօրենը օրեր առաջ ազատվել է պաշտոնից, բայց գյուղապետի խոսքով՝ որքանով տեղյակ է՝ սեփական դիմումի համաձայն: Բնականաբար, մեր երկրում գրեթե բոլորն էլ, անգամ նրանք, ովքեր ճնշումների տակ ստիպված լքում են պաշտոնը, կանխավ դիմում են գրում, որպեսզի նրանց ազատողները կարողանան նշել, որ ազատումը եղել է սեփական դիմումի համաձայն: Մեր այս դիտարկմանը համայնքի ղեկավարը արձագանքեց.«Չեմ կարծում, չեմ կարծում, ամեն դեպքում ճիշտ հասցեով չեք ուղղում հարցը»: Նշենք, որ Պողոսյանը եւս այն գյուղապետերից է, որին մարզպետը նախընտրական փուլում, այսպես ասենք, նախազգուշացրել էր: Եվ սա հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել գյուղապետի զգուշավորության պատճառը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
«ՈՍԿՅԱ» ԲԱՆԱՆ
Հայաստանի ներքին շուկայում շարունակվում են հետընտրական թանկացումները, եւ այս առումով բանանը ռեկորդակիր է: Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո այն կտրուկ թանկացավ: Նախկինում այն վաճառվում էր 650-680 դրամով, ընտրություններից հետո թանկացավ՝ դառնալով 730-750 դրամ, հիմա արդեն անցել է 780 դրամի սահմանագիծը. երեկ սուպերմարկետներում բանանն այդ գնով էր վաճառվում: Ի դեպ, բանանի կտրուկ թանկացման մասին ահազանգել է նաեւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ ասելով, որ հետընտրական գնաճը 25-30 տոկոս է կազմում: Հիշեցնենք՝ բանան ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը: Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարներն ու տրված ընտրակաշառքը: Ի դեպ, ընկերության շահույթը իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է ավելի քան 15 տոկոսով: Եւ չնայած սրան՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կոչված է վերահսկելու ներքին շուկայում արձանագրվող անհիմն թանկացումները, ոչինչ չի ձեռնարկում դրանց զսպելու ուղղությամբ:

 

 

ՊԱՏՈՒՀԱՍ
Ջրառատ համայնքում այս տարվա մարտին տեղի ունեցած միջադեպը պատուհաս է դարձել իրավապահների համար: Ինչպես հայտնի է՝ նախընտրական փուլում այս համայնքում լուրջ բախումներ եղան ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ մյուս կողմից՝ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ: Այդ միջադեպին իշխանության թեւից մասնակցություն ունեցավ անգամ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն իր եղբոր հետ: Հիշում եք՝ իշխանության ներկայացուցիչները նույնիսկ հրազեն էին կիրառել՝ վիրավորելով ՕՐՕ-ի համակիրներին: Ու թեեւ ավելի ուշ միջադեպի մասնակիցները հաշտության եկան, սակայն ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ հրազենային վնասվածքներ հասցնելու համար հարուցված քրեական գործը դեռ քննվում է: Ու հիմա իրավապահները չգիտեն՝ ինչպե՞ս փակեն գործը, հատկապես՝ ինչ անեն ապօրինի զենք-զինամթերքի թեմայով: Չնայած չի բացառվում, որ այդ ամենի համար կալանավորված փոխգյուղապետն, այնուամենայնիվ, դատվի, սակայն սիմվոլիկ պատժի արժանանալով՝ շատ արագ ազատ արձակվի:

 

 

ՉԱՆՑԱԾԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը անցած տարվա ընթացքում 12 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 550 4 Matic», իսկ 10 մլն դրամով վաճառել «Toyota Camry 3.5» մակնիշի ավտոմեքենաները: Վերջինս անցած տարվա ընթացքում վերադարձրել է ավելի քան 21 մլն դրամի փոխառություն: Իսկ դրամական միջոցները 2016թ. կազմել են 250 հազար դոլար եւ 128 մլն դրամ: Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը՝ ամսական 450 հազար դրամ, 24 մլն 450 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը եւ գույքի վաճառքից ստացած 116 հազար դոլարը: Հիշեցնենք, որ վերջինս ԲՀԿ-ն լքած, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ այդպես էլ պատգամավոր չդարձած թեկնածուներից մեկն է:




Լրահոս