«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր 2017 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերին: Գրել էինք, որ տարեսկզբից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով: Զինված ուժերում առկա իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ նախկին զինվորական դատախազ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, բանակում արձանագրված մահվան դեպքերի թիվը ոչ միայն չի նվազում, այլեւ մտահոգիչ աճի միտումներ է արձանագրում: Ինչի՞ հետեւանք է այս ամենը:
-Երբ 2011 թվականին նշանակվեցի զինվորական դատախազ, ես ամփոփեցի 2010 թվականի մահացության դեպքերը, եւ դրանք, միգուցե, հիմա հստակ չհիշեմ, ներողություն եմ խնդրում, 79-ն էին կամ 76-ը: 2012 թվականին, երբ ես ամփոփում էի մեկ տարվա գործունեությունը, այդ թիվը հասել էր 36-ի: Այսինքն՝ նվազել էր առնվազը կրկնակի: Արդյունքում դա բերեց ինձ այն եզրահանգման, որ ամենալավ եղանակը դա նպաստելն է, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկելը զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացման ուղղությամբ, եւ որը որ շատ ավելի կարեւոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացման նպատակով: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ եւ սուբյեկտ, որը ներգրավված է զինված ուժերում, պետք է ինքը պատշաճ ուշադրություն դարձնի կանոնադրային հարաբերություններին, որովհետեւ զինված ուժերը այն տեղն է, որտեղ բազմաթիվ բնավորություններ, բազաթիվ սոցիալական եւ այլ արժեքներ կրող անձինք միավորված են, եւ այնտեղ պետք է այդ համակեցության կանոնները հստակ պահպանվեն: Երկրորդ ամենակարեւոր պատճառը, որը իմ խորին համոզմամբ պետք է նպաստեր դեպքերի նվազմանը, դա պատասխանատվության անխուսափելիությունն է: Եթե իրավախախատում իրականացրած անձը հատկապես զինված ուժերում պատասխանատվության անխուսափելիության է հանդիպում, նա միանշանակ կարգապահության կողմնակից է: Ինչո՞ւ, քանի որ, պատկերացրեք, 18 տարեկան տղաներ բոլորով ծառայում են մի զորամասում եւ տեսնում են՝ ինչ-որ մեկը կատարեց ինչ-որ հանցանք կամ զանցանք եւ չպատժվեց, հետեւաբար դա մեխանիկորեն իրենց մոտ առաջացնում է համապատասխան վարքագծի դրսեւորում: Եւ հակառակը, եթե տեսնեն, որ կատարվեց հանցանք, եւ պատասխանատվությունը չուշացավ, հետեւաբար իրենց վարքագիծը կազմակերպվում է համապատասխանաբար: Այսինքն՝ առաջինը՝ կանխարգելիչ միջոցառումներ, երկրորդը՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց:
-ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը եւս նախատել էր դատախազներին, խոսել էր կանոնադրային հարաբերությունների խախատման դեպքերում պատժի անխուսափելիությունից: Սակայն այսօր բանակում տեղի ունեցած դեպքերի արդյունքում կա՛մ հրամանատարն է աշխատանքից ազատվում, կա՛մ մի քանի զինծառայող ազատազրկման են դատապարտվում, բայց իրավիճակը չի փոխվում:
-Դա պետք է շարունակական լինի, դու կարող ես 10 հանցագործություն կատարած անձանցից մեկի նկատմամբ պատիժ սահմանել կամ պատասխանատվության ենթարկել, եւ դա ընդհանուր չբարձրացնի կարգապահության մակարդակը: Պատասխանատվության անխուսափելիությունը պետք է լինի համընդհանուր նորմ, որը կիրառելի է բոլորի նկատմամբ: Եթե դու ընտրանքային մոտեցում ցուցաբերես, իհարկե, չի լինի:
-Մայիսի 7-ին երեք զինվոր զորամասին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով առանց թույլտվության լքել էին N զորամասը, ավտովթարի արդյունքում ընկել էին գետը եւ ջրահեղձ եղել: Մեզ հայտնի է դարձել, որ զինվորների մահվան դեպքից հետո զորամասի հրամանատարին հեռացնելու են, արդյո՞ք այս կերպ իրավիճակ կարող ենք փոխել:
-Գիտեք ինչ, պաշտոնից հեռացում, թե այլ կերպ պատասխանատվության ենթարկել, ես խոսում եմ պատասխանատվության անխուսափելիության մասին: Մեկին կարող են պաշտոնից հեռացնել, մյուսին կարող են խիստ նկատողություն տալ, կոչումից զրկել կամ քրեական պատասխանատվության ենթարկել: Դրա համար մենք խոսում ենք պատասխանատվության անխուսափելիության մասին, չափը պատասխանատվության կամ բնույթը պատասխանատվության, դա կլինի քրեական թե կարգապահական, հարցի 8-րդ կողմն է: Մարդը պետք է հասկանա՝ կատարեց, պետք է պատասխանատվության ենթարկվի:
-Բայց, ըստ էության, դասեր չեն քաղում, հրամանատարը, որը նախկինում բանակից հափշտակություն էր արել, սիմվոլիկ պատիժ կրալուց հետո կրկին վերադառնում է զինված ուժեր եւ էլի շարունակում նույն գործելաոճը:
-Հասկանում եմ, բայց դա երկարատեւ աշխատանք է, այնպես չի, որ մի զորամասում 5 հոգու դատի տվեցիր կամ 10 հոգու պաշտոնից զրկեցիր, վերջ, այնտեղ հանցագործությունը կնվազի, կամ կարգապահությունը բարձր մակարդակի կհայտնվի: Դա տեւական պրոցես է: Համենայնդեպս, իմ գործունեությամբ պայմանավորված՝ 2011 թվականից 2013 թվականը, մահացության դեպքերը 3-4 անգամ նվազել էին, ինչպես նաեւ նվազել էին առանձնապես ծանր հանցագործությունները: Մենք չենք խոսում հանցագործության ընդհանրապես վերացման մասին, բայց հանցավորության նվազման մասին մենք կարող ենք խոսել եւ խոսեցինք:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ֆինանսական չարաշահումների գործով, ամենայն հավանականությամբ, որոշ անձինք կկալանավորվեն:
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվել, որ Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ եւ պակասորդ:
Մասնավորապես 2014-2017թթ.-ի վերոնշյալ վարչության ստորաբաժանումների աշխատակիցներից շատերը ավել գումարներ են ստացել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել: Արդյունքում նշված երեք տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակից շուրջ 30 միլիոն դրամից ավել գումար է ստացել, իսկ 46 աշխատակցի ավելի քան 3,5 մլն-ի չափով պակաս գումարներ են վճարվել:
Այսպիսով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ասել է, թե 2014 թվականին դատական դեպարտամենտում բացահայտված աղմկահարույց յուրացումների գործը շարունակական բնույթ է կրում, եւ նմանօրինակ դրսեւորումները մյուս գերատեսչությունների համար դաս չեն լինում:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սեւան Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, Դուք 2010 թվականի ապրիլի 29-ից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 17-ը եղել եք ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի պետ, որից հետո նշանակվել եք ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնում: Ձեր ղեկավարած մարզային վարչությունում յուրացումներ են բացահայտվել, ինչպե՞ս կբացատրեք:
-Ես հիմա շատ խառն եմ, քննություն է կատարվում, կերեւա՝ ինչը ինչոց է, այս պահի դրությամբ ես իրավասու չեմ այլ բան ասել, քանի որ, կրկնում եմ, քննություն է ընթանում հատուկ քննչական ծառայությունում, իսկ ով մեղավոր է, բնականաբար, պատասխան է տալու:
-Դուք, որպես մարզի վարչության պետ, Ձեր մեղքի բաժինը կատարվածում չե՞ք տեսնում:
-Ո՛չ:
-Մեզ լուրեր հասան, որ որոշ պաշտոնատար անձինք վարչությունից եւ մարզային տարբեր ստորաբաժանումներից, հնարավոր է, կալանավորվեն, ո՞ւմ մասին է խոսքը:
-Չգտեմ, դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, այլ բան չեմ կարող ասել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3.600 ԵՎՐՈ ԿՎՃԱՐԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: ՀՀ-ի դեմ բողոքը ներկայացրել է Ռոբերտ Նիկողոսյանը՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել եւ աշխատանքից ազատման որոշումն անվավեր ճանաչել, ինչպես նաեւ հրահանգել վերականգնել նրան նախկին պաշտոնում եւ փոխհատուցում տրամադրել: Հայցվորը ՄԻԵԴ-ում մասնավորապես բողոքել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել՝ դատարանի վերջնական վճիռը կյանքի կոչելու համար, քանի որ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնին, իսկ իր հարկադիր բացակայության համար սահմանված փոխհատուցման մի մասը մնում է չվճարված: Նա մասնավորապես պահանջում էր 10 մլն 506 հազ 871 դրամի համապատասխան փոխհատուցում: Դատարանը վճռել է, որ խախտվել է արդար դատաքննությանն առնչվող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը եւ սեփական գույքից անարգել օգտվելու իրավունքին առնչվող 1-ին արձանագրության 1-ին հոդվածը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԶՈՀ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մայրաքաղաքում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել: Չնայած նրան, որ դեպքը տեղի է ունեցել դեռեւս նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին, այդ մասին օրերս են աղջկա հարազատները բարձրաձայնել՝ տեղեկանալով այդ մասին: Հայտնի է դարձել, որ տղամարդը բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ երկու տարբեր օր նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել: 14-ամյա աղջիկը դպրոցական է՝ 8-րդ դասարանի աշակերտուհի, իսկ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունը կատարվել է մայրաքաղաքի երաժշտական արվեստանոցներից մեկում:
ԽԱԽՏԵԼ Է 90 ԱՆԳԱՄ
Մայիսի 18-ին եւ լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից` ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ, իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ եւ ձեռքի հակատանկային նռնականետ: