Ինչպես հայտնի է՝ առաջիկայում Շիրակը նոր մարզպետ կունենա: Թեկնածուն մեկն է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: Վերջինս փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից:
ArmLur.am-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, թե մեծ պատասխանատվությամբ է մոտենում իրեն առաջարկված պաշտոնին և հստակ պատկերացնում է իր աշխատանքը: «Գիտակցված ընտրություն և գիտակցված համաձայնություն է իմ կողմից: Մարտահրավերներ են դրված իմ առջև, որոնք պետք է հաղթահարել: Յուրաքանչյուր մարզ ունի իր խնդիրները, բնականաբար Շիրակի մարզն ունի իր սպեցիֆիկ խնդիրները: Առանց խնդիր մարզ չունենք», -նշեց նա:
Խաչատրյանը ընդգծեց, թե պատրաստ է կոտրել այն կարծրատիպը, թե գործ չի արվում, այլ միայն խոստումներ են տրվում: «Տեսլականն այն է, որ Շիրակը դարձնել մոդելային մարզ, մարզպետարանի աշխատանքը դարձնել մոդելային, որպեսզի կարողանանք կառավարության կողմից առաջարկված խնդիրները լուծենք, որպեսզի մարզում ստեղծենք աշխատատեղեր: Ակնկալիքները շատ են և խոստումներ պետք է լինեն, բայց դրանք պետք է լինեն իրատեսական», -նշեց նա և հավելեց, որ աշխատելով նախարարությունում ամեն ինչ պատկերացնում է և գիտե, թե ինչ իրավիճակ է տիրում:
Անդրադառնալով այն դիտարկմանը` թե Շիրակի դեռևս գործող մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ է արվել նաև ավագանու և խորհրդարանական ընտրությունների արդյունքների համադրմամբ, քանի որ որպես մարզպետ չի կարողացել ՀՅԴ-ի համար ձայներ ապահովել, Խաչատրյանը ընդգծեց. «Դրանք իրատեսական մեկնաբանություններ չեն, ով է ասում, և ես չեմ գնում այնտեղ ՀՅԴ-ի համար ձայներ ապահովելու, ես գնում եմ այնտեղ, որպեսզի մարզի զարգացումն ապահովեմ: Ինչ-որ մարդիկ կարող է պաշտոնանկությունը կապեն այդ հանգամանքի հետ, բայց ես չեմ կարող ասել, թե դա օբյեկտիվ գնահատական է»:
Խաչատրյանը չշտապեց գնահատել, թե ինչ ժառանգություն է ստացել, սակայն ի պաշտոնե ծանոթ լինելով մարզի խնիրներին, առանձնացրեց գործազրկությունը, աղքատության մեծ մակարդակը, արտագնա աշխատանքը, որը ցավոք վերածվում է արտագաղթի:
Նաիրա Հովհաննիսյան