Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ:
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ երկրներում ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես` պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խմբի ձևավորման շուրջ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տոհմային անասնաբուծության և սերմնաբուծության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերին:
«Մեզ հետաքրքրում է Բելառուսի հետ համագործակցությունը հատկապես տոհմային անասնաբուծության ոլորտում: Բելառուսական կողմի հետաքրքրության պարագայում Հայաստանում հնարավոր է ստեղծել համատեղ տոհմային սելեկցիոն կենտրոններ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր:
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը նշել է, որ Իգնատի Առաքելյանի կողմից բարձրացված հարցերը կարևոր են և անհրաժեշտ է դրանք քննարկել: Նա ընդգծել է, որ երկու գերատեսչությունների դիրքորոշումներն անհրաժեշտ է միավորել, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության արդյունքների վրա:
Հանդիպման ժամանակ որոշվել է, որ ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերով կզբաղվի համապատասխան աշխատանքային խումբը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին