Հանցավոր խմբավորման պարագլուխը գիժ է ձևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց ՔԿՀ-ներում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 48 դրվագով` կալանավայրում պատիժը կրելու ընթացքում հեռախոսով քաղաքացիներից տարբեր իրեր հափշտակելու մեջ. զանգահարելով list.am կայքում այս կամ այն ապրանք վաճառելու մասին հայտարարություն տեղադրած անձանց, պատրաստակամություն է հայտնել գնել իրերը, եւ փողը փոխանցել բանկային հաշվին: Այնուհետեւ ազատության մեջ գտնվող իր հանցակիցների հետ նա հափշտակել է այդ իրերը: Երեկվա դատական նիստը կարճ տեւեց. դատավոր Արթուր Մկրտչյանը Ս.Դանիելյանին ու նրա հանցակից Ռազմիկ Արզունյանին հարցրեց, թե արդյո՞ք ցանկանում են արագացված դատաքննություն, եւ կես ժամ ժամանակ տվեց`պաշտպանների հետ խորհրդակցելու համար: Ընդմիջումից հետո, սակայն, ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքի դրվագները շատ են եւ չեն հասցրել ընդհանուր հայտարարի գալ, որից հետո դատական նիստն ընդմիջվեց մինչեւ հուլիսի 29-ը ժամը 12.00-ն:

Մինչեւ ընդմիջումը հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի հանրային պաշտպանը` Արա Դավթյանը միջնորդություն ներկայացրեց Դանիելյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին: Փաստաբանը նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ից ստացվել է գրություն, որ Ս.Դանիելյանը դյուրագրգիռ է, սանգվինիկ, հետեւաբար` պետք է նրան փորձաքննության ենթարկել: Միջնորդության քննարկումը, սակայն, հետաձգվեց:
Ի դեպ, Ս.Դանիելյանը նախորդ տարի իր դեմ հարուցված քրեական գործով դատաքննության ժամանակ էլ էր փորձել «գիժ ձեւանալ» եւ դատավորին ասել էր, որ ինքը գիշերները չի քնում, վատ երազներ է տեսնում, եւ այն ժամանակ էլ էր խնդրել իրեն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել:




Լրահոս