Թեեւ նոր կառավարության ձեւավորումից շատ կարճ ժամանակ է անցել, եւ անգամ դեռ ԱԺ հաստատմանը չի ներկայացվել գործադիրի ծրագիրը, սակայն արդեն ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը կարճ է տեւելու: Կարապետյանը վարչապետ կմնա առավելագույնը մինչեւ 2018թ. ապրիլ ամիսը, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու Հայաստանում հաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ: Իսկ մինչ այդ, իշխանությունները սկսել են կամաց-կամաց հասարակական կարծիքը նախապատրաստել վարչապետի պաշտոնանկությանը:
Նախ՝ 2016թ. ավարտվեց ընդամենը կես տոկոսանոց աճով: Թեեւ հետո՝ այս տարվա առաջին եռամսյակում, տնտեսության մեջ աշխուժություն նկատվեց, սակայն ապրիլից սկսած՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական ցուցանիշները սկսեցին բացասական հունով ընթանալ: Ապրիլից անկում է բոլոր բնագավառներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, ներքին եւ արտաքին առեւտրաշրջանառություն, ՌԴ-ից եկող մասնավոր տրանսֆերներ, օտարերկրյա ներդրումներ: Դժվար է միանշանակ պնդել՝ այս ոլորտում մինչեւ տարեվերջ ի՞նչ ելեւէջներ կլինեն, բայց փաստ է՝ այս պահին տնտեսությունը ետընթաց է գրանցում: Այնպես որ, վարչապետի պաշտոնանկության «սոցիալ-տնտեսական» մասը լիուլի ապահովված է: Իմիջիայլոց, հիշեցնենք, որ նման պատկեր եղավ նաեւ նախորդ տարվա հունիսից. տնտեսական ցուցանիշները կտրուկ գահավիժեցին, եւ երեք ամիս անց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց:
Ինչ վերաբերում է քաղաքական «նախապատրաստությանը», ապա պատահական չէ, որ ամեն անգամ, պատասխանելով հարցին, թե 2018թ. ապրիլից հետո արդյո՞ք Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարումը, ՀՀԿ-ականները հստակ պատասխան չեն տալիս՝ չհերքելով Կարապետյանին պաշտոնանկ անելու խոսակցությունները, չհերքելով նաեւ տեսակետը, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետը: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում խոսեց Հայաստանի հեռավոր ապագայի մասին՝ 2040 թվականի համար խոստանալով սոցիալ-տնտեսական կոնկրետ ցուցանիշներ, իսկ ահա կարճաժամկետ ծրագրերի առումով, թե, օրինակ, ի՞նչ տեսք է ունենալու կառավարությունը մեկ տարի անց, ո՞վ է ղեկավարելու գործադիր իշխանությունը, ՀՀԿ-ականները չեն խոսում՝ հարցը թողնելով անորոշության մեջ:
Երբ ձեւավորվեց կառավարությունը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե Կարեն Կարապետյանի գործունեությունը համարում են ընդհանուր առմամբ դրական եւ որոշել են հնարավորություն տալ շարունակելու աշխատանքը: Ու հետո հերքելով ՀՀԿ ներսում թիմերի, թեւերի, հակասությունների մասին խոսակցությունները՝ հավելել. «Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունում մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:
Շարմազանովն այս թեմային անդրադարձել է նաեւ երեկ. նա սկզբում հիշեցրել է, որ վարչապետը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, կուսակցությունը նրան առաջարկել է գործադիրի ղեկավարի պաշտոնին, իսկ Սերժ Սարգսյանն էլ նշանակել: Այնուհետեւ Շարմազանովը հավելել է, թե առաջիկա հինգ տարիներին վարչապետի նշանակման հարցը ՀՀԿ-ի տիրույթում է: «Մենք գնացել ենք խորհրդարանական ընտրության, եւ ժողովուրդը ձայնը տվել է ՀՀԿ-ին: 2018-ին, 19-ին, մինչեւ 22 թվականը, մինչեւ նոր ընտրություններ ժողովուրդը որոշել է, որ կառավարություն ձեւավորելու, վարչապետ նշանակելու եւ առաջադրելու քաղաքական պատասխանատվության հարցը բացառապես ՀՀԿ-ն է կրելու, որովհետեւ մենք ստացել ենք մեծամասնություն: Սա ո՛չ կիսանախագահական եւ ո՛չ էլ նախագահական համակարգ է, սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն: 2018-ին ո՞վ կլինի վարչապետ: Ում որ ՀՀԿ-ն կգտնի, որ կարող է լավագույնս իրականացնել անվտանգության եւ առաջընթացի խնդիրները»,- հայտարարել է նա ու շեշտել, որ ՀՀԿ-ն մեկ թիմ է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է (էլ չենք խոսում մանր ու միջին տրամաչափի ՀՀԿ-ականների հայտարարությունների մասին):
Փաստորեն, Շարմազանովը բաց տեքստով հասկացնում է, որ իրենց համար Կարեն Կարապետյանի անձը երկրորդական է, իսկ առաջնայինը քաղաքական թիմն է, որի ղեկավարը, հետեւաբար՝ որոշումներ ընդունողը Սերժ Սարգսյանն է: Միայն թե, հիշեցնենք, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում լայնորեն օգտագործեց նույն Կարեն Կարապետյանի անձի գործոնը՝ հասարակության մոտ փոփոխությունների տպավորություն ստեղծելու եւ այդպես ձայներ ստանալու համար: Հիմա, երբ արդեն ՀՀԿ-ն խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն, կարող են Կարապետյանին շնորհակալություն հայտնել ու հանգիստ ճանապարհ դնել, առավել եւս, երբ Սերժ Սարգսյանը հասել է իր ուզածին՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո անարգել կարող է դառնալ վարչապետ թիմի որոշմամբ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանն էլ է հասկացել, որ իրեն խորհրդարանական ընտրություններից առաջ գործադիրի ղեկավար նշանակեցին՝ փոփոխությունների իմիտացիա բեմադրելու համար, իսկ հիմա, երբ նա այլեւս հարկավոր չէ ՀՀԿ-ին, կարող է՝ շնորհակալություն հայտնեն ու «վաստակած հանգստի» ճանապարհեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարապետյանը փորձել է իրադարձություններից առաջ ընկնել, ու ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել՝ չցանկանալով ղեկավարել նոր կառավարությունը, բայց Սերժ Սարգսյանը չի ընդունել, այլ ասել է, որ հանուն թիմի պետք է աշխատի:
Ինչեւէ: ՀՀԿ-ում այս վիճակը հազիվ թե երկար շարունակվի, եւ ամառային արձակուրդից հետո ականատես ենք լինելու ներիշխանական լուրջ իրադարձությունների: Միայն թե այդ ամենը որեւէ առնչություն չունի հասարակության հետ, այլ Հայաստանի քաղաքացիները պարզապես օտարված են տեղի ունեցածից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉԿԱ
Թեեւ արդեն երկու ամիս է՝ ԱԺ ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած սկանդալային ժողովի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մինչ օրս մեղադրյալ չկա: Իրավապահներն այդպես էլ չեն կարող, իսկ իրականում չեն ցանկանում գտնել այդ ժողովը վարող, եւ «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցներին սպառնացող, նվաստացնող, թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք առաջարկող անձնավորությանը: Դատելով ստեղծված իրավիճակից՝ կարելի է եզրակացնել, որ այս գործով քաղաքական հրահանգ կա՝ նախաքննությունն այնքան ձգձգել, որ որոշ ժամանակ անց մարդիկ մոռանան այդ մասին, որից հետո հեշտ լինի այն անաղմուկ կարճելը: Նշենք, որ մեզ հայտնի է դարձել, թե ով է եղել ժողով վարող անձը, վերջինս «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանն էր, որը ակտիվ ներգրավվածություն է ունեցել Երեւանի ավագանու ընտրություններին:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի գործը մտել է դատարան: Վերջինիս գործը կքննվի Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրում, իսկ ահա նրա գործը կքննի նրա կոլեգա Հարություն Պետրոսյանը: Նկատենք, որ հենց Վեդու դատարանի նստավայրում, ըստ նախաքննական մարմնի, մեղադրյալ Գրիգոր Շամասուրյանից 600 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար կալանավորվեց դատավորը:
ԾԱԽՍՈՒՄ Է ՈՒ ԾԱԽՍՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը օրեր առաջ մոտ 2 մլն դրամի չափով գնումներ է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գերատեսչությունը մայիսի 17-ին պայմանագիր է կնքել «Զորաշեն» ընկերության հետ եւ ձեռք բերել կահույք: Խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց պատգամավոր չդարձած Արման Սահակյանի կողմից ղեկավարվող այս կառույցը պետական միջոցներով գնել է խորհրդակցությունների մեկ սեղան` 568 հազար դրամով, փափուկ կահույքի մեկ հավաքածու` 600 հազար դրամով, մեկ բազմոց` 98 հազար 400 դրամով: Իսկ ահա ղեկավարի մեկ աթոռի համար այս գերատեսչությունը պետական միջոցներից ծախսել է 664 հազար 800 դրամ: Ենթադրվում է, որ այս աթոռը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի համար է: Նկատենք, որ գոնե ղեկավարի աթոռի գնման դեպքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավելի բարեխիղճ էր («Ժողովուրդ»-ը գրել էր, որ քաղաքապետարանը գնել է ղեկավարի 300 հազար դրամանոց աթոռ), քան Ա. Սահակյանը: Ավելին՝ նման կահույք գնելու ինչ անհրաժեշտություն կար այն դեպքում, երբ հաջորդ տարում կառավարությունը նախատեսում է լուծարել այս կառույցը:
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՑՄԱՆԸ
Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մասնակցել է Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ Ս. Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհվել են անմեղ անձեր, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ: Նորին Սրբությունը Միացյալ Թագավորության վարչապետին եւ ժողովրդին փոխանցել է Հայոց Եկեղեցու եւ նրա բարեպաշտ հավատացելոց սրտակցությունն ու զորակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին, Սուրբ Հոգու մխիթարություն` զոհվածների ընտանիքներին եւ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին:
ՊԱՏՃԱՌՆ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ միջազգային հանրության կողմից Լապշինի ձերբակալման ու Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ պատշաճ արձագանքի բացակայությունը ոգեշնչել է Բաքվին: Ըստ նրա՝ այդ արձագանքի բացակայությունն էլ պատճառ է դարձել Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առեւանգման համար: Հիշեցնենք՝ 2011թ. ապրիլին եւ 2012թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: