Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Զաքարյան բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին.
«Հարգելի պարոն Վարչապետ, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն են ստացել օգտվելու սոցիալական փաթեթների՝ հանգստի և բժշկական ծառայությունների համար նախատեսված բաղադրիչներից:
2013թ. հաստատված Սոցիալական փաթեթի հատկացման կարգում ներկայացված են այն պետական կազմակերպությունները, որոնց աշխատակիցները կարող են օգտվել սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից:
Ի թիվս այլ կազմակերպությունների՝ վերոնշյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն է տրվում նաև հանրակրթական դպրոցների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին:
Միևնույնժամանակ զարմանալի և անտրամաբանական է, որ մենք՝ բուհերի աշխատակիցներս, որոնց մոտ 90 տոկոսը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, որից շուրջ 50 տոկոսը՝ նաև ակտիվ գիտական գործունեությամբ, զրկված ենք սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելուհնարավորությունից:
Հարգելի պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեզ վերանայել Սոցիալական փաթեթի հատկացման կարգում ներկայացված կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպությունների ցանկը՝ դրանում ընդգրկելով նաևՀայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Հ.Գ. Հարգելի գործընկերներ, տարածելով այս նամակը՝ դուք ինքնաբերաբար ստորագրում եք այն: Ինչքան ավելի շատ շահագրգիռ քաղաքացի միանա մեզ, այնքան ավելի լսելի կլինի մեր խնդրանքը»:
Հարգանքով՝ Վահան Զաքարյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ