Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հուլիսի 21-ին «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն օրը կայանալիք հանդիպմանը՝ նրան անվանելով պրոբլեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների հետ հանդիպման ավարտին, պատասխանելով НТВ հեռուստաընկերության հաղորդավար Ե․Կոլիվանովի հումորային այն ռեպլիկին, թե երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարող է խնդիր առաջացնել, քանի որ Նախագահը նվեր է պատրաստել միայն հուլիսի 21-ին ծնված հանդիպման չորս մասնակիցների համար, ՌԴ նախագահը բառացիորեն ասել է. «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին»:
Ավելի վաղ, 2017թ․ փետրվարի 6-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով լրագրողներին` ասել էր. «Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում: Այժմ ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին, հետևաբար ինձ համար օրվա լավ մասն ավարտված է»: Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել Պուտինի հայտարարությունն, ինչպես և երբևէ չի անդրադարձել Յունկերի հայտարարությանը։