ArmLur.am-ն ավելի վաղ անդրադարձել էր պաշտոնատար անձանց անվան տակ խարդախության դրսեւումներին: Մասնավորապես, Գևորգ Սարոյանը իրեն ծանոթ Հայկանուշ Պռոշյանին ներկայացել էր որպես ՀՀ նախագահի արարողակարգի կառավարիչ պաշտոնատար անձ եւ խոստացել էր Հայկանուշի որդուն ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի տեղավորել:
Արդյունքում, Գևորգ Սարոյանը 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում գործըբ գլուխ բերելու համար Հայկանուշ Պռոշյանից մաս-մաս հափշտակել էր 3000 դոլար, որ իբր նրա որդուն աշխատանքի տեղավորի, սակայն այդպես էլ խոստումը չէր կատարել:
Այս գործը քննվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Գևորգ Սարոյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Եվ ահա մեկ ամիս տեւած դատաքննությունից հետո գործը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց վճիռը եւ Գևորգ Սարոյանին դատապարտեց ազատազրկման 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց եւ ՀՀ նախագահի արարողակարգի կառավարիչ ներկայացած Գեւորգ Սարոյանին ազատեցին դատարանի դահլիճից:
Սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը` մեղադրող դատազախը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, որ ՀՀ նախագահի արարողակարգի կառավարիչ ներկայացած Գեւորգ Սարոյանին նկատմամբ նշանակված պատժի պայմանականորեն չկիրառելը վերացվի եւ մնա կալանքի տակ: