Երեկ ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որ Վարչական դատարանի դատավորներից մեկը կաշառք է վերցրել՝ առանց մանրամասնելու, թե որ դատավորի մասին է խոսքը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե խոսքը դատավոր Արգիշտի Ղազարյանի մասին է:
Իսկ ով է նա
Հայտնի է, որ Արգիշտի Ղազարյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է դատարանում՝ որպես քարտուղար, դատավորի օգնական: Նա աշխատել է նաև ՀԷՑ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ: Իսկ 2008-ից վարչական դատարանի դատավոր է: Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է, եղբայրն էլ՝ Շամս Ղազարյանը՝ ՀԿԳ քննիչ:
Որքան ունեցվածք ունի
Արգիշտի Ղազարյանի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը բավական աղքատիկ է: 2016 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 350 հազար դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում էլ աշխատանքի վարձատրության շնորհիվ վաստակել է 7 մլն 680 հազար դրամ: Միայն նրա առաջին հայտարարագրում, որը ներկայացված է 2011 թվականին, առկա է գրառում ավտոմոբիլային միջոց գնելու մասին: Այդ տարում նա 10 մլն դրամով LEXUS 470L մակնիշի ավտոմեքենա էր գնել: Նրա կնոջ հայտարարագիրն էլ պակաս աղքատիկ չէ: Դատավորի նոտար կինը ոչինչ չունի, բացի եկամուտից, և այն կազմել է 11 մլն դրամ:
Նաիրա Հովհաննիսյան