ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՉԱՐՉԱՐԱՆՔՈՎ ԼԻ ՏԱՐԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչ Էրիկը խոսել է կնոջ հանդեպ ունեցած պատկերացումների, թալիսմաններ կրելու, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին:

-Էրի՛կ, վերջերս հանդիսատեսի դատին ներկայացրիք «Իմ սիրելի» երգի տեսահոլովակը: Առաջիկայում երաժշտական ի՞նչ անակնկալներ եք պատրաստել Ձեր երկրպագուների համար:
-Այս վերջին տարիների ընթացքում բազմաթիվ երգեր են կուտակվել: Նկարահանեցինք տեսահոլովակ «Իմ սիրելի» երգի հիման վրա, չնայած որ այլ երգի տարբերակներ եւս կային: Վստահ եմ, որ առջեւում կլինեն տեսահոլովակներ հենց այդ երգերի հիման վրա: Արդեն աշխատանքներ տարվում են, զուգահեռ դրան նոր մտահաղացումներ, նախագծեր, երգեր են ծնվում, որոնց մասին առայժմ չեմ ուզում խոսել:
-Մենահամերգ սպասվո՞ւմ է:
-Ինձ որ լինի, ամիսը երկու մենահամերգ կտամ, բայց գիտակցում եմ, որ շատ դժվար է դա անել Երեւանում: Չեմ ուզում մենահամերգի նույն, հին ծրագիրը կրկնել: Ինձ թվում է՝ մոտ ապագայում լրիվ նոր ծրագրով հանդես կգամ: Այս պահին աշխատում ենք դրանց վրա, որը ամբողջովին կտարբերվի նախկինից:
-Այսօր շատ երգիչ-երգչուհիներ նկարահանվում են սերիալներում, ֆիլմերում կամ սիթքոմներում: Հետաքրքրիր է՝ հավատարի՞մ եք մնում Ձեր ոլորտին, թե՞ պարզապես առաջարկներ չեք ստանում:
-Գեղարվեստական ֆիլմերի դրվագներ շատ են եղել, որ նկարահանվել եմ: Վերջերս փոքրիկ հատված որպես Էրիկ նկարահանվեցի մի գեղարվեստական ֆիլմում: Չեմ ասի, թե որ ֆիլմի մասին է խոսքը, որպեսզի ավելի հետաքրքիր լինի այն: Իսկ սերիալներում չեմ համաձայնել նկարահանվել, քանի որ այն շատ ժամանակատար է, բացի այդ՝ չեմ ձգտել այդ ուղղությամբ ինձ տանել: Իմ գործունեությունն այնքան շատ է կյանքում, որ ավելի լավ է՝ զբաղվեմ նրանով, ինչով որ զբաղվում եմ: Չնայած միգուցե գա մի օր, որ ցանկություն հայտնեմ փորձելու ինձ այդ ոլորտում, բայց այս պահին ես գոհ եմ այն ամեն ինչից, ինչով որ զբաղվում եմ:
-Երաժշտությունից զատ ինչո՞վ եք սիրում զբաղվել:
-Իմ ամբողջ օրը տարված է երգով, եթե չեմ երգում, որեւէ տեղ ստեղծագործում եմ: Դրան զուգահեռ՝ փորձում եմ նաեւ շփվել ընկերներիս, ընտանիքիս հետ եւ այդ ամենի հետ համատեղել սպորտը:
-Ձեզ համարո՞ւմ եք կարիերիստ:
-Ես ինձ համարում եմ նվիրված մարդ իմ աշխատանքին: Ինձ համար ամենակարեւորն իմ ընտանիքն է, հետո նոր մնացած ամեն ինչը: Ես սրտանց զբաղվում եմ իմ գործով: Կարիերա բառը չեմ սիրում, կարծում եմ՝ իմ տարիքում կարիերայից խոսելը սխալ է: Ես ինձ համարում եմ աշխատասեր մարդ, եւ միայն դա ինձ կօգնի, որպեսզի ապագայում ունենամ լավ կարիերա:
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ է մեր հասարակության որոշ հատված այդ բառին շատ հաճախ բացասական գնահատական տալիս:
-Կարիերան բազմաթիվ չարչարանքների արդյունքն է: Ես ունեցել եմ բազմաթիվ չարչարանքով լի տարիներ, բայց դեռ չեմ համարում, որ անցել եմ այն ուղին, որը տրված է ինձ, իսկ կարիերան այդ մեծ ուղին է: Միգուցե ես հասել եմ տասը տոկոսին, բայց ձգտում եմ հասնել ավելիին:
-Էրի՛կ, գործնականից զատ՝ զրուցենք նաեւ Ձեր անձնականից: Մի առիթով նշել եք, որ հարաբերությունները շարունակական լինելու համար անհրաժեշտ է, որ կինը ուշիմ լինի: Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտրյալը:
-Կինն առաջին հերթին պետք է ամուսնուն ընկեր լինի, որվհետեւ սերը, կիրքը ընթացքում քչանում է կամ ընդհանրապես չի լինում, բայց երբ կա հարգանք միմյանց նկատմամբ, հարաբերություններն ավելի երկրատեւ են լինում: Հետաքրքիր է՝ կա նաեւ հակառակ երեւույթը, երբ պատկերացնում ենք մեր ընտրյալին այլ կերպ, դուրս է գալիս լրիվ հակառակ պատկերը: Դրա համար կլինի, կտեսնենք:
-Կինը երբեք չպետք է…
-Կինը երբեք չպետք է ինքն իրեն բացահայտի եւ մատչելի դառնա, երբ կինը բացահայտվում է, դառնում է անհետաքրքիր:
-Վերաբերմունք, որ չեք հանդուրժի Ձեր նկատմամբ:
-Չեմ սիրում, երբ մարդիկ ընկերությունը չարաշահում են: Ես շատ մարդամոտ եւ ընկերասեր անձնավորություն եմ: Հաճախ եմ զգում, որ մարդիկ պարզապես չարաշահում են այդ ընկերությունը: Ինձ համար անընդունելի է դավաճանությունը: Կարծում եմ՝ դրանից զզվելի բան չկա:
-Շատերի կարծիքով Դուք պատկանում եք սկանադալային աստղերի թվին: Դուք ընդունո՞ւմ եք դա: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ստիպում մարդկանց այդպես մտածել:
-Բացարձակ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչու են մարդիկ այդպես մտածում: Միշտ ասել եմ, որ ինձ պետք է սիրեն իմ երգերի համար, ոչ թե սկանդալի, տեսքի, սանրվածքի, կամ պատկերացնել, թե օրերից մի օր ինչ-որ մեկի փեսացուն պետք է դառնամ:
-Դուք նախապաշարմունքներին հետեւո՞ւմ եք: Օրինակ՝ ունե՞ք թալիսմաններ, որոնք միշտ Ձեզ հետ են, կամ որոնց հետ Դուք հույսեր եք կապում:
-Անկեղծ ասած, շատ ավելի երիտասարդ տարիքում մի թեւնոց ունեի եւ մտածում էի, որ այն ինձ օգնում է, բայց հասկացա, որ հավատանքն է ինձ օգնում, ուժ տալիս, այլ ոչ թեւնոցը: Հիմա ինձ մոտ թալիսման չեմ կրում, միայն կրում եմ այն ուժը, որը Աստծու կողմից տրված է:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 
ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

Շուտով ամառը կավարտվի, եւ այս ընթաքում ով ինչպես կարող է, փորձում է գեղեցիկ արձակուրդ կազմակերպել իր համար. ոմանք ծովափ են գնում, ոմանք անտառային զով վայրեր, շատերն էլ ամառն անցկացնում են՝ հաճելի հանգստի մասին երազելով միայն:

Իսկ ինչպես են իրենց ամառային հանգիստը կազմակերպում հայ հայտնիները:
Երգչուհի Սոնե Սիլվերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ամառային հանգիստը նախընտրում է անցկացնել ծովափնյա որեւէ երկրում. «Երկիրը դեռ չեմ որոշել, բայց երբեք առանց ծովի ամառ չեմ ունեցել, քանի որ ես շատ եմ սիրում ջուրը, ծովը, արեւը: Հույսով եմ, որ այս տարի նույնպես բացառություն չի լինի»: Հարցին՝ ինչքա՞ն գումար է նախատեսել նախընտրած հանգիստն անցկացնելու համար: Երգչուհին նշեց, որ առհասարակ ակտիվ, էքստրեմալ հանգստի սիրահար է եւ երբեք առանձնահատուկ գումար չի նախատեսում հանգստի համար: Կծախսի այնքան, որքան որ հարկավոր լինի:
Արսեն Սաֆարյանն էլ մեզ պատմեց, որ պատրաստվում է ընտանիքի հետ մեկնել Հունաստան՝ Կրետե կղզի: Երգչի փոխանցմամբ՝ նա պասիվ հանգստի սիրահար է: Իսկ թե որքան է պատրաստվում ծախսել ամառային հանգիստը վայելելու համար, նա չնշեց, բայց հաշվի առնելով այն, որ Հունաստանում 10-օրյա փաթեթները սկսվում են 1500 եվրոյից, կարելի է կարծիք կազմել, թե որքան բյուջե է նախատեսել Արսեն Սաֆարյանը:
Հումորիստ-դերասան Վաչե Թովմասյանը թեպետ շատ է ցանկանում իր հանգիստն անցկացնել Իտալիայում, սակայն աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մեկնել հանգստի. «Այս տարի չեմ հանգստանալու, քանի որ հայկական իրականությունը թույլ չի տալիս հանգստի հետ մեկտեղ աշխատել եւ «կենդանի» մնալ»: Վաչեի խոսքով՝ նրա կինը եւ որդին հանգստի կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն՝ կնոջ ծնողների մոտ:
Այս տարի հանգստի չի մեկնի նաեւ երգիչ Էրիկը: Պատճառը դարձյալ գերծանրաբեռնված աշխատանքն է:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս