«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թվում էր՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները, այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին: Չնայած վաղուց արդեն 21-րդ դարում ենք, սակայն Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով՝ լաթերով ու ծառի ճյուղերով: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՆ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ճիպոտներով ու լաթերով կրակը հանգցնում:
Նախարարությունից պարզաբանեցին. «Նախ՝ այդ միջոցը կիրառվում է մյուս միջոցների հետ զուգահեռ: Հրդեհաշիջման մարտավարության ընդունված միջոց է այն: Դա նման է վառվող մոմը փչելուն: Ինչից է կրակը առաջանում, երբ հրավառ նյութ է լինում, հրդեհավտանգ, որը ունակ է այրվելու, այն արձակում է որոշակի գոլորշիներ, որոնք միախառնվում են թթվածնի հետ, եւ կրակ է բռնկվում:
Հիմա այդ բույսերից առաջանում են նման գոլորշիներ, որոնք խառնվելով թթվածնի հետ՝ բռնկվում են: Իսկ երբ ուժեղ հարվածներ են հասցնում կրակին, այդ գոլորշիների խտությունը նոսրանում է մթնոլորտում, ու դրանով կրակը մարվում է: Երբ ճիպոտի կամ որեւէ լաթի միջոցով ուժեղ հարվածներ ենք հասցնում, գոլորշիների կոնցետրացիան օդի մեջ պակասում է, հետո մարում է»,- ասված է նրանց պարզաբանման մեջ: Հետաքրքիր է՝ եթե ճիպոտներն ու լաթերն այդպես արդյունավետ են մարում հրդեհը, մարդկությունն ինչո՞ւ է նոր մեթոդներ հորինել:
Ամեն դեպքում տխուր իրողություն է, որ ԱԻՆ-ը հրդեհ հանգցնելու կարողություն չունի»:
Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում: