«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը դիմել է հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ընդդիմադիր դաշտում նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Ընդ որում, Սէֆիլյանն առանձնացրել է գխավոր խնդիրներն ու անուն առ անուն թվել այն մարդկանց, ում միջոցով տեսնում է այդ քայլերի կատարումը:
Մասնավորապես Ժիրայր Սէֆիլյանը կոչ է անում.
ա) համախմբել ժողովրդին եւ կազմակերպել ազգային դիմադրություն՝ «Սասնա Ծռերի» եւ բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք եւ նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,
բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,
գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարությունը, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանն ազատագրելու գործընթացի մեկնարկը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց այդ անձանցից հասկանալ՝ ինչպես են վերաբերվում Սէֆիլյանի կոչին, պատրա՞ստ են համախմբման, թե՞ ոչ:
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյան
-Պարո՛ն Ռուբինյան, Ժիրայր Սէֆիլյանը հասարակական-քաղաքական գործիչներին ուղղված իր նամակում հիշատակել է նաեւ Ձեր անունը: Ինչպե՞ս եք վերաբերվում իր կողմից բարձրացված հարցերին, Ձեզ տեսնո՞ւմ եք այդ մարդկանց հետ համագործակցելիս:
-Նամակին նորմալ եմ վերաբերվում, անհանգստությունները կիսում եմ, այդ երեք կետերը վաղուց հայտնի են եւ իսկապես շատ ցավոտ խնդիրներ են: Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ասեմ, որ ես այդ մարդկանց մի մասին եմ միայն ճանաչում: Կարեւորն այն է, թե ինչ նպատակով եւ ինչ աստիճանի անկեղծությամբ ու նվիրվածությամբ մարդիկ կմոտենան խնդրին, իսկ անցյալից եկած պրոբլեմները հանուն ընդհանուր նպատակի կարելի է ուղղակի անտեսել: Խոսքը գնում է կոլեկտիվ առաջնորդության, խելք խելքի տալու եւ ելք գտնելու մասին: Իհարկե, պատրաստ ենք մասնակից լինել նման պրոցեսի, եթե բոլորը նույն սրտացավությունը եւ նվիրվածությունն ունենան:
-Այսինքն՝ այս ցանկում չկա՞ն այնպիսի մարդիկ, ում հետ նույնիսկ այս հարցում չեք համագործակցի:
-Ընդամենը մեկ նամակ է հրապարակվել եւ ցանկ, որը նախապես հայտարարվել է, որ բաց է: Մարդիկ կլինեն, որ կհրաժարվեն, մարդիկ կլինեն, որ չեն հրաժարվի: Եվ բոլոր եզրակացությունները կարվեն, երբ կոնկրետ քննարկումներ սկսվեն, եւ իրական քայլ լինի այդ ուղղությամբ: Հիմիկվանից սկսած նախապայմաններ դնելը ես անիմաստ եմ համարում, եւ գործին որեւէ օգուտ չի կարող տալ:
-Իրատեսական համարո՞ւմ եք նման գործընթացն ու համախմբումը: Արդեն այժմ շատերն ասում են, որ այդ նախաձեռնությունը տապալված է:
-Ես գիտեմ, որ շատերն են ուզում տապալված լինի: Գիտեմ նաեւ, որ բավականին սթափ գնահատականներ են տրվում, որ շանսերը շատ քիչ են: Սակայն ես գիտեմ, որ պայքարը, որքան էլ անհույս լինի, դադարեցնել պետք չէ: Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ ապատիա է տիրում, թեւաթափ վիճակ է, սակայն եթե բոլորս թեւաթափ նստենք մեր տներում, այդ վիճակն անվերջ կլինի: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, թեկուզ անհույս, բայց պայքարը պետք է շարունակել:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյան
-Պարո՛ն Բարսեղյան, Ժիրայր Սէֆիլյանը հասարակական-քաղաքական գործիչներին ուղղված իր նամակում հիշատակել է նաեւ Ձեր անունը: Իր կողմից բարձրացված հարցերին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ամբողջությամբ հասկանում եմ Ժիրայր Սէֆիլյանի մտահոգություններն ու առաջարկած ճանապարհը: Կարծում եմ, որ նրա առաջարկած ալգորիթմը նոր չէ: Ժիրայրի ճիչն ինձ եւ շատերին ստիպում է մտածել, գլուխ գլխի տալ ու արարել այն ճանապարհային քարտեզը, որ կհանի մեզ այս ճահճից: Ինչքան ուշ գտնենք այդ ճանապարհը, այնքան ուշանալու ենք մեր հայրենիքից, տանելու են այն մեր ոտքերի տակից: Համարեք, որ ես էլ եմ այս ահաբեկչական ռեժիմի կալանավոր ու ես էլ եմ ստորագրում Սէֆիլյանի նամակի տակ, համարեք, որ երկուսով ենք գրել, երեւի բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալներ նույնպես կստորագրեին:
-Իսկ ցանկում հրապարակված բոլոր անձանց հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք:
-Սէֆիլյանի բաց նամակի անվանացանկի կամ դրանում ցանկալի եւ բացակա անձանց վրա կենտրոնանալ չարժի: Իսկ դրա վրա կենտրոնացողներն, ամենայն հավանականությամբ, չեն ընկալել խնդիրը: Մոռացե՛ք եւ վերացե՛ք այն հանգամանքից, թե ահազանգողն ով է եւ ում է նշում: Սէֆիլյանի ահազանգը վերաբերում է բոլոր նրանց, ով կհամարի, որ այն իրենն է:
ԱԶԱՏՎԵԼՈՎ ՆԱԽԿԻՆԻ ԿԱԴՐԵՐԻՑ
Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով բուհում տիրող իրավիճակին: «Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները վրդովմունքով հայտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը՝ հանուն սեփական շահադիտական նպատակների: Ռեկտորի կամայականությունների պատճառով համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների աշխատանքային ու կրթական ապագան՝ վտանգված», – նշված է նամակում:
Ինչպես հայտնի է՝ նախկին ռեկտոր Վարդեվան Գրիգորյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, այդ պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ի Շիրակի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Նրա գործունեության հետ կապված դժգոհությունների մասին բարձրաձայնումներն առաջին անգամը չեն: Դեռեւս այս տարվա ապրիլին նա կրկին մի շարք անձանց էր աշխատանքից հեռացրել՝ պատճառաբանելով, թե լրացել է նրանց կենսաթոշակային տարիքը: Այժմ էլ նա ոչ միայն ազատվում է Վարդեվան Գրիգորյանի կադրերից, այլեւ բուհ բերում իր բարեկամներին: Ի վերջո, ի՞նչ է կատարվում Շիրակի պետական համալսարանում, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց Սահակ Մինասյանից:
-Պարո՛ն Մինասյան, համալսարանի աշխատակիցները բաց նամակ են հղել եւ մի շարք մեղադրանքներ հնչեցրել Ձեր հասցեին:
-Այդ բոլոր մեղադրանքները սուտ եւ հերյուրանք են:
-Դուք չե՞ք ընդունում դրանք:
-Այդ ամենի հետ կապված այսօր (երեկ-խմբ) համալսարանում հրավիրվել է արտահերթ քաղխորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն, որն էլ ուղարկվել է բոլորին:
-Նաեւ այս տարվա ապրիլին նման իրավիճակ ստեղծվեց: Նպատակ ունեք ազատվե՞լ Վարդեվան Գրիգորյանի կադրերից:
-Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: Շատ քիչ մարդ է ազատվել աշխատանքից՝ 500 մարդուց 4-5 հոգի: Ինձ համար տարբերություն չկա, թե ում կադրն է: Յուրաքանչյուր կադրին ես նայում եմ որպես անհատականություն: Ոչ մի կադր ոչ մեկինը չէ:
-Մեղադրանքներ հնչեցին, թե բուհում աշխատանքի եք տեղավորել Ձեր բարեկամներին:
-Ես մի բարեկամ ունեմ աշխատող: Սովորաբար մարդիկ թիմ հավաքագրելու սովորություն ունեն: Ես որտեղ աշխատել եմ, թիմ հավաքագրել եմ, թիմով աշխատել ենք բոլորի հետ:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՆԱԽԱՐԱՐ
Երեկ ձեւավորվել է Արցախի նոր կառավարության կազմը: Ինչպես հայտնի է՝ արդեն նոր Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը լինելու է ոչ թե վարչապետը, այլ պետական նախարարը: Այդ պաշտոնում նշանակվել է արդեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Թերեւս շատերին զարմացրել է Կարեն Միրզոյանի չվերանշանակվելը: Նրա փոխարեն արտաքին գործերի նախարար է նշանակվել նախկին նախարար Մասիս Մայիլյանը, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը: 2016 թվականից Մայիլյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Կարեն Միրզոյանն արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատերի համար իսկապես անակնկալ էր այդ պաշտոնում նրա չվերանշանակվելու հանգամանքը: Առավել եւս անակնկալ է եղել այդ պաշտոնում Մասիս Մայիլյանի նշանակումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարեն Միրզոյանի աշխատանքից Արցախի ղեկավարությունն այս ընթացքում գոհ է եղել, եւ հենց դրանով է պայմանավորված, որ նա առաջիկայում ամենայն հավանականությամբ նոր պաշտոն կստանա:
ԳՈՐԾԵՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ
Իրավապահ համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ օպերատիվ գործերն են անհետանում բաժիններից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզի Կումայրի բաժնից անհետացել է օպերատիվ գործերից մեկը, որը նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ ոչնչացրել է: Տեղեկացանք, որ այդ դեպքի մասով հատուկ քննչական ծառայությունում քննություն է ընթանում: ՀՔԾ-ից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենց վարույթում նման քրեական գործ քննվում է, եւ առաջիկայում նախաքննությունը կավարտվի:
ԿՔՆՆԱՐԿԵՆ
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու մասով գործընթաց սկսելու հարցը: Հարցի հիմնական զեկուցողը կլինի խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Սակայն նիստի օրակարգը բավական հագեցած է, եւ բացի այս նախագծից՝ ընդգրկված է նաեւ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որի դեպքում էլ հիմնական զեկուցողը կլինի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իշխանությունները դեմ են արտահայտվել այս նախագծին: Ու դատելով իշխող ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների ելույթներից՝ «չկողմնորոշվածը» մնում է «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն դժվար թե նրանք սատարեն «Ելք» խմբակցությանը: