Բազմաբնակարան շենքերի բնակիչներից հավաքված գումարները՝ կես միլիոն դրամ, հափշտակվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալինա Ամիրխանյանը 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին աշխատել է Վանաձոր քաղաքի Ուսանողական համատիրությունում որպես տեսուչ: Բնակարանային սպասարկման վճարներ է հավաքել: Ու պարզվում է՝ տեսուչ Ալինա Ամիրխանյանը բնակիչներից վերցրած գումարները մի մասն է միայն մուտքագրել համատիրության դրամարկղ, իսկ մյուս մասը՝ 527 հազար 620 դրամի չափով, յուրացրել է:
Եւ որպեսզի ամեն ինչ հավատարժան լինի, Ալինա Ամիրխանյանը բնակիչներից վերցրած բնակարանային սպասարկման համար նախատեսված գումարի դիմաց նրանց տրամադրել է վճարման փաստը հիմնավորող ձեւական անդորրագրեր, որտեղ նշել է փաստացի գանձված գումարի չափը: Սակայն անդորրագրերի առաջին օրինակներում կեղծ տեղեկություններ է մտցրել գանձված գումարի չափի վերաբերյալ:
Արդյունքում Ալինա Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի` յուրացնելը կամ վատնելը, եւ 325 հոդվածի` փաստաթղթեր, դրոշմներ, կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, հատկանիշներով: Ալինա Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Ինչ խոսք, այս դեպքը վստահաբար կարելի է ասել, որ եզակի չէ: Բոլոր քաղաքներում, հատկապես մայրաքաղաք Երեւանում, եթե համապատասխան ստուգումներ իրականացվեն, գրեթե բոլոր համատիրությունների գործունեության մեջ այսպիսի փաստեր կհայտնաբերվեն: Սա է պատճառը, որ միլիոնավոր դրամի մուտքեր ունեցող համատիրությունները այդպես էլ նորմալ սպասարկում չեն իրականացնում բազմաբնակարան շենքերում. կեղտ, մութ, առնետների խրախճանք, եւ այսպես շարունակ: