Ջոն Քենեդու սպանության ու հոկտեմբերի 27-ի էֆֆեկտը. անմիջական կատարողները հայտնի են, սակայն գործը բացահայտված չի համարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խախտել իր նախորդների կիրառած չգրված ավանդույթներից հերթականը՝ թույլ տալով հրապարակել Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ ամերիկյան գաղտնի փաստաթղթերը: Քենեդու սպանությունը ամերիկյան պատմության դժնագույն իրադարձություններից է, որի շուրջ ցայսօր հստակություն չկա։ Այն իր նշանակությամբ հայ իրականությանում կարելի է համեմատել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, որի 18-րդ տարելիցը լրանում է այս ուրբաթ: Երկու դեպքում էլ անմիջական կատարողները հայտնի են ու ձերբակալված, մինչդեռ հասարակության մեջ գերիշխում է անվերապահ կասկածամտությունը:

Հոկտեմբերի 26-ին լրանում է ԱՄՆ Կոնգրեսի նշանակած վերջնաժամկետը, որով սահմանվում է մի շարք գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգը։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը կա՛մ պետք է ստորագրի նոր հրամանագիր, որով ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի եւ մյուս հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերը պետք է ինչ-որ ժամանակ շարունակեն մնալ փակի տակ, կա՛մ էլ թույլատրի դրանց հրապարակումը։ ԱՄՆ նախկին նախագահները մշտապես երկարացրել են այդ ժամկետը՝ չցանկանալով կրել հրապարակման պատասխանատվությունը կամ էլ զգալով, որ այդ նյութերի հրապարակումը կարող է վտանգավոր լինել: ԱՄՆ 45-րդ նախագահն ակնհայտորեն չի կիսում իր նախորդների կարծիքը եւ մտադիր է խախտել նախագահական ավանդույթներից հերթականը: Սպիտակ տան ներկայացուցիչները փոխանցել են, որ Թրամփը համոզված կողմնակիցն է թափանցիկ կառավարման սկզբունքների, եւ եթե ԱՄՆ հատուկ ծառայությունները չներկայացնեն հիմնավոր բացատրություններ, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել փաստաթղթերի հրապարակումը, նախագահը չի երկարացնի դրանց գաղտնիության ժամկետը։


Ակնհայտ է, որ Թրամփը ԱՄՆ պատմության ամենահակասական դրվագներից մեկը օգտագործում է իր քաղաքական հաշվարկների համար: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր գրեթե ամեն շաբաթ Թրամփն ու իր թիմը ստիպված էին բախվել տեղեկատվական ներքին արտահոսքերի ու դրանց առաջացրած հանրային հարցադրումների հսկայածավալ տարափին: Այդ իրավիճակում բնականորեն նվազում է կառավարության գործունեության արդյունավետությունը՝ արհեստական խոչընդոտ հանդիսանալով գործադիրի համար: Բացի այդ՝ Թրամփն ինքն էլ կարծես հոգնել է իր անվան մշտական շահարկումներից եւ օրինաչափորեն աստիճանաբար սպառում է հակառակորդներին հակահարված տալու ռեսուրսները: Բնույթով միտված լինելով կոտրելու նախկին կարծրատիպերն ու խախտելու վաշինգտոնյան քարացած ավանդույթները՝ Թրամփը Քենեդու սպանության մասին գաղտնի փաստաթղթերը թերեւս հրապարակում է ճիշտ ժամանակին: Ցուցադրելով իր անհաշտ բնավորությունը՝ նա ամերիկյան հասարակության ու ԶԼՄ-ների համար յուրօրինակ զբաղմունք է ստեղծում: Հասարակական ուշադրությունը առժամանակ կսեւեռվի գաղտնի փաստաթղթերի մանրամասների ու դրանց ուսումնասիրության վրա՝ ինչ-որ չափով հանգիստ թողնելով նախագահին ու նրա վարչակազմին:
Քենեդու սպանության գործի քննությամբ զբաղված հետաքննող լրագրողներն ու պատմաբանները, սակայն, առանձնապես ոգեւորված չեն այդ փաստաթղթերի հրապարակմամբ: Նրանց մեծ մասը համոզված է, որ դա գործի բացահայտմանը առարկայական նորություն չի հաղորդելու: Հասարակության ներսում առկա կասկածը, որ Լի Հարվի Օսվալդը չի եղել մարդասպանը, կամ նա միայնակ չի իրականացրել սպանությունը, թրամփյան հրապարակումներով չի հաստատվելու: Սակայն առավել հիմնավոր է կարծել, որ փաստաթղթերի հանրայնացմամբ կարող է պարզվել, թե ինչպես են հատուկ ծառայություններն ու առանձին անհատները փորձել պարտակել գործի ամբողջական բացահայտումը: Ենթադրվում է, որ Քենեդու մարդասպանը հավաքագրվել ու հատուկ պատրաստություն է անցել ՀԴԲ-ի կողմից՝ իրականացնելու համար Ֆիդել Կաստրոյի սպանությունը: Ակնկալվում է, որ փաստաթղթերում կարող են տեղեկություններ լինել նաեւ նախագահի սպանության մեջ Մեքսիկայի դերակատարության առումով:

Ինչպես Քենեդու սպանությունն է համարվում ամերիկյան պատմության ամենազարհուրելի դրվագներից մեկը, այնպես էլ մեզանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն է: 1963թ. Քենեդու սպանության պես 1999թ. խորհրդարանում Հայաստանի ղեկավարության գնդակահարությունն անչափելիորեն ցնցեց հասարակությունն ու պետության հիմքերը: Սակայն եթե ԱՄՆ-ում քաղաքական վերնախավը բավականին հասուն գտնվեց՝ դուրս գալու համար բարդագույն ճգնաժամից եւ չխաթարելու ԱՄՆ պետականության զարգացման ընթացքը, ապա Հայաստանում դեպքերը չափազանց աննպաստ զարգացում ունեցան: Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի ու պաշտոնատար այլ անձանց հրապարակային, աննախադեպ սպանությունը ոչ միայն տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը, այլեւ անդառնալիորեն շեղեց պետության ընթացքը՝ հանգելով իշխանության բռնազավթմանն ու այլասերմանը:

Դրանից հետո լոկ տեխնիկայի հարց դարձան քաղաքական դաշտի ամայացումը, տնտեսության բացարձակ մոնոպոլիզացիան, ընտրական ինստիտուտների խեղումը եւ այլն: Քենեդու սպանության ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջեւ առերեւույթ բազմաթիվ նմանությունների հանգույն՝ երկու հասարակություններում էլ ցայսօր տիրում է կասկածամտությունը գործերի բացահայտման հարցում: Թեպետ հայտնի են անմիջական կատարողները, որոնք պատասխանատվության են ենթարկվել դատական կարգով, սակայն հասարակությունները համոզված են դրանց թիկունքում ինչ-ինչ ուժերի գոյության հարցում: Այսօր ԱՄՆ-ում հրապարակվելիք փաստաթղթերը գուցե ինչ-ինչ հարցերի պատասխաններ տան, մինչդեռ Հոկտեմբերի 27-ի պարագայում դռներն ամուր կողպված են, թեեւ, ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների, ոմանք առարկայական տեղեկատվության, այդուամենայնիվ, տիրապետում են:
Ն. Հովսեփյան




Լրահոս