ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաթնամթերքը շարունակում է թանկանալ. Հայաստանում անասունների գլխաքանակը բավականին պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնապես Հայաստանում անասունների գլխաքանակը բավականին պակասել է։ Ինչի պատճառով մեր հանրապետությունում ոչ միայն միսն է թանկացել, այլեւ կաթնամթերքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գյուղատնտեսության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800՝ նախորդ տարվա 701 հազար 500-ի դիմաց: Եթե նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում կովերի գլխաքանակը կազմել էր 295 հազար 800, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 318 հազար 500:

Ըստ մասնագետների` Հայաստանում անասնագլխաքանակի նվազմամբ պայմանավորված՝ թանկացել է միսը: Իսկ մսամթերքի շուկայում սկսված թանկացումն արդեն հանգեցրել է նաեւ կաթնամթերքի թանկացման։ Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ երաշտի հետեւանքով գյուղացին չի կարողացել ձեռք բերել անհրաժեշտ անասնակերը եւ ստիպված մորթել է անասուններին: Բացի այս՝ ինչպես հայտնի է՝ աշնան՝վերջին կաթի արդադրության ծավալներն ամեն դեպքում նվազում են: Արդյունքում, անասունների գլխաքանակի անկումը կրկնակի նպաստել է, որպեսզի կաթը թանկանա: Որոշ մասնագետների պնդմամբ՝ առաջիկա ամիսներին կաթնամթերքն ավելի կթանկանա:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ: Ընդ որում, նշված սննդատեսակների շուկայում գնային բարձրացում նկատվել է նաեւ սեպտեմբերին: Օրինակ՝ անարատ կաթը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 1.1 տոկոսով է թանկացել: Իսկ պանիրն ու կաթնաշոռը նշված ժամանակահատվածում թանկացել են 3.9 տոկոսով: Մածունի եւ յոգուրտի գները հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել են 0.2 տոկոսով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս