Սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիները հայտնվել են անելանելի դրության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական փաթեթից օգտվող պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է` հանգստի նպատակով պետության կողմից իրենց հատկացված 80 հազար դրամները չեն կարողանա Ամանորի տոներին օգտագործել, իսկ եթե մինչեւ տարեվերջ այդ գումարը չօգտագործեն, ապա դրանից կզրկվեն: Հյուրանոցներ մեծ մասը հրաժարվում է քաղծառայողներին սպասարկել՝ պատճառաբանելով, թե գալիք տոնական օրերին իրենք ազատ տեղեր չունեն:

Ինչպես հայտնի է` սոցիալական փաթեթից կարող են օգտվել միայն քաղծառայողները, պետական պաշտոններ զբաղեցնող անձանցից` կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների, պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողները: Փաթեթի շրջանակներում տրամադրվող միջոցները պետական համակարգի աշխատակիցները կարող են օգտագործել 4 ուղղություններով` հանգստի նպատակով, հիփոթեքային վարկերի մարում, ուսման վարձերի վճար եւ առողջապահական լրացուցիչ ծառայությունների ապահովագրում:

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից դեռեւս 2011 թվականին ընդունված որոշմամբ` սոցիալական փաթեթի շրջանակներում շուրջ 120 հազար պետական աշխատողներ իրենց հանգիստը կազմակերպելու համար 132 հազարական դրամ են ստանում: Այդ գումարից 52 հազար դրամը հատկացվում է պարտադիր բժշկական ապահովագրության համար: Այսինքն՝ զուտ հանգստի համար հատկացվող գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 80 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցիալական փաթեթով հանգիստ կազմակերպող տուրիստական գործակալությունների ցանկը տեղադրված է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջում: Ըստ այդմ, սոցփաթեթից օգտվել ցանկացողները կարող են դիմել ցանկում տեղ գտած 50-ից ավելի տուրիստական գործակալություններին:

Ի դեպ, նշենք, որ սոցիալական փաթեթից օգտվողներն իրենց հանգիստը կարող են անցկացնել միայն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Ըստ կառավարության` այս մոտեցման նպատակն է նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը: Բայց պարզվում է, որ կառավարությունը ընդամենը ցանկանում է, որ ներգնա տուրիզմը զարգանա առանց առարկայական քայլերի:

Քանի որ պետության կողմից հանգստի նպատակով քաղծառայողին հատկացված 80 հազար դրամը բավարար չէ՝ ընտանիքի մեկ-երկուօրյա հանգիստը կազմակերպելու համար: Բազմաթիվ հյուրանոցներ եւ հանգստյան տներ հրաժարվում են Ամանորի շրջանակներում քաղծառայողներին սպասարկել 80 հազար դրամի սահմաններում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները վրդովված պատմեցին, որ այս ընթացքում ցանկացած հյուրանոց դիմելիս պարզում են, որ իրենց հատկացված 80 հազար դրամը շատ քիչ է՝ հանգիստը կազմակերպելու համար: Կան նաեւ հյուրանոցներ, որոնք առաջարկում են դիմել հունվարի 7-ից հետո, երբ տոնական օրերը ավարտված կլինեն, եւ նրանք էլ սոցփաթեթից չեն կարողանա օգտվել:

Օրինակ՝ «Սիրով» տուրընկերությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, լսելով հանգստի նպատակով հատկացված 80 հազար դրամի մասին, անմիջապես հայտարարեց. «Եթե մեկ անձի համար է, ապա կարող ենք 80 հազար դրամի սահմաններում առաջարկել Հանքավանի «Նաիրի» հյուրանոցը երկու օրով: Բայց միայն այս օրերին, իսկ Ամանորին` ոչ»:

Իսկ եթե քաղծառայողը ցանկանում է Ամանորը դիմավորել Հանքավանի «Նաիրի» հյուրանոցում, ապա նա պետք է 80 հազար դրամին ավելացնի 30 հազար դրամ. կրկին երկու օրով: Բայց արդեն ուշ է, քանի որ տեղերը զբաղված են: Իսկ եթե ազատ համար լինի «Նաիրի» հյուրանոցում, ապա երկու անձի դեպքում Ամանորը անցկացնելու ծախսերը կկազմի 500 հազար դրամ:

«Ռումէա» գործակալությունը եւս չկարողացավ 80 հազար դրամի չափով առաջարկ ներկայացնել: Ընկերությունից փոխանցեցին, որ երկու անձից՝ 5 տարեկան երեխայի հետ, Ծաղկաձորի մարզահամալիրում տոնական օրերը անցկացնելու համար պահանջվում է 370 հազար դրամ, իսկ ԼՂՀ-ի «Վալլեքս» հյուրանոցում` 350 հազար դրամ:

Այսինքն՝ եթե մարդը ընտրում է Ծաղկաձորի հյուրանոցը, ապա նա իր ունեցած 80 հազար դրամին պետք է ավելացնի 290 հազար դրամ: «Լոկա թրավել» ընկերությունից մեկ անձի համար 80 հազար դրամով առաջարկեցին երկու օր` օրական 40 հազար դրամով Ծաղկաձորի մարզահամալիրի հյուրանոցի առաջին հարկը, որտեղ սենյակները փոքր են եւ առանց գալա ընթրիքի: Ի դեպ, տվյալ ընկերությունը առաջարկեց նաեւ Ղարաբաղում «Եվրոպա» հյուրանոցը, որտեղ երկու անձի ծախսը կազմում է 288 հազար դրամ, իսկ Դիլիջանի «Դղյակ» հյուրանոցում` երկու անձի համար 190 հազար դրամ:

Եւս մի ընկերություն` «Ֆան թրավել»-ի աշխատակիցը առաջարկեց միայն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հյուրանոցը` դեկտեմբերի 31-ց մինչեւ հունվարի 5-ը: Ապա տեղեկացրեց, որ հյուրանոցը միջին կարգի է, ո՛չ լողավազան կա, ո՛չ էլ մարզասրահ, իսկ ամանորյա տոնկատարություն չի լինելու: Այստեղ մեկ անձի համար պահանջվում է 75 հազար դրամ:

Նշված տուրընկերության աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ մյուս հյուրանոցները Ամանորն իրենց մոտ անցկացնելու համար մեկ անձի համար պահանջում են 150 հազար դրամ եւ ավել գումար: Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցում 80 հազար դրամով անհնար է Ամանոր նշել: Հյուրանոցի աշխատակիցը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ 80 հազար դրամով անձը կարող է չորս օր անցկացնել հյուրանոցում, բայց սոված: Իսկ ամանորյա փաթեթները սկսում են 500 հազար դրամից երկու անձի համար:

Մի խոսքով, բոլոր այն քաղծառայողները, ովքեր միամտաբար իրենց սոցփաթեթները չեն օգտագործել՝ հույսեր փայփայելով, որ ամանորյա տոները նշելու նպատակով այն կօգտագործեն, փաստի առաջ են հայտնվել:

Իսկ ամենավատն այն է, որ եթե արտերկյա հանգստի ֆինանսավորման արգելքը չլիներ, ապա քաղծառայողները հաստատ կկարողանային իրենց հատկացված գումարով հիասքանչ մի օր անցկացնել Վրաստանի քաղաքներից մեկում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս