Օղակը սեղմվում է. Թրամփի լրջանալու պահն ու նրա հակառակորդների հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործերը առանձնապես լավ չեն թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական բնագավառներում: Եվ եթե արտաքին հարաբերություններում Թրամփը ԱՄՆ-ին քայլ առ քայլ մոտեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ընդհարմանը, ապա ներքին հարթակում կարծես գնում է դեպի հարկադրյալ պաշտոնանկության:

Թրամփի քարոզչական շտաբի ու ռուսական շրջանակների կապերը հետաքննող դատախազը հետեւողականորեն սեղմում է օղակը Թրամփի շուրջ՝ քայլ առ քայլ իր ճանկը գցելով նախագահի մերձավորներին:
Դեռեւս նախորդ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով նախկին հատուկ խորհրդական Մայքլ Ֆլինը սկսել է համագործակցել ՀԴԲ-ի եւ մասնավորապես հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննչական հանձնախմբի հետ:

Այդպիսի ենթադրության հիմք էր հանդիսացել տեղեկությունն այն մասին, որ Ֆլինի իրավաբանները հրաժարվել էին խորհրդակցել Թրամփի իրավաբանների հետ՝ պատճառաբանելով շահերի հնարավոր բախումը: Սա իսկապես արտառոց էր, քանզի նախկինում երկու կողմերի իրավաբանները հանդես էին գալիս իբրեւ մեկ միասնական ճակատ՝ փոխանցելով միմյանց հասանելի դարձած տեղեկությունները, խորհրդակցում առաջիկա քայլերի շուրջ, ինչպես նաեւ մշակում միասնական մարտավարություն:

Սակայն այն պահից, երբ հայտնի դարձավ Ֆլինի ու Թրամփի իրավաբանների համագործակցության խզման փաստը, այլեւս պարզ էր, որ «հակառակորդ», հատուկ դատախազի ճամբարը համալրվել է «դասալիք» Ֆլինով: Թեպետ ո՛չ իրավապահները, ո՛չ էլ Ֆլինի փաստաբանները չէին հաստատում ճամբարափոխության փաստը, բոլորի համար պարզ էր, որ Թրամփի կուռ թիմը հերթական կորուստն է տվել:

Ուրբաթ երեկոյան պարզ դարձավ, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը պաշտոնաթող գեներալին մեղադրանք է առաջադրել՝ ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու համար: Հիշենք, որ Ֆլինը ժամանակին ամբողջությամբ չէր գաղտնազերծել ռուսական կառավարող շրջանակների հետ իր հարաբերությունները եւ թաքցրել էր առանցքային դրվագներ իր վարած բանակցություններից: Սակայն ստելով հանդերձ՝ գեներալը այնպիսի բանակցություններ էր վարել ռուսների հետ եւ այնպիսի հարցեր համաձայնեցրել, որոնք վեր էին իր լիազորությունների շրջանակից՝ իբրեւ իշխանության փոխանցման համար Թրամփի թիմի ներկայացուցիչ: Այդժամ Ֆլինը չէր կարող ԱՄՆ պետության անունից հանդես գալ ՌԴ դեմ պատժամիջոցների վերացման կամ նմանատիպ այլ հարցերով, մինչդեռ նա դա իրականացրել էր:

Ավելին՝ անգամ պարզվեց, որ Ֆլինը համաձայնել էր հոնորարի դիմաց ծառայություններ մատուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս գործողությունները պարունակում էին քրեական հանցագործության առարկայական տարրեր, եւ այսժամ պարզապես զարմանալի է, որ դատախազը Ֆլինին առաջադրել է մեղադրանք միայն իրավապահներին ստելու համար:

Նման մեղմ վերաբերմունքի պատճառը, սակայն, պարզ դարձավ, երբ հայտարարվեց, որ նախկին գեներալը խոստացել է համագործակցել դատախազի հետ նրան անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելու պայմանով: Ակնհայտ է, որ դատախազը չի ցանկացել խստացնել Ֆլինին սպառնացող պատիժը նրա ունեցած տեղեկատվությունն օգտագործելու միտումով: Ֆլինը, ըստ այդմ, համաձայնել է դառնալ դատախազի «ինֆորմատորը»:

Մյուլլերի քայլը շատ պարզ է ու հստակ՝ Ֆլինի տեղեկատվությունն ու ցուցմունքները օգտագործել եւ հասնել ավելի բարձր օղակների: Այդպիսի բարձր օղակ է համարվում Թրամփի փեսա եւ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները: Արդեն իսկ հայտնի է, որ ռուսական շրջանակների հետ բանակցելու հորդորը Ֆլինին եկել է Քուշների կողմից: Այս իրավիճակում ԱՄՆ առաջին փեսան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, թեպետ իբրեւ կամավոր ավելի վաղ հարցաքննվել է ՀԴԲ քննիչների կողմից:

Թրամփը արդեն իսկ գիտակցում է, որ ռուսական հետքի շուրջ ձերբակալությունները մոտենում են իրեն: Դրանց արդյունքում բացահայտվելիքը գուցե բավարար չլինի նախագահին քրեական մեղադրանք առաջադրելու համար, սակայն լիուլի բավարար կլինի իմպիչմենտի համար:

Թրամփը ցուցադրական անտարբերությամբ արձագանքեց Ֆլինին առաջադրված մեղադրանքին՝ հայտարարելով, որ ինքը Ֆլինին աշխատանքից ազատել է փոխնախագահ Փենսին ու ՀԴԲ-ին ստելու համար: Այդ կերպ նա ցույց է տվել, որ անհանգստանալու ոչինչ չունի: Իրականում ՀԴԲ-ի նախկին տնօրենին պաշտոնանկ էր արել հենց Ֆլինի դեմ հետաքննությունը չկասեցնելու համար, ինչը արդեն իսկ առաջադրված մեղադրանքի ֆոնին հանդիսանում է իբրեւ արդարադատությունը խոչընդոտելու գործողություն:

Իրավիճակն իրականում չափազանց նուրբ է, եւ իրադարձությունների հետագա զարգացումը անհնար է ճշգրտորեն կանխատեսել: Փաստ է, որ հատուկ դատախազը քայլ առ քայլ մոտենում է նախագահին՝ ստեղծելով քաղաքական նախադրյալներ, որպեսզի Թրամփի հակառակորդները կարողանան պաշտոնանկության գործընթաց սկսել: Պարզ է միայն, որ իրավիճակը հանգուցալուծվելու է քաղաքական որոշմամբ, ինչն էլ իր հերթին կախված է զիջումների գնալու Թրամփի պատրաստակամությունից:

Ի դեպ, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ ոճրագործության քննությամբ զբաղվում էին անմիջականորեն Քոչարյանին չենթարկվող քննիչները, ձերբակալությունների շղթան նույնպես մոտենում էր նախագահական նստավայրին:

Այդժամ անգամ ձերբակալվել էին ինչպես նախագահականից ուղղորդվող հեռուստատեսության աշխատակիցները, այնպես էլ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, ապա օգնական Ալեքսան Հարությունյանը:

Սակայն երբ իշխանությունից հեռացվեց Քոչարյանին ընդդիմացող թեւը՝ վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, ձերբակալությունները դադարեցին, կալանավորվածները ազատ արձակվեցին, իսկ կազմակերպիչների մասով գործը կարճվեց: ԱՄՆ-ում, սակայն, իրադարձությունների նման սցենարը բացառվում է, քանի որ այդ երկրի ժողովրդավարական եւ իրավական ավանդույթները նույնիսկ երկրի նախագահին հնարավորություն չեն տալիս առանց հիմքի իր հակառակորդներից ազատվել:

Ն. Հովսեփյան




Լրահոս