Հարց քաղաքացիներից` երեխաները իրավունք ունե՞ն ստանալու իրենց ծնողների ավանդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս ավանդ է ունեցել իր անունով, սակայն մահացել է: Խնդրում եմ ասեք՝ ես որպես նրա ժառանգորդ, կարող եմ ստանալ նրան հասանելիք գումարը: Ընդհանրապես, երեխաները իրավունք ունե՞ն ստանալու իրենց ծնողների ավանդը: Եթե այո, ապա ո՞ր դեպքում, եթե ոչ, ապա ո՞ր դեպքում:

Մարգարյան Գերասիմ (Բաշինջաղյան, 7-րդ փողոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի՝ ավանդատուի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ կամ ավանդատուի մահով:

Նույն կարգի 20-րդ կետի համաձայն՝ փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Գերասիմ Մարգարյանը մահացած հոր անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը չի կարող ստանալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը դրամական օգնություն է սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին, որը հաշվարկվում է «2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով:




Լրահոս