Սերժ Սարգսյանի մտերիմի ճակատագիրը. մարդ, որ տարիներ առաջ անպատիժ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին շրջանում հաճախ կարելի է հիշել այնպիսի ազդեցիկ գործիչների, որոնք եղել են իշխանության հովանավորության տակ, սակայն հետագայում ինչ-ինչ հանգամանքներում սնանկ են ճանաչվել: Եվ ահա այդպիսի մարդկանց թվում է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ»):

Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին է պատկանում «Ախթամար» հյուրանոցային համալիրը, իսկ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմկիտեն 8 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ախթամար» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ նախկին պատգամավորի ընկերությունից ընդհանուր գանձվի 63 միլիոն դրամ եւ ստիպեն նրան կատարել մաքսային պարտավորությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան նաեւ Լեւոն Սարգսյանի սնանկացման մանրամասները: Մարդ, որ տարիներ առաջ բառացիորեն անպատիժ էր:

Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հորդորել էր Լեւոն Սարգսյանին ներդրում իրականացնել Հայաստանում: Արդյունքում Լեւոն Սարգսյանը, լինելով նրա հավատարիմը, հիմնել է «Ախթամար» հյուրանոցային համալիրը, դրա կազմում ստեղծել նաեւ «Գոլդեն Փելես» խաղատունը:

Լեւոն Սարգսյանի մերձավորներից մեզ հայտնի դարձավ, որ նա «Գոլդեն Փելես» խաղատան դիլլերներին կասկածել է իր դեմ ծուղակ պատրաստելու մեջ: Իսկ ծուղակի էությունը եղել է այն, որ օրերից մի օր Լեւոն Սարգսյանի խաղատուն են այցելել արաբ շեյխեր, որոնք անհասկանալի հանգամանքներում խոշոր գումարներ են շահել. խոսքը ոչ ավել, ոչ պակաս 4 միլիոն դոլարի մասին է՝ 2 փուլով: Լեւոն Սարգսյանը ստիպված է եղել վճարել գումարները:

Իսկ ինչո՞ւ է ստիպված եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արաբ շեյխերը Հայաստանից գնալով՝ որոշել են ամեն գնով իրենց շահած գումարը ստանալ եւ այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկել: Նախ՝ արտերկրի իրենց կապերն են գործի դրել եւ, ի վերջո, կարողացել են խնդրի լուծմանը ներքաշել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Լեւոն Սարգսյանն էլ չունենալով այլ տարբերակ՝ ստիպված է եղել համակերպվել տեղի ունեցածի հետ եւ արաբ շեյխերին վճարել նրանց շահած գումարները: Բայց որտեղի՞ց:

Խնդրի լուծման նպատակով նա դարձյալ բարձրագույն իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել, մարել արաբների պարտքերը եւ «ընկել վարկի տակ»: Արդյունքում սկսվել է նրա սնանկացման գործընթացը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա գրավադրել է իրեն պատկանող ողջ գույքը, որպեսզի կարողանա փրկել բիզնեսը, սակայն այդ փորձերն անցել են ապարդյուն, քանի որ նախկին պատգամավորին պատկանող գույքը անցել է բանկերի տիրապետման տակ:

Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լեւոն Սարգսյանն այսօր ընդամենը Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ:

Նրա մտերիմները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նա ներկայումս ապրում է Մոսկվայում իր ընկերոջ կողմից տրամադրած բնակարանում:

Հիշեցենենք, որ սա այն Լեւոն Սարգսյանն է, որը իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ, որպեսզի տանն էլ Սերժ Սարգսյան ունենար:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2013-2014 թվականներին էլ սնանկացավ Սերժ Սարգսյանի մեկ այլ մտերիմ օլիգարխ Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իննսունականների վերջից համարվում էր բենզինի եւ ցորենի ներկրման մենաշնորհ ունեցող անձանցից մեկը:

Հետագայում նա կարողացավ գնել նախկին «Հայխնայբանկը», նրան էր պատկանում Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը եւ այսպես շարունակ: Բայց 2013-ի նախագահական ընտրություններից հետո Միխայիլ Բաղդասարովի գործերը սկսեցին սրընթաց վատանալ, եւ նա սկսեց մեկը մյուսի ետեւից կորցնել իր բիզնեսները: Կարծիքներ կային, որ ամեն ինչ սկսվել է այն բանի պատճառով, որ Բաղդասարովը նախագահական ընտրությունների համար գումար չի տրամադրել Սերժ Սարգսյանին, քանի որ «Արմավիան» արդեն իսկ լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել:

Քնար Մանուկյան




Լրահոս