Որտե՞ղ է ՀՀ առողջապահության նախարարը. հիվանդանոցներում գրիպով մարդիկ օրեցօր շատանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությանն ու այն փաստին, որ այս օրերին հատկապես մանկական բուժհաստատություններում հիվանդ երեխաների հոսքից տեղ ու դադար չկա, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մինչ օրս անձամբ ոչ մի բժշկական հաստատություն չի այցելել, չի հետաքրքրվել իրավիճակով: Համենայնդեպս ոչինչ հայտնի չէ նրա գործողությունների մասին. նույնիսկ տպավորություն է, թե նա դեռ արձակուրդից չի վերադարձել:

Նկատենք սակայն, որ ՀՀ առողջապահության նախկին գրեթե բոլոր նախարարները սեզոնային վիրուսների ժամանակ անձամբ էին այցելում բժշկական հաստատություններ, փորձում իրավիճակը վերահսկողության տակ պահել, սակայն ներկայիս նախարարին կարծես թե հիվանդներն այնքան էլ չեն հետաքրքրում:

ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից հետաքրքրվեց` նախարարն ինչու մինչ այժմ որեւէ բժշկական հաստատություն անձամբ չի այցելել: Ի պատասխան վերջինս նշեց. «Այս տարի մեզ մոտ առանձնապես մեծ չէ, համահունչ է սեզոնին, բռնկման մեծացում չունենք: Նախորդ տարիների համեմատ ծանր դեպքեր չունենք: Ինչպես նկատել եք, մեր նախարարն ավելի շատ ծրագրային գործունեությամբ է զբաղվում, եթե պետք է, ուղարկում է մարդկանց, եթե հարկ լինի, ինքը կգնա էլ»:

Ստացվում է, որ միայն մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 երեխաների վիճակը որեւէ կերպ չեն ստիպում Լևոն Ալթունյանին այցելել բժշակական կենտրոններ: Թերևս նախարարն ավելի կարևոր գործերով է զբաղված. մտածում է` այս անգամ ինչպիսի հայտարարություն անի, որ մի քանի օր անց փորձի հերքել ինքն իրեն:




Լրահոս