ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՍ Է ԱՌԱՋԱՑԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ նշանակվելու հենց առաջին օրվանից Կարեն Կարապետյանը հայտարարեց ներդրումների խրախուսման մասին՝ ասելով, թե բոլորն ազատ են` Հայաստանում բիզնես-գործունեություն սկսելու համար, եւ խոչընդոտներ չեն կարող լինել: Օրեր առաջ էլ Կարեն Կարապետյանը Շվեյցարիայի Դավոս քաղաք այցի ժամանակ հանդիպել է գործարարներին եւ կրկին Հայաստանում բիզնես գործունեություն սկսելու կոչեր արել: Սակայն, ի վերջո, որքանո՞վ են սփյուռքահայ գործարարները հետաքրքրված Հայաստանում կամ ինչ խնդիրների են հանդիպում այստեղ գործունեություն ծավալելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, օրեր առաջ Շվեյցարիայում դիմելով սփյուռքում գտնվող գործիչներին, ասել է՝ եկե՛ք, բիզնեսով զբաղվե՛ք Հայաստանում եւ ներդրումներ կատարե՛ք: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս կոչին, սփյուռքահայերը վստահո՞ւմ են Հայաստանին:
-Եթե գտնվեն սփյուռքահայեր, որ այդ կոչին հավատան, նրանց վերջը կլինի դաժան, կամ նրանք պետք է պայմանավորվեն 50/50-ի կամ նույնիսկ 10/90: Իսկ ուրիշ տարբերակ, որ գաս, աշխատես նորմալ, ու պետությունը քեզ պահի, ես այդպիսի տարբերակ մինչեւ այսօր չեմ տեսել եւ չեմ էլ կարող պատկերացնել այսպիսի իրավիճակում, երբ որ միայն խաբեություն է դրված ամեն ինչի հիմքում: Ինչպես հնարավոր կլինի Հայաստանում ազնիվ բիզնես դնել, եթե ընտրությունները կեղծվել են մինչեւ վերջին պահը, իսկ նոր Սահմանադրությունն էլ ստեղծվեց միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանը տարբեր տարբերակներով հարատեւ ղեկավարի երկիրը: Նման իրավիճակում անհնարին է Հայաստանում նորմալ բիզնես կազմակերպելը: Սա մի կողմից, եւ մյուս կողմից էլ ինքը՝ Կարեն Կարապետյանը, մինչեւ այսօր ինչ-որ հայտարարել է, արդյո՞ք Դուք հիմքում տեսել եք ճշմարտություն: Տեսե՞լ եք, որ իր ասածը կատարեց: Եթե պայմաններ ստեղծեն, ոչ մեկը Հայաստանին չի հասնի, բայց ո՛չ պայմաններ կստեղծի կառավարությունը, ո՛չ էլ ցանկություն կամ հնարավորություն ունի դա անելու, որովհետեւ մոտեցումները համակարգի մեջ բացարձակապես այլ են: Այսինքն` մինչեւ համակարգը չփոխվի, ոչ մի լավ բան Հայաստանի տնտեսությանը չի սպասում:
-Կարեն Կարապետյանը հենց սկզբից հայտարարեց տնտեսական բարեփոխումների ու ներդրումների խրախուսման քաղաքականության մասին: Այսինքն` այս մասով առաջընթաց չկա՞:
-Օրինակ` մեր հոլդինգը 2016 թվականին, երբ ինքը 20 օրվա վարչապետ էր, հոկտեմբերի 6-ին այցով եկանք Հայաստան, հանդիպեցինք կառավարության հետ, տվեցինք ֆանտաստիկ առաջարկներ: Մինչեւ այսօր այդ առաջարկների պատասխանները ստացե՞լ ենք արդյոք, չէ՞ որ միայն այո՛, այո՛, այո՛ լսեցինք: Կամ «Նաիրիտի» հարցում ի՞նչ եղավ, 2017-ին մասնակցում ենք հայտարարված տենդերին ու ոչ մի պատասխան չենք ստանում: Եթե առաջին ներդրողը՝ հսկայական հոլդինգ, ինչ կարողացանք Հայաստանից ստանալ, որեւէ լուրջ առաջարկ ստացա՞նք: Արդյո՞ք դրական պատասխան կամ քայլ եղավ, ո՛չ մի քայլ, ո՛չ մի պատասխան:
-Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ սփյուռքահայերը չեն ցանկանում ներդրումներ կատարել: Ի՞նչ այլ խոչընդոտների կարող են Հայաստանում հանդիպել:
-Գործարարները հիմնականում դժգոհում են նրանից, որ քանի որ Հայաստանում ֆինանսական փոս է առաջացած, բնական է՝ ինչքան գումար տարար Հայաստան, այդ փոսի մեջ ընկնում է ու դուրս չի գալիս: Հայաստանի կառավարությունը սովալլուկ վիճակում միայն վարկերով է կարողանում իր գոյությունը քարշ տալ: Երկիրը պահողը միայն վարկերի աճելու ընթացքում ձեռք գցած գումարներն են: Բնական է, եթե դրսից գումար է հանկարծ գալիս՝ այդ վարկերին զուգահեռ, ապա կառավարությունն արդեն մոտեցումների միջեւ տարբերություն չի դնում: Եվ նույն եկած գումարներն անմիջապես սկսում են օգտագործել իրենց հետաքրքրությունների համար, իսկ նախարարների՝ մինչեւ այսօր ունեցած հետաքրքրությունները, ինչքան հնարավոր է` օֆշորային հաշիվների վրա փող ուղարկելն է եղել կամ Հայաստան եկած գումարների մեծ մասը պարտակելը: Օրինակ` Ասիայի զարգացման բանկը ֆինանսավորեց Հյուսիս-հարավ մայրուղին, գնահատեց 800 մլն-ից մինչեւ 1 մլրդ, այդ գումարներն ամբողջովին Հայաստանի իշխանությունները ստացել են, եւ պարզվում է, որ 151 մլն դոլարի են ընդհանրապես աշխատանքներ տարել, իսկ ո՞ւր են մնացած գումարները: Ինչպես կարելի է այդ աստիճանի կողոպտել: Հիմա տրանսպորտի նախարարն ընկած նորից գումարներ է ողորմում, եւ բնական է՝ չի կարողանում ձեռք գցել: Ինձնից անձամբ խնդրել է 400 մլն, որ խելագարն այլեւս այդ փողերը կտա: Չէ՞ որ հասկացանք՝ տված գումարից 20 տոկոսն է օգտագործվել, մնացածը կերել են:

 

 

 

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված Արմեն Սարգսյանը երեկ սկսեց իր հանդիպումների շարքը նախ` իշխող ՀՀԿ-ի, ապա` ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ: Ընդ որում, եթե ՀՀԿ-ի հետ հանդիպմանը մասնակցում էին միայն խմբակցության ներկայացուցիչները, ապա ՀՅԴ-ի հետ հանդիպման ֆորմատը մի փոքր լայն էր, ներկա էին թե՛ պատգամավորները, թե նախարարները: Թեեւ ՀՀԿ-ական պատգամավորների հետ հանդիպումը նախատեսված էր 18:00-ին, սակայն Արմեն Սարգսյանը կուսակցության գրասենյակ ժամանեց 17:20-ին: Նրան դիմավորեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից կուսակցության գրասենյակ ժամանեցին մյուս պատգամավորները:

ՀՀԿ-ականների հետ հանդիպումը տեւել է մեկ ժամից մի փոքր ավել, որի ժամանակ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել իր մոտեցումները, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: Հարցեր հնչեցնողներ այնքան էլ շատ չեն եղել, հանդիպումն էլ չնայած մտերմիկ, բայց ավելի շատ պաշտոնական բնույթ է կրել: Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից առաջինը դուրս եկավ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ (ասորի) Արսեն Միխայլովը, նրանից քիչ հետո էլ քուրդ համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ինքն անձամբ հարց է հղել Արմեն Սարգսյանին՝ հետաքրքրվելով ազգային փոքրամասնությանը վերաբերող հարցերից: ՀՀԿ շենքից դուրս գալիս պատգամավորները խուսափում էին պատասխանել հանդիպմանը վերաբերող հարցերին, միայն իրեն բնորոշ հումորով լրագրողների հետ խոսեց Սեյրան Սարոյանը՝ ասելով, թե հանդիպումը շատ լավ է անցել, սակայն ինքը հարցեր չի տվել: «Լավ մարդ է, լավ էլ թեկնածու է, սաղ ստանդարտներին համապատասխանում է: Համաձայն ենք, շատ էլ լավ մարդ ա», – նշեց նա:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակից Արմեն Սարգսյանին կրկին Վահրամ Բաղդասարյանը ճանապարհեց, վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե արհեստական հանդիպում չի եղել, այլ արդյունավետ, որը նախանշել է հետագա համագործակցության ընթացքը:
Արմեն Սարգսյանն այստեղից շտապեց արդեն ՀՅԴ, որտեղ հանդիպումն ավելի երկար տեւեց՝ մոտ երկու ժամ: Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր որոշումը կայացնելու է միայն տարբեր ուժերի հետ հանդիպումներից հետո: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ դրական գնահատելով հանդիպումը` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ամենայն հավանականությամբ իրենք կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանին, քանի որ հակառակն անելու պատճառ չեն տեսնում: Դիտարկմանը՝ ինչո՞ւ հստակ չեք ասում դիրքորոշման մասին, Ռուստամյանը նշեց, թե նույնիսկ Արմեն Սարգսյանն իր համաձայնությունը հստակ չի տվել:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՀԱՃԵԼԻՆ ՕԳՏԱԿԱՐԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետի Դավոս այցը շարունակում է քննարկման առարկա մնալ: Վարչապետը Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, հասցրել է հանդիպել մի շարք պետությունների իր պաշտոնակիցների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաեւ իր անձնական բիզնեսի խնդիրներով: Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը թանկարժեք ժամացույցների արտադրությամբ է զբաղվում, որի մեխանիզմները հիմնականում ներկրվում են հենց Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում են դրանց հավաքմամբ: Խոսքը «Կրբեդանց» ՓԲԸ-ի մասին է, որը մաս է կազմում Շվեյցարիայում գրանցված եւ տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz բրենդի: Հավելենք, որ ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից:

 

 

ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏ
«Աջ ղեկ» նախաձեռնությունը որոշել է տեղափոխել փետրվարի 4-ին հայտարարած բողոքի երթի օրը: Նրանք որոշել են պայքարել համընդհանուր թանկացումների դեմ, այդ իսկ պատճառով միանում է «Ելք» դաշինքի՝ փետրվարի 5-ին նախաձեռնած` ընդդեմ թանկացումների հավաք-երթին եւ իրենց միջոցառումն էլ անցկացնել այդ օրը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Գեւորգ Աճեմյանը: «Քանի որ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն աջ ղեկանիվով մեքենաների ներմուծումն արգելող օրենքն արդեն ընդունել են, անիմաստ է գնալ եւ առաջարկություններ անել: Օրենքն ընդունելուց առաջ պետք է ամեն ինչ արվեր: Մենք օրերս նախարարության հետ խոսելուց հետո հասկացանք, որ իրենք կոմպետենտ կառույց չեն, այդ իսկ պատճառով երթով գնացինք կառավարության դիմաց: Մի քանի րոպե հետո տեղեկացրին, որ վերահաշվառման արգելքը վերացվել է, որը մեր երկու գլխավոր պահանջներից մեկն էր: Այդ իսկ պատճառով մյուսին հասնելու համար պետք է դիմել վարչապետին»,-շեշտեց նա:

 

 

ՆՈՐ ՀԻՄՆԱՐԿ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտադիր է ստեղծել «Զինուժ ստուդիա» պետական հիմնարկ: Այս մասին որոշման նախագիծը ՊՆ-ն առաջիկայում կներկայացնի ՀՀ կառավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Զինուժ մեդիա»-ին կմիանան նաեւ «Զինուժ ստուդիա», «Հայ զինվոր պաշտոնաթերթ» եւ «Սպայի տուն» պետական հիմնարկները: Ի դեպ, հիմնարկի գործունեության նպատակների թվում լինելու է ոչ միայն ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի գործունեության լուսաբանումը, այլեւ զինվորական ծառայության քարոզչությունը եւ այլն: Սա, թերեւս, նախարար Վիգեն Սարգսյանի՝ «Ազգ-բանակ» ծրագրի բաղադրիչներից է, որը կոչված է լինելու ապահովել պրոպագանդան:




Լրահոս