Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում հրդեհ է բռնկվել: Այրվել է գյուղի բնակիչ Արսեն Նիյազյանի տան բակում կուտակված անասնակերը, քիչ քանակությամբ խոտը եւ դրան կից անասնագոմը: Վնասի չափերը մեծ չեն: Հրդեհի վերաբերյալ Բերդավանից չեն ահազանգել Նոյեմբերյան քաղաքում տեղակայված փրկարար ծառայություն:
Այդ հրդեհի պատճառը բերդավանցիների շրջանում անհանգստություն է առաջացրել: Բերդավանի բնակիչները հրդեհի բռնկվելուց առաջ շվվոցի ձայն են լսել, այն նմանվել է գնդակի կամ արկի ձայնի: 2015թ. սեպտեմբերի 24-ին Բերդավանը Ղազախի շրջանի հենակետերից հրետակոծվեց, 2 կին զոհվեց, Բերդավանի 2 այլ բնակիչ վիրավորվեց: Բերդավանցիները հրդեհից առաջ լսած շվվոցը նմանացրել են 2015թ. սեպտեմբերի 24-ին գյուղի վրա արձակված գնդակի կամ արկի ձայնին:
Այդ պատճառով փետրվարի 21-ին Բերդավանի մանկապարտեզի սաներին ցանկացել են տուն ուղարկել, սակայն մտափոխվել են: Գյուղի մանկապարտեզի շենքը Արսեն Նիյազյանի տան մոտակայքում է: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը չի հավատում, որ տեղի ունեցած հրդեհը ադրբեջանական գնդակոծության հետեւանք է, քանզի հրդեհի վայրում ադրբեջանական գնդակի կամ արկի մնացորդներ չեն հայտնաբերվել: Նրա խոսքով` մեր սահմանապահները կրակոցի ձայն չեն լսել: Ս. Մուղդուսյանը կարծում է, որ հրդեհը կարող էր ծագել էլեկտրական լարերի միացման, բռնկման հետեւանքով: Սա ընդամենը վարկած է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ