«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայկական ռոմանսների կատարող, մի շարք երգերի, ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ Հայկոյի (Հայկ Հակոբյան) հետ: Նա, պատասխանելով մեր բլից հարցերին, անդրադարձել է մարդկային հարաբերություններում իր համար գնահատելի եւ անընդունելի երեւույթներին, խոսել է շոու-բիզնեսում ներկայումս տիրող իրավիճակից, «Եվրատեսիլ»-ի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից, նշել է, թե ում հետ կցանկանար հանդես գալ դուետով եւ հայկական շոու-բիզնեսից ովքեր են, որ հիացնում են իրեն: Հայկոյի հետ զրուցել ենք նաեւ ընտանեկան թեմաներից, կին-տղամարդ հարաբերություններից եւ լավ հոր հատկանիշներից:
-Հա՛յկ, ո՞րն է այս տարվա հետ կապված Ձեր ամենամեծ նպատակը:
-Օրուգիշեր աշխատում եմ նոր ալբոմներիս վրա, նաեւ տանում եմ աշխատանքներ 2017-ին կայացած մենահամերգս մարտի 10-ին հեռուստատեսությամբ հեռարձակելու ուղղությամբ: Սրանք են երկու կարեւոր նպատակներս:
-Մեկը, որից սովորում եք:
-Ես, ընդհանրապես, սովորել շատ եմ սիրում: Համարում եմ, որ երբ մարդու մոտ բացակայում է սովորելու ցանկությունը, երբ նա չափից դուրս ինքնավստահ է դառնում, դա խնդիր է, նշանակում է, որ մոտենում է փակուղու, որ նրա մոտ ամեն ինչ ավարտված է: Ինքս սովորում եմ թե՛ փորձառու պրոֆեսիոնալներից, թե՛ երիտասարդներից, որոնք տաղանդավոր են:
-Մարդկային հատկություն, որն անմիջապես վանում է Ձեզ:
-Ես միանգամից բռնում եմ կեղծը, կլինի դա երաժշտության մեջ, թե մարդկային հարաբերություններում:
-Երեւույթ, որից կյանքի այս փուլում վախենում եք:
-Կարեւոր գործերը չհասցնելուց եմ վախենում:
-Շարունակեք միտքս` եթե կինը փնտրում է վեճի համար անտեղի պատճառներ, ուրեմն…
-Առհասարակ, ես այնպես եմ անում, որ վեճ չլինի: Չեմ սիրում վիճել ոչ մեկի հետ եւ ոչ մի դեպքում, հատկապես կնոջ հետ: Սիրում եմ հասկանալ, զիջել, ներել. երեւի թե դա է կյանքի իմաստը:
-Ընտանեկան հարաբերություններում ամենակարեւորը…
-Փոխըմբռնումն է:
-Ո՞րն է Ձեր առաքելությունը:
-Շատ դժվար հարց է, չգիտեմ (ծիծաղում է):
-Երաժիշտ, որից ոգեշնչվում եք:
-Մեկը չէ, նրանք շատ են` դասական երաժշտության ներկայացուցիչներից ինձ ոգեշնչում է Բախը, փոփից` Բրայան Մըքնայթը:
-Հայկական շոու-բիզնեսից ո՞վ է, որ միշտ հիացնում է Ձեզ:
-Այսպես ասեմ, կան երգիչ-երգչուհիներ, որոնց սիրում եմ` Էմմի, Սիրուշո, Էրիկ Կարապետյան, Գոռ Սուջյան:
-Շարունակեք միտքս` «Եվրատեսիլ»-ին պետք է վերաբերվել որպես…
-Գեղեցիկ, շքեղ ու մեծ եվրոպական շոու-ծրագրի, եւ դրան պետք է պատրաստվել պրոֆեսիոնալ մակարդակով: Այդ մրցույթին չպետք է նայել քաղաքական պրիզմայից, ազգային մոտիվներն էլ պետք է դնել մի կողմ եւ ներկայացնել եվրոպական ստանդարտներին համապատասխան երգ:
-Մի երեւույթ շոու-բիզնեսում, որն այդպես էլ Ձեզ հարազատ չդարձավ:
-Այժմյան շոու-բիզնեսում գերակա ոճն ինձ հոգեհարազատ չէ: 1997-2006 թթ. շատ գեղեցիկ կերպով ձեւավորվել էր էստրադային ժանր, որը հետո աղավաղվեց, փչացավ, բայց ես հուսով եմ, որ նոր դեմքերը, որոնք գալիս են, կլինեն ռոք, դասական երաժշտություն, թե ազգային երգեր ներկայացնողներ, կփոխեն ամեն ինչ, դրական տեղաշարժ կանեն:
-Լավ հայրը նա է, ով…
-Ուշադիր է իր երեխայի նկատմամբ:
-Երեխան ավելի շատ կարիք ունի փողի՞, թե՞ իրեն հատկացված ժամանակի:
-Իրեն հատկացված ժամանակի:
-Կուզենայիք դուետով հանդես գալ…
-Լուիս Միգելի, Ալեխանդրո Սանսի հետ:
-Այս պահին երազում եք…
-Որ մեր երկրում խաղաղություն լինի. դա շատ կարեւոր է, ամեն երեւույթ ուղղակի թե անուղղակի կերպով կապված է դրա հետ: Ուզում եմ նաեւ, որ բոլոր մարդիկ առողջ լինեն, եւ բոլորից միշտ լավ լուրեր լսենք:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԴՍՏԵՐ ԱՌՋԵՎ ՊԱՅՄԱՆ Է ԴՐԵԼ
Երգչուհի Նարե Գրիգորյանը՝ երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի դուստրը, օրերս պաշտոնապես ամուսնացել է։ Երգչուհին եւ մասնագիտությամբ իրավաբան Արամ Շամիլյանն իրենց միությունը գրանցել են քաղաքացիական ակտերի գրանցման վարչությունում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սամվել Գրիգորյանը նշեց, որ հարսանեկան խնջույքը տեղի կունենա ավելի ուշ՝ մոտավորապես աշնանը: Այսինքն՝ խնջույքն ու եկեղեցով պսակադրությունը դեռ առջեւում են: Հայտնի է, որ Սամվել Գրիգորյանը հաճախ հանդես է գալիս որպես հանդիսավար: Մենք հարցրինք՝ հնարավո՞ր է՝ իր դստեր հարսանիքը եւս ինքը վարի. «Միանշանակ ոչ: Ես այդքան օրիգինալ չեմ: Այդ գործը կվստահենք գործընկերներիցս որեւէ մեկին, համոզված եմ՝ ամեն բան լավ կլինի»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Խոսելով դստեր հարսանիքով պայմանավորված էմոցիաների մասին՝ Սամվել Գրիգորյանն անկեղծացավ. «Գիտեք՝ մարդու տեսակը, դաստիարակությունը կամ կրթությունն այստեղ կապ չունեն, ամեն հայր էլ ծանր է տանում այդ պահը: Ընտանիքիդ ամենաքաղցր ու սիրելի «թիքեն» գալիս են տանեն, այդ ինչքա՞ն ամուր պետք է լինես, որ չհուզվես: Բայց քանի որ վստահ եմ, որ դուստրս ապահով ձեռքերում է, հուզմունքս եւ լարվածությունս մեղմվում են»:
Պարզվում է՝ Սամվել Գրիգորյանը դստեր նշանադրությունից առաջ պայման է դրել զույգի առջեւ. «Ես ասել եմ, որ նրանք ապրելու են Հայաստանում: Առհասարակ, բոլոր երիտասարդ ընտանիքներին կոչ եմ անում վերադառնալ Հայաստան»,-ասաց նա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գրիգորյանը ներկայացրեց նաեւ առաջիկա ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ շուտով վերաբացվելու է երեւանյան ակումբներից մեկը, որի տնօրենը ինքն է լինելու: Ինչ վերաբերում է հանդիսավարությանը, ապա մայիսին Կրեմլում կկայանա «Armenian Music World» մրցանակաբաշխությունը, որը ուղիղ եթերում կվարի նաեւ ինքը:
Մեր զրուցակիցը նշեց, որ որպես երգիչ փոքրիկ դադար է վերցրել: Հարցին, թե արդյոք քրոջ՝ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ զուգերգով հանդես գալու ցանկություն չունի, երգիչը պատասխանեց. «Քրոջս հետ երբեւէ դուետ չենք ունեցել, թեեւ նման ցանկություն միշտ եղել է: Ամեն ինչ առջեւում է: Ինձ համար Արմինեն ինքնատիպ երգչուհի է, եւ նրա տեսակը չի փոխարինվի, եթե անգամ դադարի աշխատել»:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼ
Ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Սոն Պեկ Յունը հայտնել է, որ Փհենչհան կայցելեն մեկ միլիոնից ավելի երկրպագուներ ամբողջ աշխարհից: Ըստ օլիմպիական խաղերի հեռարձակման ծառայության տվյալների` Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Փհենչհանի խաղերը: Խաղերի արդյունքներով միագումար կլինեն մեկ միլիոնից ավելի երկրպագուներ:
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Երեւանում գողության դեպք է տեղի ունեցել: Բաղրամյան պողոտայի բնակիչ 34-ամյա Կարեն Գրիգորյանը ոստիկանությանը տեղեկացրել է, որ անհայտ անձը կամ անձինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել: Կ. Գրիգորյանը, որն աշխատում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում որպես դասախոս, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափը պարզվում է: