«Կարինե», «Մորգանի խնամին», «Խաթաբալա», «Ժայռ», «Երկունք», «Բրավո, վիրտուոզ» ֆիլմերից հայտնի դերասան Վրեժ Հակոբյանն արդեն շուրջ երկու տարի է՝ էկրաններին չի երեւում: Վերջին անգամ նա հանդես է եկել «Երանի» հեռուստասերիալում, ավելի վաղ՝ «Դժվար ապրուստ»-ում եւ «Դիմակահանդես»-ում:
«Ժողովուրդ» օրաթերթը դերասանից հարցրեց՝ որն է դադարի պատճառը. «Երեւի ռեժիսորները համապատասխան դեր չեն գտնում, չեն հրավիրում: Որ էկրանին չեմ երեւում, շատերը մտածում են, որ մեկնել եմ երկրից, բայց այդպես չէ: Ուղղակի բանն այն է, որ այսօրվա երիտասարդ ռեժիսորները շատ փորձառու դերասանների չեն էլ ճանաչում, չեն հետաքրքրվում նրանցով, ուր մնաց՝ հրավիրեն նկարահանվելու: Տեսեք, թե ժամանակին ինչ ռեժիսորների հետ եմ աշխատել… Ես էլ այն դերասաններից չեմ, որ գնամ, խնդրեմ, որ նկարահանվեմ: Կկանչեն՝ կգնամ, չէ՝ չէ»,-պատասխանեց նա:
Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Վրեժ Հակոբյանը կերտել է Ռոդրիգոյի («Օթելլո»), Ռոբերտի («Հիշիր վաղվա օրը»), Սերոբի («Ժայռը»), Արտակ Մոկացի («Վարդանանք) դերերը: Իսկ արդեն 1982 թվականին նշանակվել է թատրոնի տնօրեն. «Երբ 65 տարեկանս լրացավ, ըստ օրենքի` չէի կարող թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնել: Ուստի այն ժամանակ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանն առաջարկեց ինձ որեւէ թատրոնում աշխատել: Ես ասացի, որ չեմ ուզենա Սունդուկյան թատրոնում աշխատել, քանի որ հասել էի պիկի, նախընտրեցի ակադեմիական թատրոնից տեղափոխվել մեկ այլ ակադեմիական թատրոն՝ Օպերային թատրոն: Մինչեւ 2013 թվականն այնտեղ աշխատեցի բեմադրական գծով փոխտնօրեն: Հիմա արդեն թատրոնում չեմ աշխատում, տարիքս առել եմ, ուզում եմ հանգստանալ»,- մեկնաբանեց պարոն Հակոբյանը:
Իսկ հարցին, թե հետեւում է արդյո՞ք Օպերային թատրոնի ներկայիս գործունեությանը, դերասանը պատասխանեց. «Լսել եմ, որ նոր բեմադրություններ են անում, թարմացվել է կոլեկտիվի ադմինիստրատիվ մասը, բայց որ ասեմ` հետեւում եմ թատրոնի աշխատանքին, սուտ կլինի»:
Աննա Բաբաջանյան